Skip to main content

Նյարդային համակարգ - Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կառավարում է ձեր մարմնի գործառույթների մեծ մասը:

Այն թույլ է տալիս, որ դուք քայլեք, խոսեք, կուլ տաք, շնչեք կամ ինչ-որ բան սովորեք, ինչպես նաև վերահսկում է, թե ինչպես է ձեր օրգանիզմը պատասխանում անհետաձգելի իրավիճակներին:

Ձեր նյարդային համակարգը կազմված է հետևյալ երկու հիմնական բաժիններից՝

  • կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ), որն իր հերթին կազմված է գլխուղեղից և ողնուղեղից
  • ծայրամասային (պերիֆերիկ) նյարդային համակարգ (ԾՆՀ), որը կազմված է ԿՆՀ-ն ձեր մարմնի մյուս շրջանների հետ կապող նյարդերից:

Նյարդերը կազմված են նյարդային բջիջներից, որոնց անվանում են նեյրոններ: Յուրաքանչյուր նեյրոն ունի մարմին, աքսոն (ոտիկ) և բազմաթիվ դենդրիտներ (այլ բջիջների հետ կապեր): Դենդրիտները հավաքում են այլ բջիջներից ստացված տեղեկատվությունը, որն ուղարկում նեյրոնի մարմին, մինչդեռ աքսոնը նեյրոնի մարմնից տեղեկատվությունը փոխանցում է դեպի մարմնի այլ շրջաններում գտնվող այլ բջիջներ:

Ի՞նչ գործառույթներ է կատարում նյարդային համակարգը

Ձեր գլխուղեղը ողնուղեղի և ԾՆՀ-ի միջոցով «հաղորդագրություններ» է ուղարկում, որ՝

  • կառավարի ձեր ձեռքերի և ոտքերի շարժումները
  • կառավարի ձեր օրգանիզմի ինքնաբուխ գործառույթները, օրինակ՝ ձեր սրտի, օրգանների, ներզատական (էնդոկտրի) և այլ գեղձերի գործունեությունը:

Նյարդային համակարգը նաև իրականացնում է տեսողության, լսողության, հոտի, համի և հպման զգացողությունների առաջացումը և կառավարումը: Հատուկ նյարդային բջիջները տեղեկատվություն են մակածում ձեր աչքերում, ականջներում, քթում, լեզվի և մաշկի վրա, որն էլ ուղարկվում է դեպի գլխուղեղ:

Գլխուղեղը, որը հանդիսանում է նյարդային համակարգի կենտրանական մասը, ստեղծում է ձեր մտքերը, հույզերը և զգացողությունները, ինչպես նաև կառավարում է ձեր մարմնի գործառույթների մեծ մասը, ներառյալ այն, թե ինչ եք խոսում, տեսնում, լսում, զգում և այլն:

Նյարդային համակարգի հիվանդությունները

Կան հազարավոր վիճակներ, որոնք սկսվում կամ ազդում են նյարդային համակարգի վրա, այդ թվում՝

  • դեգեներատիվ հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն, Ալցհեյմերի հիվանդություն և ցրված սկլերոզ
  • ինսուլտ
  • գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքներ, ինչպիսին է գլխուղեղային տրավան
  • ցնցումային հիվանդություններ և էպիլեպսիա
  • նորագոյացություններ, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքներ
  • վարակներ, օրինակ՝ մենինգիտ
  • միգրեններ:

Ի՞նչ ախտանիշներ կարող են առաջանալ

Կան նյարդային համակարգի հետ կապված որևէ խնդրի առկայության մասին «հուշող» տարբեր ախտանիշներ՝

  • գլխացավեր
  • մշուշոտ տեսողություն կամ տեսողության այլ խանգարումներ
  • թուլություն և հոգնածության զգացում
  • վարքագծային փոփոխություններ
  • վերջույթների թմրածություն
  • հավասարակշռության խանգարումներ
  • մկանային ուժի թուլություն կամ կորուստ
  • աղավաղված խոսք
  • դող և տրեմոր
  • հուզական խնդիրներ
  • հիշողության կորուստ (ամնեզիա):

Շատ կարևոր է, որ ձեզ մոտ այս ախտանիշներից մեկնումեկն առաջանալիս առանց հետաձգելու դիմեք բժշկական օգնության:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023