Ընդհանուր նկարագրություն
Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչները կամ ինհիբիտորները դեղաբանական խումբ է, որը լայնորեն օգտագործվում է բարձր արյան ճնշման և սրտային անբավարարության բուժման մեջ:
Անգիոտենզի II-ը օրգանիզմի կողմից արտադրվող խիստ ուժեղ ազդող քիմիական միացություն է, որը գլխավորապես հայտնաբերվում և շրջանառում է արյան մեջ: Այն կարող է առաջացնել արյունատար անոթները շրջապատող մկանների կծկում, որի արդյունքում դրանք նեղանում են: Անոթների նեղացումը բարձրացնում է դրանց լուսանցքում ճնշումը՝ առաջացնելով բարձր արյան ճնշում (գերճնշում կամ հիպերտենզիա): Անգիոտենզի II-ն առաջանում է արյան անգիոտենզի I-ից ԱՓՖ միջոցով, իսկ անգիոտենզի I-ն ինքն առաջանում է անգիստենզինոգենից՝ սպիտակուց, որն արտադրվում է լյարդում և մտնում արյան հուն:
ԱՓՖ արգելակիչները դեղամիջոցներ են, որոնք ընկճում (արգելակում) են ԱՓՖ ակտիվությունը, որի արդյունքում նվազում է անգիոտենզի II-ի արտադրությունը: Արդյունքում արյան անոթները լայնանում են (դիլատացիա) և արյան ճնշումը նվազում է:
Նվազած արյան ճնշման պայմաններում հեշտանում է սրտի կողմից արյան արտամղումը դեպի արյունատար անոթներ և բարելավվում է «թուլացած» սրտի գործունեությունը: Ավելին, ԱՓՖ արգելակիչների ազդեցության այս մեխանիզմով դանդաղում է բարձր արյան ճնշման կամ շաքարային դիաբետի պատճառով երիկամների արյունատար անոթների ախտահարման և դրա արդյունքում՝ երիկամային հիվանդության հարաճուն զարգացումը:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Օրինակներ
Ավելի հաճախ նշանակվող ԱՓՖ արգելակիչների ոչ լրիվ ցանկն է՝
- Բենզապրիլ
- Կապտոպրիլ
- Էնալապրիլ
- Ֆոզինոպրիլ
- Լիզինոպրիլ
- Մոեքսիպրիլ
- Պերինդոպրիլ
- Խինապրիլ
- Ռամիպրիլ
- Տրանդոլապրիլ:
Կա՞ն արդյոք տարբերություններ ԱՓՖ արգելակիչների տարբեր տեսակների միջև
ԱՓՖ արգելակիչներն իրար շատ նման են: Սակայն, դրանք կարող են տարբերվել օրգանիզմից հեռացման մեխանիզմներով և դեղաչափերով: Որոշ ԱՓՖ արգելակիչներ կարող են արյան մեջ մնալ և ազդել ավելի երկար, քան մյուսները, հետևաբար՝ ընդունվել օրվա մեջ միայն մեկ անգամ: Որոշ ԱՓՖ արգելակիչներ մինչև բուժական ազդեցություն դրսևորելը պետք է օրգանիզմում փոխակերպվեն իրենց ակտիվ ձևերին: Ի լրումն, որոշ ԱՓՖ արգելակիչներ ավելի մեծ ազդեցություն են դրսևորում հյուսվածքային, քան արյան ԱՓՖ վրա: Դեռևս չի հետազոտվել, թե ինչ չափով է այս տարբերությունն ազդում ԱՓՖ արգելակիչի արդյունավետության վրա:
Ցուցումներ
- ԱՓՖ արգելակիչները նշանակվում են հետևյալ դեպքերում՝
- սուր կամ քրոնիկ բարձր արյան ճնշման (հիպոտենզիա) կառավարում
- ձախփորոքային դիսֆունկցիայի և սրտային անբավարարության բուժում
- ինսուլտների կանխարգելում
- բարձր արյան ճնշմամբ կամ շաքարային դիաբետով մարդկանց մոտ երիկամային հիվանդության (նեֆրոպաթիա) կանխարգելում և բուժում:
- ԱՓՖ արգելակիչները նաև բարելավում են սրտամկանի ինֆարկտից հետո ապրելիության ցուցանիշը: Հետազոտությունները վկայում են, որ ԱՓՖ արգելակիչներով բուժվող բարձր արյան ճնշմամբ, սրտային անբավարարությամբ կամ տարած սրտամկանի ինֆարկտով անձինք ապրում են ավելի երկար, քան նրանք, ովքեր չեն ստացել այս խմբի դեղամիջոցները:
- ԱՓՖ արգելակիչները կարևոր դեղեր են, քանի որ կանխարգելում են բարձր արյան ճնշմամբ, սրտային անբավարարությամբ կամ սրտամկանի ինֆարկտով մարդկանց մոտ վաղ մահվան դեպքերը:
- Բարձր արյան ճնշմամբ որոշ մարդիկ բավարար պատասխան չեն տալիս միայն ԱՓՖ արգելակիչներին: Նման դեպքերում այլ դեղեր ևս ի լրումն ԱՓՖ արգելակիչներին նշանակվում են նաև այլ խմբի դեղեր:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
ԱՓՖ արգելակիչները լավ են տարվում բազմաթիվ մարդկանց կողմից: Սակայն այս շարքի դեղերը զրկված չեն կողմնակի ազդեցություններից, և որոշ մարդիկ պետք չօգտագործեն որևէ ԱՓՖ արգելակիչ:
ԱՓՖ արգելակիչները սովորաբար չեն նշանակվում հղի կանանց, քանի որ կարող են զարգանալ բնածին արատներ: Երկկողմանի երիկամային անոթների սկլերոզով (երիկամներն արյունամատակարարող զարկերակների նեղացում) մարդկանց մոտ ԱՓՖ արգելակիչները կարող են վատթարացնել երիկամների գործունեությունը: ԱՓՖ արգելակիչները հակացուցված են նաև այն մարդկանց, ովքեր այս խմբի դեղերի նկատմամբ դրսևորել են սուր ռեակցիա:
ԱՓՖ արգելակիչների ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝
- հազ
- արյան կալիումի բարձրացած մակարդակ
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- գլխապտույտ
- գլխացավ
- քնկոտություն
- թուլություն
- համային զգացողության խանգարում (մետաղական կամ աղի համ)
- մաշկային ցան
- կրծքավանդակային ցավեր
- արյան միզաթթվի մակարդակի բարձրացում
- արևի նկատմամբ զգայունության բարձրացում
- արյան կրեատինինի և արյան միզանյութի ազոտի (BUN) մակարդակների բարձրացում:
ԱՓՖ արգելակիչների առաջացրած հազի մեղմացումը կարող է տևել մինչև մեկ ամիս, և եթե այս խմբի դեղերից մեկնումեկն առաջացնում է հազ, հավանական է, որ նույն խմբի մեկ այլ դեղամիջոց նույնպես կառաջացնի այս կողմնակի ազդեցությունը:
ԱՓՖ արգելակիչների ամենածանր, սակայն հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝
- երիկամային անբավարարություն
- ալերգիկ ռեակցիաներ
- ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
- լյարդի գործունեության խանգարում (հեպատիտ)
- արյան սպիտակ բջիջների քանակի պակասում (լեյկոպենիա)
- հյուսվածքային այտուց (անգիոայտուց):
Փոխազդեցություններ
ԱՓՖ արգելակիչները կարող են որոշակի փոխազդեցություն դրսևորել այլ դեղերի հետ:
- ԱՓՖ արգելակիչները կարող են բարձրացնել արյան կալիումի մակարդակը, ուստի այս դեղերի ընդունումը կալիումի հավելումների, աղերի փոխարինիչների (որոնք հաճախ պարունակում են կալիում) կամ այլ դեղերի հետ կարող է հանգեցնել արյան կալիումի լրացուցիչ բարձրացման (հիպերկալեմիա):
- ԱՓՖ արգելակիչները նաև կարող են բարձրացնել արյան մեջ լիթիումի խտությունը և բերել այս միներալի կողմնակի ազդեցությունների ուժգնացման:
- Առկա են զեկույցներ այն մասին, որ Ասպիրինը և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ-ներ, օրինակ՝ Իբուպրոֆեն, Ինդոմեթացին և Նապրոքսեն) կարող են նվազեցնել ԱՓՖ արգելակիչների արյան ճնշումը նվազեցնող ազդեցությունները:
- Միզամուղներ ստացող մարդիկ կարող են առնչվել ԱՓՖ արգելակիչներով բուժումը սկսելիս արյան ճնշման նախատեսվածից ավելի ցածր իջեցման հետ կապված խնդրին: ԱՓՖ արգելակիչներով բուժումից առաջ միզամուղների ընդունման դադարեցումը կամ կերակրի աղի ընդունման ավելացումը կարող է կանխարգելել այս անցանկալի իրավիճակը: Եթե միզամուղների օգտագործումը չի կարող ընդհատվել, խորհուրդ է տրվում ԱՓՖ արգելակիչներով բուժումը սկսելուց հետո առնվազն երկու ժամվա ընթացքում հիվանդներին պահել մանրակրկիտ հսկողության ներքո:
- ԱՓՖ արգելակիչները չի կարելի զուգակցել անգիոտենզինային ընկալիչների արգելակիչների հետ, քանի որ բարձրանում է արյան ճնշման կտրուկ անկման (հիպոտենզիա), հիպերկալեմիայի (արյան կալիումի մակարդակի բարձրացում) և երիկամների վնասման ռիսկը:
- ԱՓՖ արգելակիչները չի կարելի զուգակցել բարձր արյան ճնշման ժամանակ նշանակվող մեկ այլ դեղամիջոցի՝ Ալիսկիրենի հետ, քանի որ նման զուգակցմամբ բարձրանում է երիկամային անբավարարության, արյան ճնշման լրացուցիչ անկման և հիպերկալեմիայի ռիսկը:
- Եթե ԱՓՖ արգելակիչները զուգակցվում են ռևմատոիդ արթրիտի բուժման մեջ օգտագործվող ոսկու պատրաստուկների հետ (Աուրոթիմոմալատ նատրիում), կարող են ի հայտ գալ նիտրոիդ ռեակցիաներ (դեմքի կարմրություն, սրտխառնոց, փսխում և ցածր արյան ճնշում):
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
ԱՓՖ արգելակիչները դեղերի մի խումբ է, որոնք փոխազդում են արյան ֆերմենտների հետ և լայնացնում են արյունատար անոթները՝ նվազեցնելով արյան ճնշումը: Այս դեղերն օգտագործվում են բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) կառավարման, սրտային, ինչպես նաև բարձր ճնշմամբ և դիաբետով մարդկանց մոտ երիկամային հիվանդության բուժման մեջ: Այս դեղերը նաև բարելավում են սրտամկանի ինֆարկտ տարած մարդկանց ապրելիության ցուցանիշը, ինչպես նաև կանխարգելում են սրտամկանի ինֆարկտից հետո բարձր արյան ճնշմամբ և սրտային անբավարարությամբ մարդկանց մոտ վաղաժամ մահացությունը: ԱՓՖ արգելակիչների օրինակներից են՝ Բենազեպրիլ, Կապտոպրիլ, Էնալապրիլ, Ֆոզինոպրիլ և Ռամիպրիլ: Այս դեղերի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ գլխապտույտ, գլխացավ, հազ, ցանավորում և կրծքավանդակի ցավ: Կարող են դիտվել նաև լուրջ կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ երիկամային անբվարարություն, սուր ալերգիկ ռեակցիաներ, լյարդի գործունեության խանգարում կամ անբավարարություն: ԱՓՖ արգելակիչները բոլորն էլ ազդում են նմանատիպ մեխանիզմով, սակայն տարբերվում են ընդունված դեղաչափի օրգանիզմից հեռացման տարբերակներով: Մինչև այս դեղամիջոցների ընդունումը պետք է մանրակրկիտ կերպով ծանոթանալ այլ դեղերի հետ փոխազդեցության, դեղաչափավորման, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում հնարավոր անցանկալի երևույթների և այլ կարևոր տեղեկատվությանը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 15-11-2023