Skip to main content

Ալբուտերոլ - Բրոնխոդիլատատորներ

Ընդհանուր նկարագրություն

Ալբուտերոլի սուլֆատի ինհալացիոն լուծույթն օգտագործվում է բրոնխակծկանքի (բրոնխոսպազմ) բուժման համար ասթմայով (շնչուղիների դարձելի օբստրուկտիվ հիվանդություն) և թոքերի այլ հիվանդություններ ունեցող 2-ից 12 տարեկան հիվանդների մոտ:

Ասթման շնչառության հետ կապված խնդիր է, որը պայմանավորված է շնչուղիների (բրոնխային խողովակների) նեղացմամբ, որոնցով օդը շարժվում է թոքերից ներս և դուրս: Այս շնչուղիները կարող են նեղանալ լորձի կուտակման, դրանք շրջապատող մկանների սպազմի (բրոնխոսպազմ) կամ շնչուղիների լորձաթաղանթի այտուցման պատճառով։ Շնչուղիների նեղացումը հանգեցնում է շնչարգելության և հևոցի, խզզոցների, հազի և քթի փակվածության:

Ալբուտերոլի սուլֆատը լայնացնում է թոքերի շնչուղիները՝ թուլացնելով դրանք շրջապատող մկանները։ Ալբուտերոլը նաև կարող է օգտակար լինել էմֆիզեմայով և քրոնիկ բրոնխիտով հիվանդների մոտ, երբ ախտանշանները մասամբ կապված են շնչուղիների մկանների սպազմի հետ:

Ալբուտերոլի սուլֆատը հաստատվել է ամերիկյան FDA կազմակերպության կողմից 1987-ի հունվարին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Ventolin, Proventil

Ցուցումներ

  • ասթմայով (շնչուղիների դարձելի օբստրուկտիվ հիվանդություն)
  • թոքային այլ հիվանդություններ, որոնք մասամբ պայմանավորված են կամ ընթանում են բրոնխոսպազմով

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Տարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • միգրենային գլխացավեր
  • ոչ միգրենային գլխացավեր
  • սրտխառնոց
  • ստամոքսի խանգարում
  • գրիպանման ախտանիշներ
  • մրսածության ախտանիշներ
  • ականջի վարակներ (միջին օտիտ)
  • բրոնխիտ
  • հազ:

Այլ կողմնակի ազդեցություններից են՝

  • ալերգիկ ռեակցիաներ (ցան, եղնջացան, քոր)
  • նյարդայնություն
  • դող (տրեմոր)
  • խզզոցներ
  • ուժեղացած խորխարտադրություն
  • շնչարգելություն:

Հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝

  • բրոնխոսպազմ (ասթմայի սրացում)
  • ծանր ալերգիկ ռեակցիաներ (անաֆիլաքսիա)
  • ցածր կալիում
  • սրտի ռիթմի խանգարումներ (սրտխփոց)
  • արագացած սրտազարկ
  • բարձրացած արյան ճնշում
  • ետկրծոսկրային ցավեր:

Փոխազդեցություններ

  • Տրիցիկլիկ հակադեպրեսանտները, օրինակ՝ Ամիտրիպտիլինը (Էլավիլ, Էնդեպ) և մոնոամին օքսիդազի (ՄԱՕ) արգելակիչները կամ ինհիբիտորները, օրինակ՝ Տրանիլցիպրոմինը, չպետք է համակցվեն Ալբուտերոլ սուլֆատի հետ՝ անոթային համակարգի վրա դրանց լրացուցիչ ազդեցության պատճառով (արյան ճնշման բարձրացում, սրտի ռիթմ և այլն): Ալբուտերոլ սուլֆատով և տրիցիկլիկ հակադեպրեսանտներով կամ ՄԱՕ ինհիբիտորներով բուժումների միջև պետք է թողնել երկու շաբաթյա ժամանակային միջակայք:
  • Ալբուտերոլ սուլֆատի օգտագործումը այլ խթանող դեղամիջոցների հետ չի խրախուսվում, քանի որ դրանք համակցված ազդեցություն են թողնում սրտազարկի, արյան ճնշման վրա և սրտային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ կարող են առաջացնել ետկրծոսկրային ցավեր:
  • Բետա պաշարիչները, օրինակ՝ Պրոպրանոլոլը (Ինդերալ, Ինդերալ LA), արգելափակում են ալբուտերոլ սուլֆատի ազդեցությունը և կարող են ասթմատիկ հիվանդների մոտ առաջացնել բրոնխոսպազմ:
  • Ալբուտերոլի սուլֆատը կարող է առաջացնել հիպոկալեմիա (ցածր արյան կալիում): Հետևաբար, Ալբուտերոլ սուլֆատի համակցումը կծիկային միզամուղների հետ, ինչպիսին է Ֆուրոսեմիդը (Լազիքս) կարող է մեծացնել հիպոկալեմիայի հավանականությունը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Ալբուտերոլի սուլֆատի ինհալացիոն լուծույթն օգտագործվում է երեխաների բուժման համար:
  • Հղիության ընթացքում Ալբուտերոլի սուլֆատի օգտագործման վերաբերյալ համարժեք հետազոտություններ չկան: Որոշ զեկույցներ ցույց են տալիս, որ հղիության ընթացքում Ալբուտերոլ սուլֆատը կարող է առաջացնել բնածին արատներ:
  • Հայտնի չէ, թե արդյոք Ալբուտերոլի սուլֆատն արտազատվում է կրծքի կաթում:

Դեղաչափեր

  • Ալբուտերոլի սուլֆատի լուծույթի կիրառման համար օգտագործվում է շիթային նեբուլայզեր, որը միացված է օդային կոմպրեսորին։ Ինհալացիան իրականացվում է բերանային հարմարանքով կամ դիմակով:
  • 2-ից 12 տարեկան հիվանդների համար առաջարկվող մեկնարկային դեղաչափը 0,63, 1,25 կամ 2,5 մգ է, որը տրվում է նեբուլայզերով օրական 3 կամ 4 անգամ, ըստ անհրաժեշտության: Ավելի հաճախակի օգտագործումը խորհուրդ չի տրվում:
  • Ավելի ծանր ասթմա ունեցող 6-ից 12 տարեկան երեխաները կարող են ավելի լավ նախնական արդյունքի հասնել 1,25 կամ 2,5 մգ դեղաչափերով:
  • Մեկ սրվակի ամբողջ պարունակությունը պետք է տեղադրվի նեբուլայզերի մեջ և հոսքի արագությունը պետք է կարգավորվի՝ Ալբուտերոլ սուլֆատը մատակարարելու 5-15 րոպեի ընթացքում:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Ինհալացիոն լուծույթ՝ 0,63, 1,25 և 2,5 մգ/3 մլ, 2.5 մգ/0,5 մլ:

Պահպանում

Ալբուտերոլի սուլֆատը պետք է պահվի 2-25° C ջերմաստիճանային պայմաններում և պաշտպանվի լույսից և տաքությունից:

Ամփոփում

Ալբուտերոլը դեղամիջոց է, որն օգտագործվում է բրոնխակծկանքի (բրոնխոսպազմի) կանխարգելման և թեթևացման համար ասթմայով, ֆիզիկական վարժություններով պայմանավորված ասթմայով, էմֆիզեմայով կամ քրոնիկ բրոնխիտով հիվանդ մարդկանց մոտ: Դեղամիջոցը կարող է փոխազդեցել եռացիկլիկ հակադեպրեսանտների, մոնոամին օքսիդազի (ՄԱՕ) արգելակիչների և բետա պաշարիչների հետ: Կողմնակի ազդեցություններից են դողը (տրեմոր), գլխացավերը, սրտխփոցները և այլն: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2024
Վերջին վերանայում՝ 31-07-2024