Արգանդը (ուտերուս) կենտ խոռոչավոր մկանային իգական սեռական ներքին օրգան է, որն ուղղակիորեն կապված է կնոջ պտղաբերության հետ:
Կնոջ սեռահասունության ողջ ընթացքում արգանդի ֆունկցիոնալ շերտում տեղի են ունենում ցիկլիկ կրկնվող փոփոխություններ, որոնք պայմաններ են ստեղծում բեղմնավորված ձվաբջիջը՝ պտղաձուն ընդունելու և զարգացումն ապահովելու համար: Սա կոչվում է դաշտանային ցիկլ:
Արգանդը նաև զարգոցող սաղմի և հետագայում՝ պտղի համար հուսալի վայր է, որն ապահովում է անվտանգ հղիություն և պտղի աճ ու զարգացում։ Վերջապես, երբ պտուղը հասունացած է, արգանդն այն արտամղում է դուրս՝ ապահովելով բնական ծննդաբերությունը։
Արգանդը գտնվում է փոքր կոնքի խոռոչում, միզապարկի և ուղիղ աղիքի միջև՝ միզապարկից հետ, ուղիղ աղիքից առաջ։ Կոնքի խռոչում այս օրգանն ամրացված է որովայնամզի, կապանների, փակեղների և կոնքի հատակի մկանների օգնությամբ, թեև օժտված է որոշակի շարժունությամբ։
Արգանդն ունի տանձաձև կառուցվածք և կազմված է հետևյալ երեք շրջաններից՝
- վերևում՝ հատակ (fundus)
- միջին մասում՝ մարմին (corpus), որը պարփակում է արգանդի խոռոչը
- ներքևում՝ պարանոց կամ վզիկ (cervix):
Արգանդի վզիկն իր հերթին բաժանվում է հետևյալ երկու հատվածների՝
- հեշտոցային, որը արտացցված դեպի հեշտոցի լուսանցք և վզիկի այն մասն է, որը հայելու օգնությամբ դիտում է գինեկոլոգը ներզննման ընթացքում
- վերհեշտոցային, որը անմիջապես հպված է արգանդի մարմնին, և սովորական գինեկոլոգիական ներզննմամբ չի երևում։
Արգանդի մարմնիև վզիկի միացման սահմանը նեղացած է և կոչվում է արգանդի նեղուց, որը ներսից համապատասխանում է արգանդի ներքին բացվածքին: Վզիկի խողովակն իր հերթին բացվում է հեշտոցի մեջ՝ արգանդի արտաքին բացվածքով:
Վզիկի խողովակը հովհարաձև է: Դրա ներքին մակերևույթը ծածկված է բազմաթիվ ծալքեր ունեցող լորձաթաղանթով։ Վզիկի լորձաթաղանթն արտազատում է հիմնային ռեակցիայով լորձային արտազատուկ, որն օժտված է բակտերիասպան հատկություններով և կանխում է վարակի թափանցումը հեշտոցից արգանդ։ Արտազատուկի հիմնային ռեակցիան որոշակի նշանակություն ունի բեղմնավորման ժամանակ, քանի որ ակտիվացնում է սպերմատոզոիդների շարժումները։ Արգանդի վզիկի կողքերին և հեշտոցի վերին հատվածում առկա են ճարպաբջջանքի կուտակումներ, որը կոչվում է հարարգանդային բջջանք (պարամետրիում)։
Արգանդի խոռոչը ճակատային կտրվածքի վրա եռանկյունաձև է, որի գագաթն ուղղված է դեպի վզիկը, իսկ հիմքը՝ դեպի արգանդի հատակը: Հիմքի երկու անկյուններում բացվում են արգանդափողերը (ֆալոպյան փողեր), իսկ եռանկյան գագաթի մոտ արգանդի խոռոչը շարունակվում է վզիկի խոռոչի կամ խողովակի մեջ:
Արգանդի պատը կազմված է 3 շերտից՝
- ներարգանդենի (էնդոմետրիում) կամ լորձաթաղանթ, որը հարթ է, ծալքեր չունի և ծածկված է միաշերտ գլանաձև էպիթելով (թարթիչավոր և սեկրետոր)
- արգանդամկան (միոմետրիում) կամ մկանային շերտ, որը կազմված է հարթ մկանային երեք շերտերից՝
- ներքին՝ երկայնաձիգ
- միջին՝ օղակաձև, որն ամենահաստն է և որի միջով անցնում են խոշոր երակային հյուսակներ, որի համար էլ կոչվում է անոթային շերտ
- արտաքին՝ երկայնաձիգ ենթաանոթային շերտ
- արգանդամիզ (պերիմետրիում) կամ արտաքին շերտ:
Հղիության ժամանակ արգանդի մեծությունը և ձևը փոփոխվում են մկանաթելիկների քանակի և մեծության փոփոխման շնորհիվ։ Ծննդաբերությունից հետո արգանդն աստիճանաբար փոքրանում է՝ գրեթե հասնելով նախկին չափերին։
Մեծ տարիքով կանանց մոտ, հատկապես դաշտանադադարից հետո, արգանդի չափերը փոքրանում են, իսկ հյուսվածքը գունատվում է և դառնում ավելի պինդ։
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2020
Վերջին վերանայում՝ 27-04-2024