Ավշային (լիմֆատիկ) հանգույցները կամ գեղձերը ձեր օրգանիզմի իմունային համակարգի բաղարիչն են։
Դրանք ձեր օրգանիզմը զտում են վնասակար նյութերից (օրինակ՝ բակտերիաներ և քաղցկեղային բջիջներ) և օգնում են վարակների դեմ պայքարին: Ավշային հանգույցները նաև կարևոր նշանակություն են ստանում քաղցկեղների ախտորոշման, բուժման և կանխատեսման մեջ։
Ի՞նչ են ավշային հանգույցները
Ավշային հանգույցները փոքր չափսի հյուսվածքային կուտակումներ են, որոնք պարունակում են արյան բջիջներ։ Վերջիններս պայքարում են վարակի դեմ։ Այս հանգույցները զտում են ավիշը, որը կազմված է հեղուկից և ձեր հյուսվածքներից առաջացած արգասիքային նյութերից։ Ավշային հանգույցները նաև ակտիվացնում են ձեր իմունային համակարգը, երբ դուք ունեք որևէ վարակ։
Որտե՞ղ են տեղակայված ավշային հանգույցները
Ավշային հանգուցներ կան ձեր մարմնի բոլոր տեղամասերում, ներառյալ՝ պարանոց, թևատակեր (անութ), աճուկ, ձեր աղիների շրջակայք, թոքերի միջև և այլն։ Ավշային հանգույցները հավաքում են ավշային հեղուկը մոտակա օրգաններից կամ հյուսվածքներից։
Ինչպե՞ս են ավշային հանգույցները զտում ավշային հեղուկը
Ավշային հեղուկը ձեր հանգույցներ հասնում է բարակ ավշային անոթների միջոցով։ Հանգույցներում այս հեղուկը զտվում է վնասակար և արգասիքային նյութերից։ Հանգույցներում կան իմունային բջիջներ՝ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) առանձին տեսակ համարվող լիմֆոցիտներ, որոնք կարող են քայքայել ուռուցքային բջիջները և բակտերիաները։
Այնուհետև զտված ավշային հեղուկը վերադառնում է ձեր արյան շրջանառություն։
Եթե դուք ունեք որևէ վարակ կամ քաղցկեղ, ձեր ավշային հանգույցը կարող է այտուցվել ու մեծանալ։ Եթե դուք անհանգստացած եք ձեր հանգույցներով, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ։
Ավշային հանգույցները և քաղցկեղը
Երբեմն քաղցկեղը կարող է սկսվել ավշային հանգույցներում (օրինակ՝ լիմֆոմայի դեպքում), բայց ավելի հաճախ քաղցկեղի այլ տեսակներ կարող են տարածվել և մարմնի որևէ շրջանից հասնել մոտակա հանգույցներ։
Եթե որևէ մեկն ունի քաղցկեղ, բժիշկն ուշադրությամբ զննում է նրա ավշային հանգույցները, որպեսզի ստուգի, թե արդյոք դրանք ախտահարված են (այլ կերպ ասած՝ արդյոք քաղցկեղը հասել է այդ հանգույցներ)։ Բժիշկն ավշագեղձերը ստուգում է տարբեր մեթոդներով, օրինակ՝
- շոշափում է մարմնի բոլոր տեղամասերի հանգույցները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղցկեղի տեղակայմանն ավելի մոտ ընկած շրջանների վրա (օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ առաջին հերթին շոշափում է պարանոցի և թևատակի հանգույցները)
- նշանակում է պատկերային հետազոտություն, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
- հեռացնում է քաղցկեղին մոտ գտնվող հանգույցները և ուղարկում հյուսվածաբանական հետազոտության
- նշանակում քաղցկեղին մոտ գտնվող հանգույցերի բիոպսիա և վերցված նմուշն ուղարկում հյուսվածաբանական հետազոտության։
Սա արվում է, որ ստուգվի, թե արդյոք քաղցկեղը տարածվել է, թե ոչ։ Նման հետազոտություններն օգնում են բժշկին, որպեսզի նա ընտրի ձեզ համապատասխանող ամենաարդյունավետ բուժումը։
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023