Տղամարդկանց կամ արական վերարտադրողական համակարգը կազմված է արտաքին (առնանդամ, ամորձիներ և փոշտ) և ներքին սեռական օրգաններից (շագանակագեղձ, սերմնածորաններ, սերմնաբշտեր և միզուկ):
Տղամարդկանց պտղաբերությունը և սեռական առանձնահատկություններն ուղղակիորեն կախված են արական վերարտադրողական համակարգի նորմալ գործունեությունից, ինչպես նաև գլխուղեղում արտադրվող հորմոններից:
Օրգաններ և գործառույթներ
Արական վերարտադրողական համակարգը պատասխանատու է տղամարդկանց վերարտադրողականության համար: Այն կազմված է հետևյալ մասերից:
- Առնանդամ, որը կազմված է սպունգային հյուսվածքից և պարունակում է անձավային և սպունգային մարմիններ: Սեռական դրդման ժամանակ առնանդամի խորշիկային մարմինները լցվում են արյունով, որի արդյունքում օրգանը պնդանում և լարվում է` առաջացնելով էրեկցիա: Առնանդամի մեջ գտնվում է միզուկը, որի լուսանցքով տեղափոխվում են ինչպես մեզը, այնպես էլ սերմնահեղուկը (սպերմա): Այսպիսով, առնանդամը մասնակցում է և՛ սեռական հարաբերությանը, և՛ միզելուն:
- Փոշտ, որն առնանդամի ետևում գտնվող մաշկային պարկ է և իր մեջ պահում է ամորձիները:
- Ամորձիներ, որոնք փոշտում տեղակայված զույգ ձվաձև գեղձեր են: Ամորձիներն արտադրում են սերմնահեղուկ և տեստոստերոն հորմոն: Վերջինս գլխավոր արական սեռական հորմոնն է:
- Մակամորձի, որը տեղակայված է ամորձու ետին եզրին և կազմված է ամորձացանցից ծագող խիստ ոլորված 12-15 արտատար ծորանիկներից, որոնցից ամենավերինը և ամենաերկարը (մակամորձու ծորան, 3-4 մ) վերածվում է սերմնածորանի: Ամորձիներում արտադրված սպերմատոզոիդներն անցնելով մակամորձիներով հասունանում են և ձեռք բերում իրենց շարժունակության («պոչով լողալու) ունակությունը:
- Սերմնածորան, որը հաստ պատով խողովակ է: Հասունացած սպերմատոզոիդներ պարունակող սերմնահեղուկը սերմնածորաններով մակամորձուց տեղափոխվում է դեպի շագանակագեղձ և միզուկ:
- Սերմնաբշտեր, որոնք համարվում են սպերմատոզոիդների պահեստ և արտադրում են հեղուկ, որի շնորհիվ այս բջիջները մնում են կենսունակ և վերջնականապես հասունանում են։ Սերմնաբշտիկների ծորանը միանում է նույն կողմի սերմնածորանին և շագանակագեղձի սահմանում բացվում միզուկի մեջ։
- Շագանակագեղձ (պրոստատա), որը շագանակի նմանվող գեղձամկանային կենտ օրգան է՝ տեղակայված կոնքի խոռոչում, միզասեռական ստոծանու վրա, միզապարկից ցած և առաջ: Շագանակագեղձը շրջագրկում է միզապարկի վզիկը և միզուկի սկզբնական հատվածը: Շագանակագեղձն արտադրում է կաթնագույն թանձր արտազատուկ, որը կազմում է սերմնահեղուկի բաղադրության մեծ մասը և պահպանում սպերմատոզոիդների կենսունակությունը։ Շագանակագեղձի մկանային մասը ծառայում է որպես միզուկի ներքին սեղման և կանխում է մեզի արտահոսքը սերմնաժայթքման պահին:
- Միզուկ, որը սկսվում է միզապարկից և վերջանում առնանդամի գլխիկի վրա գտնվող արտաքին բացվածքով: Միզուկով արտահոսում է ինչպես մեզը, այնպես էլ սերմնահեղուկը։
Արական վերարտադրողական գործընթացներում կարևոր նշանակություն ունի նաև գլխուղեղը, որի հորմոնները վերահսկում են սեռական հորմոնների ազատումը դեպի արյան հուն:
Ի՞նչը կարող է սխալ ընթանալ
Օրգանիզմի մյուս օրգան-համակարգերի նման արական վերարտադրողական համակարգը նույնպես կարող է ախտահարվել և առաջացնել տղամարդու սեռական առողջության տարբեր խնդիրներ, այդ թվում՝
- անպտղություն
- միզակապություն
- շագանակագեղձի հիվանդություններ
- էրեկտիլ դիսֆունկցիա կամ իմպոտենցիա (բավարար էրեկցիայի հասնելու անկարողություն)
- սեռական ցանկությունների կամ լիբիդոյի կորուստ
- հորմոնային պակաս
- ամորձիների քաղցկեղային հիվանդություններ:
Եթե ձեզ մոտ նկատել եք որևէ խնդիր կամ ախտանիշ, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին: Վաղ բուժումը հաճախ թույլ է տալիս խուսափել երկարաժամկետ լուրջ խնդիրներից:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 06-11-2023