Ձեր քիթը հոտառության համար պատասխանատու գլխավոր օրգանն է, իսկ ձեր ըմպանը ապահովում է սնունդն ու հեղուկներն ապահով կուլ տալը:
Քիթն ու ըմպանն ունեն նաև այլ գործառույթներ, օրինակ՝ օդի տեղափոխումը դեպի թոքեր:
Քիթը, կոկորդը և ականջները միմյանց հետ փոխկապված օրգաններ են, ուստի դրանցից մեկում առաջացող խնդիրը կարող է տարածվել դեպի մյուս երկուսը:
Ինչպե՞ս է ձեր քիթը գործում
Երբ դուք ներշնչում եք, ձեր քիթը՝
- մաքրում է օդը օտար մասիկներից (օրինակ՝ փոշի)
- տաքացնում և խոնավացնում է օդը՝ մինչև այն կհասնի ձեր թոքեր:
Այս գործառույթներն իրականացվում են քթային անցուղիների և ըմպանի լուսանցքը պատող բարակ խոնավ լորձաթաղանթի օգնությամբ:
Ձեր քթի լորձաթաղանթի բջիջները նաև զգում են հոտերը և գլխուղեղ ուղարկում ազդանշաններ, որի շնորհիվ դուք զգում և միմյանցից տարբերում եք տարբեր հոտերը:
Ինչպե՞ս է ձեր ըմպանը գործում
Ձեր ըմպանը (ֆարինքս) տեղակայված է քթի և բերանի ետևում: Այն կապված է ինչպես քթի, այնպես ել բերանի խոռոչի հետ:
Ըմպանը մկանային խողովակ է, որը տեղափոխում է ինչպես սնունդ և հեղուկ, այնպես էլ օդ: Երբ դրանք ըմպանով իջնում են ներքև, հանդիպում են երկու ելքի՝ դեպի կերակրափող կամ դեպի կոկորդ:
Կերակրափողը մկանային խողովակ է, որն ըմպանը միացնում է ստամոքսի հետ: Կերակրափողը դեպի ստամոքս տեղափոխում է մեր ընդունած սնունդը և հեղուկները:
Կոկորդը տեղափոխում է օդ: Կոկորդում են տեղակայված նաև ձեր ձայնալարերը, որոնք առաջացնում են ձայն և ապահովում ձեր խոսքը: Կոկորդի միջով օդը մտնում է շնչափող, որից հետո՝ բրոնխներով դեպի թոքեր:
Բնական է, որ վերոնշյալ խաչվող ուղիներում օդը և սնունդը պետք է որևէ կերպ միմյանցից առանձնանան: Սա կատարվում է մակկոկորդի միջոցով, որը ձեր ըմպանի ետևում տեղակայված և կոկորդի մուտքի վրա կախված փոքր աճառ է: Այն փակում է կոկորդը, երբ դուք կուլ եք տալիս սնունդը կամ հեղուկները: Ահա թե ինչու կուլ տալու պահին ձեր շնչառությունը մի պահ դադարում է:
Քթի և ըմպանի հետ կապված խնդիրներ
Այն, որ ձեր քիթն ու ըմպանը, քթի հարակից խոռոչները (սինուսներ) և ականջները միմյանց հետ կապված են, նշանակում է, որ հեղուկները և վարակը կարող են մի շրջանից տեղափոխվել մյուսը: Դա է պատճառը, որ ընդհանուր մրսածությունը և ՍՇՎՎ կարող են վերածվել հարքթային խոռոչների (սինուսիտ), ըմպանի (ֆարինգիտ) կամ ականջի վարակային բորբոքման:
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր ախտանիշները շարունակվում են մեկ շաբաթից ավելի կամ դուք ունեք այլ գանգատներ ևս, օրինակ՝ ջերմություն կամ մաշկային ցան:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023