Ենթաստամոքսային գեղձը կամ պանկրեասը բարակ և 15 սմ երկարությամբ օրգան է, որը տեղակայված է ձեր ստամոքսի ետևում և լյարդի տակ:
Այն համարվում է կենսական օրգան, քանի որ ունի երկու անփոխարինելի գործառույթ՝ օգնում է մարսողությանը և արյան շաքարի մակարդակի կարգավորմանը:
Ի՞նչ է անում ենթաստամոքսային գեղձը
Ենթաստամոքսային գեղձի բջիջների մեծ մասն արտադրում և ծորանով դեպի բարակ աղիների սկզբնամաս՝ 12-մատնյա աղի է արտազատում մարսողական ֆերմենտներ պարունակող հյութ: 12-մատնյա աղիքում մարսողական ֆերմենտները ճեղքում են սննդանյութերը՝ դարձնելով դրանք արյան մեջ ներծծվելու համար պատրաստ:
Որպես մարսողական գեղձ, ենթաստամոքսային գեղձի հյութը պարունակում է հետևյալ ֆերմենտները՝
- տրիպսին, որը սպիտակուցները ճեղքում է մինչև ամինաթթուների
- ամիլազ և մալթազ, որոնք ավարտին են հասցնում բերանի խոռոչում սկսված ածխաջրերի ճեղքումը
- լիպազ, որը ճարպերը ճեղքում է մինչև ճարպաթթուների և գլիցերինի
- նուկլեազ, որը ճեղքում է նուկլեինաթթուները։
Ձեր ենթաստամոքսային գեղձի շատ փոքր մասը հանդես է գալիս որպես ներզատական գեղձ և արտադրում է հորմոններ, որոնք օգնում են արյան գլյուկոզի մակարդակի կարգավորմանը: Այս մասն ունի ալֆա բջիջներ, որոնք արտադրում են գլյուկագոն, և բետա բջիջներ, որոնք արտադրում են ինսուլին: Գլյուկագոնը և ինսուլինը միասին օգնում են, որպեսզի ձեր արյան գլյուկոզը մնա ճիշտ մակարդակի վրա:
Ենթաստամոքսային գեղձի հիմնական հիվանդությունները
Ենթաստամոքսային գեղձն ախտահարող հիմնական հիվանդություններից են՝
- պանկրեատիտ, որն այս գեղձի բորբոքումն է և կարող է զարգանալ լեղաքարային հիվանդության և ալկոհոլիզմի պատճառով
- շաքարային դիաբետ, երբ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները քայքայվում են և գեղձը չի հասցնում արտադրել այնքան ինսուլին, որ կարողանա հսկել արյան շաքարի մակարդակը
- ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզ, որը կապված է պնդացած լորձի և մարսողական հյութի ծորանի խցանման հետ, որի պատճառով մարսողական ֆերմենտները չեն հասնում 12-մատնյա աղի
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Կախված ենթաստամոքսային գեղձի հիվանդությունից, ախտանիշները ներառում են՝
- ստամոքսի շրջանի ցավեր, որոնք գոտևորող բնույթի են և տարածվում են դեպի ձախ, ինչպես նաև ուղեկցվում որովայնի պատի լարվածությամբ
- սրտխառնոց
- ախորժակի անկում
- դեղնուկ (մաշկի և աչքերի դեղնություն)
- խիստ տհաճ հոտով կղանք
- ջերմություն
- մարմնի քաշի կորուստ:
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններն ախտորոշելու համար բժիշկը կարող է ձեզ նշանակել կղանքի և արյան թեստեր, էնդոսկոպիա (էնդոսկոպիկ հետադարձ խոլեանգիոպանկրեատոգրաֆիա), գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ համակարգչային շերտագիր (ԿՏ):
Ինչպե՞ս ձեր ենթաստամոքսային գեղձը պահել առողջ
Ենթաստամոքսային գեղձն առողջ պահելու համար կարևոր են ինչպես սննդակարգը, այնպես էլ ապրելակերպը, օրինակ՝
- ալկոհոլի սահմանափակումը կամ դադարեցումը կարող է նվազեցնել պանկրեատիտի և դիաբետի ռիսկերը
- եթե ծխող եք, ապա ծխախոտից հրաժարվելը կարող է նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը (ծխող մարդկանց շրջանում այս քաղցկեղը հանդիպում է 2-3 անգամ ավելի հաճախ, քան չծխողների մոտ):
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023