Նյարդամկանային (նեյրոմուսկուլյար) համակարգը ներառում է մարմնի մկանները և դրանք գործի դնող «շարժիչ» նյարդերը:
Ձեր մարմնի ցանկացած շարժում պահանջում է գլխուղեղի և մկանների միջև հաղորդակցություն: Նյարդային համակարգն ապահովում է մտքերի և գործողությունների միջև փոխկապվածությունը: Այս համակարգով գլխուղեղից դեպի մկաններ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանները հաղորդվում են այնքան արագ, որ դուք նույնիսկ չեք հասցնում դրանք նկատել:
Գործելով միասին, նյարդերն ու մկանները կազմում են ձեր նյարդամկանային համակարգը, որը թույլ է տալիս ձեր կամքով և ցանկությամբ շարժել ձեր մարմինը կամ դրա առանձին մասերը: Այս համակարգի օգնությամբ դուք կատարում եք նաև ակամա գործողություններ, որոնց մասին նույնիսկ չեք էլ մտածում (օրինակ՝ շնչառությունը):
Ինչպե՞ս է նյարդամկանային համակարգը գործում
Նյարդերը կազմված են նյարդային բջիջներից, որոնք կոչվում են նեյրոններ: Նեյրոններն ազդանշանները տեղափոխում են գլխուղեղից ողնուղեղի միջոցով դեպի տարբեր օրգան-համակարգեր: Դեպի մկաններ այս ազդանշանները տեղափոխող նեյրոնները կոչվում են շարժիչ (մոտոր):
Յուրաքանչյուր շարժիչ ներյոն ունի մկանաթելին խիստ մոտիկ գտնվող վերջավորություն: Այս ամբողջականությունը կոչվում է նյարդամկանային կապ, որի միջոցով էլ տեղի է ունենում նյարդամկանային հաղորդականությունը, երբ շարժիչ նեյրոնն արտազատում է քիմիական նյութ, որի ազդեցությամբ մկանաթելը կծկվում է: Նույն և տարբեր խմբերի բազմաթիվ մկանաթելերի ներդաշնակ կծկումներով էլ ապահովվում է տարբեր մկանների համահունչ կծումը և մարմնի շաժումը:
Նյարդամկանային համակարգն ախտահարող հիվանդություններ
Բազմաթիվ տարբեր հիվանդություններ կարող են ազդել նյարդամկանային հաղորդականության վրա: Ընդունված է այս ախտահարումներն առանձնացնել որպես նյարդամկանային հիվանդություններ:
Նյարդամկանային ամենահայտնի հիվանդություններից են՝
- նեյրոպաթիաներ կամ նյարդերի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ շարժիչ նեյրոնների հիվանդություն
- միոպաթիաներ կամ մկանների հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մկանային դիստրոֆիա
- նյարդամկանային աուտոիմուն հիվանդություններ, օրինակ՝ միասթենիա գրավիս կամ ցրված սկլերոզ:
Նյարդամկանային որոշ հիվանդությունների ժամանակ ախտահարված կամ վնասված նյարդերը ազդակները չեն տեղափոխում գլխուղեղից դեպի մկաններ: Այլ դեպքերում ախտահարվում են մկանները և վերջիններս չեն ստանում շարժիչ նեյրոններից եկող ազդանշանները կամ չեն կարողանում ստացված ազդանշաններին համարժեք պատասխանել տալ:
Երկու դեպքում էլ մարդու մոտ կարող են զարգանալ այնպիսի գանգատներ, ինչպիսիք են՝ հոգնածություն, մկանային թուլություն, մկանացավ, մկանային ջղաձգումներ և այլն: Այս ախտանիշներն ավելի հաճախ հանդիպում են վերջին և ստորին վերջույթներում, քան մարմնի այլ շրջաններում:
Ծանր դեպքերում նյարդամկանային հիվանդությունները կարող են բերել կլման ակտի, խոսքի և շնչառության հետ կապված դժվարությունների:
Նյարդամկանային հիվանդությունների բուժումը գլխավորապես ուղղված է գանգատների մեղմացմանը և կյանքի որակի բարելավմանը, սակայն բազմաթիվ դեպքերում որևէ արդյունավետ բուժում գոյություն չունի:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-03-2020
Վերջին վերանայում՝ 17-03-2023