Մեր օրգանիզմը

Ամոթույք (վուլվա)

Ամոթույք (վուլվա)

Ամոթույքը կնոջ արտաքին սեռական օրգաններն են:

Տարբեր կանանց ամոթույքը տարբեր է և ունի անհատական առանձնահատկություններ:

Ամոթույքը կազմված է տարբեր օրգաններից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը և գործառույթը:

Ամոթույքի տարրերը

Ցայլք

Ցայլքը որովայնի առաջային պատի ստորին հատվածն է, որի մաշկը ծածկված է մազերով: Ցայլքի մազերն աճում են կնոջ սեռական օրգանների և հետանցքի շուրջը: Կանանց մոտ դրանք տարբերվում են իրենց գույնով, երկարությամբ և հաստությամբ: Հաճախ դրանք տարածվում են վերև կամ իջնում ազդրեր:

Ցայլքի մազերը պաշտպանում և ամորտիզացնում են ձեր արտաքին սեռական օրգանները, ինչպես նաև փոխանցում զգացողությունները:

Որոշ կանայք նորաձևության կամ մշակութային նպատակներից ելնելով նախընտրում են ազատվել այս մազածածկույթից:

Սեռական մեծ (արտաքին) շուրթեր կամ մեծ ամոթաշրթեր

Սեռական մեծ շուրթերը գոյանում են մաշկային երկու ծալքերով, որոնք երկայնաձիգ ձգվում են ցայլքից մինչև շեք և սահմանափակում սեռական ճեղքը: Դրանք պարունակում են ենթամաշկային ճարպային և շարակցական հյուսվածքի շերտեր: Շրթերի արտաքին մակերեսները մազածածկ են, ներքին մակերեսը պարունակում է ճարպագեղձեր, քրտնագեղձեր և հիշեցնում է լորձաթաղանթ։

Առջևում, ցայլքի շրջանում, մեծ շրթերը միանում և առաջացնում են առաջային կպուկ, իսկ շեքի սահմանում միանում են ծալքի միջոցով՝ առաջացնելով հետին կպուկ:

Սեռական փոքր (ներքին) շուրթեր կամ փոքր ամոթաշրթեր

Սեռական փոքր շուրթերը տեղադրված են մեծ շուրթերից ներս և պարունակում են ճարպագեղձեր, որոնց արտադրուկը որտես բնական քսանյութ սեռական հարաբերության ընթացքում օծում և պաշտպանում է հեշտոցը: Փոքր շուրթերը նաև պարունակում են բազմաթիվ նյարդային վերջավորություններ, որոնք սեռական հարաբերության ժամանակ ապահովում են սեռական զգացողությունը:

Հեշտոցի նախադուռ

Հեշտոցի նախադուռը գոյանում է փոքր շուրթերի միջև ճեղքանման տարածությունով և գտնվում է ծլիկի, փոքր ամոթաշրթերի ու հետին կպուկի միջև:

Նախադռան մեջ ծլիկի գլխիկից քիչ ետ բացվում են միզուկի արտաքին բացվածքը, նախադռան մեծ և փոքր զույգ գեղձերի ծորանները, ինչպես նաև հեշտոցամուտքը, որը կույսերի մոտ ծածկված է կուսաթաղանթով, իսկ մյուս կանանց մոտ՝ դրա մնացորդներով:

Նախադռան մեջ հեշտոցի բացվածքի կողմնային եզրերին բացվում են հեշտոցի նախադռան մեծ գեղձերի (ամոթույքագեղձ կամ բարթոլինյան գեղձ) ծորանները, որոնց արտազատուկը խոնավացնում է սեռական փոքր շուրթերի և հեշտոցի նախադռան լորձաթաղանթը։ Բարթոլինյան ծորանի խցանման ժամանակ հնարավոր է գեղձի կիստայի, իսկ վարակվելու դեպքում՝ բարտոլինիտի և թարախակույտի առաջացում։

Նախադռան մեջ նաև կան մանր ճարպագեղձեր:

Ծլիկ (կլիտոր)

Ծլիկը սեռական զգացողության օրգան է (համապատասխանում է տղամարդկանց առնանդամի խորշիկավոր մարմիններին) և գտնվում է հեշտոցամուտքի վերին հատվածում: Այն գոյանում է որպես փոքր շուրթերի վերին մասում մաշկային ծալքի՝ ծլիկի թլիպի վերջավորություն:

Ծլիկը տարածվում է նաև դեպի ներս և ունի մոտ 15 հազարի հասնող նյարդային վերջավորություններ: Ծլիկի գլխիկի մակերևույթը ամոթույքի ամենազգայուն մասն է և կնոջ միակ օրգանը, որի միակ նպատակը սեռական վերելքի ու հաճույքի զգացողություններ ստեղծելն է:

Միզուկի արտաքին անցք

Միզուկի արտաքին բացվածն անցք է, որն ունի կլորացած եզրեր և գտնվում է նախադռան մեջ, ծլիկի գլխիկից ներքև: Այս անցքով հեռանում է մեզը:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-01-2020 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: