Skip to main content

Լյարդ - Մարսողական համակարգ

Լյարդը ձեր ամենամեծ ներքին օրգանն է, որը չափահաս մարդկանց մոտ կշռում է շուրջ 1,5 կգ։

Լյարդը գտնվում է ձեր որովայնի վերին աջ կողմում, անմիջապես ստոծանու տակ: Վերջինս մկանային միջնորմ է, որը ձեր կրծքավանդակն առանձնացնում է որովայնից։

Ձեր լյարդը մանգաղաձև կապանի կպման գծով բաժանված է երկու բլթերի՝ մեծ՝ աջ և փոքր՝ ձախ։

Լյարդը մուգ կարմրաշագանակագույն օրգան է, որը պահում է շուրջ կես լիտր արյուն։ Լյարդն արյուն ստանում է ինչպես լյարդային զարկերակով, այնպես էլ դռներակով (պորտալ երակ)։ Լյարդային զարկերակով այս օրգանը ստանում է սրտից արտամղված թթվածնով հարուստ արյուն, իսկ դռներակով՝ ձեր ստամոքս-աղիքային ուղուց եկած և սննդանյութերով հարուստ արյուն։ Դռներակով լյարդ տեղափոխված սննդանյութերերն այս օրգանում ենթարկվում են նյութափոխանակության։

Ի՞նչ է անում լյարդը

Լյարդն իրականացնում է ավելի քան 500 գործառույթ, այդ թվում՝

  • սննդով ստացված սննդանյութերի փոխանակություն
  • էներգիայի պահեստավորում՝ գլյուկոզի փոխակերպում գլիկոգենի
  • օրգանիզմի նյութափոխանակության արգասիքների, թունավոր նյութերի և բակտերիաների զտում և վնասազերծում (դետոքսիկացիա)
  • ալկոհոլի փոխանակություն
  • որոշ սպիտակուցների և ճարպերի, այդ թվում՝ խոլեստերինի արտադրություն և դրանց նյութափոխանակության հսկողություն
  • երկաթի պահեստավորում
  • որոշ վիտամինների, այդ թվում վիտամին A-ի արտադրություն
  • արյան մակարդելիության գործընթացներին մասնակցություն, ինչպիսիք են ֆիբրինոգենը և պրոթրոմբինը
  • ձեր ընդունած դեղամիջոցների և հավելումների փոխանակություն։

Լեղի

Լյարդը նաև արտադրում է լեղի՝ դեղնականաչավուն հեղուկ, որը կազմված է ջրից, լեղային աղերից և բիլիռուբին կոչվող գունանյութից։ Լեղին արտադրվում է լյարդաբջիջների կողմից և ներլյարդային խողովակների և ծորանների համակարգով հասնում լյարդային ծորան, որտեղից տեղափոխվում և պահեստավորվում է լեղապարկում և լեղածորանով մուտք է գործում տասներկումատնյա աղի։

Լեղին մասնակցում է տասներկումատնյա աղում սննդով ստացված ճարպերի քայքայման գործընթացին, ինչպես նաև ակտիվացնում է ենթաստամոքսային և աղիքային հյութերի ֆերմենտները, ինչպիսին է լիպազը։ Լեղին նաև մասնակցում է օրգանիզմից որոշ արգասիքների հեռացմանը. օրինակ, բիլիռուբինը ստեղծվում է քայքայված հեմոգլոբինից։

Լյարդի ախտահարումը և վնասումը

Լյարդը յուրահատուկ օրգան է, որը շարունակում է գործել, քանի դեռ չի կորցրել իր բջիջների 80-90%-ը։ Լյարդն ունի նաև ինքնավերականգնման ունակություն։

Սակայն, որոշ թույներ, ինչպիսին է ալկոհոլը և հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտները, կարող են խաթարել լյարդից լեղու արտահոսքը և բերել լյարդի կայուն ախտահարման։ Լյարդի ախտահարման դեպքում հիվանդության նշանները և ախտանիշները կարող են ի հայտ գալ այս օրգանի միայն ծանր ախտահարման փուլում։

Լյարդային հիվանդության նշաններն ու ախտանիշները

Լյարդի հնարավոր ախտահարման կամ ոչ նորմալ գործունեության մասին վկայող նշաններից մեկը դեղնուկն է, որի ժամանակ ձեր մաշկը, աչքի սպիտապատյանը և լորձաթաղանթները ստանում են դեղին երանգավորում։

Լյարդի ախտահարման ժամանակ զարգացող այլ ախտանիշներից են՝

  • մշտական «լյարդային» քոր
  • ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
  • սրտխառնոց
  • ախորժակի անկում
  • երբեմն՝ ասցիտ, երբ որովայնի խոռոչում կուտակվում է հեղուկ կամ որովայնային ցավեր
  • դեղնուկին ուղեկցող մեզի մգացում և կղանքի գունազրկում։

Լյարդի հետ կապված հիվանդություններ

Լյարդի ախտահարմամբ ընթացող հիմնական հիվանդություններն են՝

  • վիրուսներով պատճառված հիվանդություններ, ինչպիսիք են վիրուսային հեպատիտ A, հեպատիտ B և հեպատիտ C
  • թմրամիջոցներով, թույներով կամ ալկոհոլի մեծ քանակներով պատճառված հիվանդություններ, ինչպիսիք են ճարպային հեպատոզ և լյարդի ցիռոզ
  • լյարդի քաղցկեղ
  • ժառանգական հիվանդություններ, ինչպիսիք են հեմոքրոմատոզ և Վիլսոնի հիվանդություն։

Լյարդի գործունեության հետազոտություն

Լյարդի հիմնական գործունեությունը ստուգվում է արյան լաբորատոր թեստով։ Լյարդային թեստերը կարող են նշանակվել, որ ստուգվի արյան մեջ լյարդի կողմից արտադրվող տարբեր սպիտակուցների, ֆերմենտների (էնզիմներ) և բիլիռուբինի մակարդակները։

Վիրուսային հեպատիտների կասկածի դեպքում կամ դրանք բացառելու համար բժիշկը կարող է նաև նշանակել արյան այլ հետազոտություններ, օրինակ՝ վիրուսի հայտնաբերման պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ):

Լյարդի հետ կապված խնդիրների հայտնաբերման համար սովորաբար նշանակվում են նաև պատկերային հետազոտություններ, այդ թվում՝

  • գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)
  • մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
  • համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):

Լյարդի քաղցկեղի և լյարդի ծանր ախտահարմամբ ընթացող հիվանդություների ախտորոշման կամ տարբերակիչ ախտորոշման նպատակով հազվադեպ օգտագործվում է նաև լյարդի բիոպսիա, երբ ձեր բժիշկը բարակ երկար ասեղով ձեր լյարդից վերցնում է փոքր հյուսվածքային նմուշ:

Ինչպե՞ս ձեր լյարդը պահել առողջ

Ձեր լյարդն առողջ պահելու համար՝

  • խուսափեք ոչ անհրաժեշտ դեղեր ընդունելուց
  • որևէ կասկածի դեպքում հետազոտվեք հեպատիտ C-ի նկատմամբ
  • ալկոհոլ օգտագործեք խելամտորեն
  • ուշադիր եղեք, որպեսզի չշնչեք աերոզոլային մաքրիչներով, ներկային սփրեյներով և այլ քիմիական թունավոր նյութերով աղտոտված օդ
  • պատվաստվեք հեպատիտ A և B-ի դեմ
  • եթե դաջվածքի (տատուի) սիրահար եք, հոգ տարեք, որ դա արւ միայն ստերիլ և միանգամյա օգտագործման պարագաներով
  • սնվեք առողջ մթերքներով
  • եղեք ֆիզիկապես ակտիվ
  • խուսափեք անձնական օգտագործման պարագաների համատեղ օգտագործումից՝ սանր, ածելի, եղունգների խնամքի պարագաներ, ատամի խոզանակ, սրբիչ և այլն
  • հաճախակի լվացեք ձեր ձեռքերը
  • օգտագործեք միայն մաքուր օդ
  • հրաժարվեք ապօրինի թմրամիջոցներից, առավել ևս՝ ներարկային թմրամիջոցներից կամ ներարկման պարագաների համատեղ օգտագործումից
  • պահեք ձեր մարմնի քաշն առողջ միջակայքում
  • մի՛ ծխեք
  • վարեք առողջ սեռական կյանք
  • պարբերաբար ստուգեք ձեր լյարդային ցուցանիշները։

Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024