Ստամոքսը մարսողական խողովակի պարկաձև լայնացում է, որը հավաքում է կերակրափողով եկած սնունդը և իրականացնում մարսողության գործընթացի առաջին փուլերը։
Մասնավորապես, ստամոքսը կերակրանյութի կոշտ մասերը վերածվում է հեղուկ կամ շիլայանման խառնուրդի։
Ստամոքսը տեղավորված է ստոծանու տակ։ Նրա մեծ մասը գտնվում է միջին գծից ձախ։ Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ։
Ստամոքսն ունի առաջային և հետին պատեր։ Ստամոքսի գոգավոր, վեր ու աջ դարձած եզրը կոչվում է փոքր կորություն, իսկ ցած ու ձախ դարձած կոր եզրը՝ մեծ կորություն։ Փոքր կորության վրա, ավելի մոտ ստամոքսի ելքին, քան մուտքին, նկատվում է մի կտրուճ, որտեղ փոքր կորության երկու հատվածները միանում են՝ կազմելով սուր անկյուն։
Ստամոքսը բաժանում են հետևյալ մասերի՝
- ստամոքսամուտք, որը կերակրափողի բացվելու տեղն է
- կարդիալ շրջան, որը ստամոքսամուտքի հարակից շրջանն է
- ստամոքսաելք, որը 12-մատնա աղու սկսման տեղն է
- պիլորուս, որը ստամոքսաելքի հարակից շրջանն է
- հատակ (ֆունդուս), որը ստամոքսամուտքից ձախ ընկած գմբեթաձև մասն է
- թաղ (ֆորնիքս):
Մարդկանց ստամոքսի հատակից մինչև ֆիզիոլոգիական սեղմիչն ընկած տարածությունը կոչվում է ստամոքսի մարմին։ Մարմնի ու հատակի շրջանում գտնվող գեղձերն արտադրում են աղաթթու և մարսողությանը նպաստող ֆերմենտներով հարուստ լորձ։ Օրվա ընթացքում չափահաս մարդու ստամոքսում արտադրվում է 1,5-2,5 լ ստամոքսահյութ, որի շնորհիվ կերակրանյութը վերածվում է ջրալի խյուսի։ Հյութազատության բնույթը, հյութի քանակը և բաղադրությունը պայմանավորված են սննդի տեսակով, որակով ու չափով։ Ամենաշատ ստամոքսահյութ արտադրվում է միսը, մսեղենը, ավելի քիչ` կաթը, կաթնամթերքը և ամենաքիչը` հացը մարսելու համար։
Ստամոքսի պատը կազմված է 4 շերտից, որոնք ներսից դեպի դուրս են՝
- լորձաթաղանթային (tunica mucosa)
- ենթալորձային հյուսվածք (tela submicosa)
- մկանային թաղանթ (tinica muscularis)
- շարակցական հյուսվածք (tunica serosa)։
Լորձաթաղանթը կազմված է ստամոքսի հիմնական ֆունկցիային համապատասխան (սննդանյութի քիմիական մշակում թթվային միջավայրում)։ Դրա հետ կապված լորձաթաղանթում կան հատուկ գեղձեր, որոնք արտադրում են աղաթթու պարունակող ստամոքսային հյութ։
Լինում են երկու տեսակի գեղձեր՝
- ստամոքսի հատակի գեղձեր, որոնք բազմաթիվ են (մեկ քառակուսի միլիմետր մակերեսի վրա մոտ 100 գեղձ), գտնվում են ստամոքսի հատակի և մարմնի շրջանում և պարունակում են երեք տեսակի բջիջներ՝ գլխավոր (արտադրում են պեպսինոգեն), լրացուցիչ (արտադրում են լորձ), և շրջադիր (արտադրում են աղաթթու)։
- ստամոքսաելքի գեղձեր, որոնք կազմված են միայն գլխավոր բջիջներից։
Տեղ-տեղ լորձաթաղանթի մեջ ցրված են միայնակ ավշային հանգույցներ։