Գուցե դուք չեք մտածել այս հարցի շուրջ կամ ձեր մտքով չի անցել, սակայն մաշկը նույնպես առանձին օրգան է:
Ընդ որում, մաշկը ձեր ամենամեծ օրգանն է. առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, այն կշռում է ամբողջ մարմնի քաշի 20%-ը, իսկ ենթամաշկի հետ միասին՝ ավելի քան 50%-ը։ Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, իսկ հաստությունը՝ մինչև 4 մմ։
Մաշկի մասին որոշակի գիտելիքներ իմանալը մեծապես կօգնի, որպեսզի ձեր մաշկային ծածկույթի խնամքին ավելի մեծ դեր հատկացնեք:
Մաշկի կառուցվածքը
Մաշկն ունի երեք շերտ՝
- վերնամաշկ (էպիդերմիս), որը հանդես է գալիս որպես անջրաթափանց պատնեշ և պարունակում է բջիջներ (մելանոցիտներ), որոնք գունավորում են ձեր մաշկը
- բուն մաշկ (դերմիս), որը պարունակում է խիտ շարակցական հյուսվածք, մազարմատներ և քրտնագեղձեր
- ենթամաշկ (հիպոդերմիս), որը պարունակում է ճարպաբջջանք և շարակցական հյուսվածք:
Էպիդերմիսն ու դերմիսն միմյանցից սահմանազատված են հիմային թաղանթով։
Մաշկի գործառույթները
- Մաշկը ձեզ պաշտպանում է արտաքին միջավայրից, այդ թվում՝ եղանակային պայմաններից: Այն նաև ներկայացված է ձեր օրգանիզմի իմունային համակարգի մեջ և շատ անգամ հանդիսանում է վարակների հարուցիչների և օտարածին մոլեկուլների դեմ պայքարի «առաջին գիծը», ընդ որում, ոչ միայն որպես ֆիզիկական պատնեշ, այլև որպես ակտիվ իմունային պատասխաններին անմիջականորեն մասնակից:
- Մաշկն օգնում է ձեր մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը: Օրինակ, մարմնի ջերմաստիճանը բարձրանալիս արյան հոսքը դեպի մաշկ ուժեղանում է, մաշկը սկսում է «բաց թողնել» ավելի շատ ջերմություն՝ օգնելով մարմնի ջերմության նվազեցմանը: Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը նաև քրտնարտադրության միջոցով:
- Մաշկը ձեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու ձեր զգացողությունների շրջանակը՝ տաքություն, սառնություն, հպում, ցավ և վիբրացիա:
- Մաշկն անջրաթափանց է և թույլ չի տալիս, որ սննդանյութերը ձեր մարմնից «հոսեն դուրս»:
- Վերջապես, մաշկը կլանում է արյան ուլտրամանուշակագույն ճառագայթները և արտադրում վիտամին D:
Մաշկի քաղցկեղ
Մաշկի քաղցկեղը զարգանում է, երբ նրա բջիջները վնասվում են, օրինակ, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ քանակներից:
Մաշկի ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդություններն են՝
- մելանոմա
- հիմնային (բազալ) բջիջների կարցինոմա
- լորձային բջիջների կարցինոմա:
Եթե ցանկանում եք արևաբուժում ընդունել, նախապես զրուցեք ձեր բժշկի հետ:
Ինչպե՞ս ձեր մաշկը պահել առողջ
Ձեր մաշկն առողջ պահելու համար՝
- պաշտպանեք ձեր մաշկն արևից
- մի՛ ծխեք
- խնամեք ձեր մաշկը և պահեք այն խոնավ
- դարձրեք ձեր սննդակարգն առողջ
- կառավարեք ձեր սթրեսը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023