Skip to main content

Ացիդոֆիլ - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Ացիդոֆիլը (Lactobacillus acidophilus)՝ բակտերիա, որը հայտնաբերվում է բերանի խոռոչում, բարակ աղիում և հեշտոցում, օգտագործվում է որպես պրոբիոտիկ:

Պրոբիոտիկները լավ բակտերիաներ են, որոնք կամ նույնն են կամ էլ շատ նման են այն բակտերիաներին, որոնք արդեն կան ձեր օրգանիզմում: Պրոբիոտիկային հավելումների յուրաքանչյուր տեսակ և յուրաքանչյուր տեսակի յուրաքանչյուր շտամ կարող է ազդել տարբեր ձևով:

Որպես հավելում, ացիդոֆիլը մատչելի է պարկուճների (կապսուլա), հաբերի, վաֆլիների, փոշիների և հեշտոցային մոմիկների տեսքով: Որպես հավելում օգտագործելուց բացի, ացիդոֆիլ հայտնաբերվում է որոշ տեսակի կաթնամթերքի, օրինակ՝ մածունի («Նարինե») մեջ, իսկ կոմերցիոն նպատակներով կարող է ավելացվել բազմաթիվ մթերքների մեջ:

Մարդիկ սովորաբար օգտագործում են ացիդոֆիլ հեշտոցային բորբոքման (բակտերիալ վագինոզ) և մարսողական խանգարումների բուժման, ինչպես նաև լավ բակտերիաների աճը խթանելու համար։

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Որոշակի առողջական վիճակների համար ացիդոֆիլի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:

  • Բակտերիալ վագինոզ. ցույց է տրվել, որ ացիդոֆիլի բերանային (օրալ) օգտագործումը և ացիդոֆիլային հեշտոցային մոմիկների օգտագործումը կամ ացիդոֆիլ պարունակող մածունի ներհեշտոցային օգտագործումն արդյունավետ են այս տեսակի հեշտոցային բորբոքման բուժման համար:
  • Թոքային վարակներ. ացիդոֆիլը կարող է դեր խաղալ երեխաների մոտ շնչառական վարակների հաճախականության և ծանրության աստիճանի նվազեցման գործում:
  • Փորլուծության որոշ տեսակներ. հակաբիոտիկների հետ ընդունելիս, ացիդոֆիլի և լակտոբացիլի այլ հատուկ ձևերի համակցությունը կարող է նվազեցնել փորլուծությունը, վքվածությունը և աղիքային կծկանքները (սպազմեր)` պայմանավորված այն բակտերիաներով, որոնք կարող են առաջացնել ախտանիշներ՝ սկսած փորլուծությունից մինչև կյանքին սպառնացող հաստ աղիքի բորբոքում (C. difficile վարակ): Պրոբիոտիկային միջոցը նաև կարող է նվազեցնել հակաբիոտիկների հետ կապված փորլուծության և C. difficile վարակի առաջացումը հիվանդանոցներում բուժվող մարդկանց շրջանում:
  • Էկզեմա. հղիության ընթացքում, կրծքով կերակրող մայրերի և նորածինների կողմից ացիդոֆիլի բերանային (օրալ) օգտագործումն, ըստ երևույթին, նվազեցնում է էկզեմայի (ատոպիկ դերմատիտի) զարգացումը նորածինների և մանկահասակ երեխաների մոտ:

Ացիդոֆիլային արտադրանքները կարող են ունենալ զգալիորեն տարբերվող կազմեր, որը կարող է առաջացնել տարբեր ազդեցություններ և արդյունքներ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ացիդոֆիլի հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են հետևյալը՝

  • փորկապություն
  • աղիքային գազեր
  • վքնածություն (որովայնի փքվածություն)
  • ախորժակի բարձրացում:

Եթե ունեք իմունային համակագի հետ կապված խնդիրներ, խոսեք ձեր բժշկի հետ մինչև կենդանի բակտերիա պարունակող որևէ արտադրանք օգտագործելը, ինչպիսին է ացիդոֆիլը:

Եթե ունեք լակտոզային (կաթնաթթվի) անհանդուրժողականություն, հաշվի առեք, որ ացիդոֆիլային որոշակի ապրանքներ կարող են պարունակել լակտոզ:

Փոխազդեցություններ

Ացիդոֆիլի համար այլ դեղամիջոցների, մթերքների կամ հավելումների հետ հայտնի ուշադրության արժանի փոխազդեցություններ չեն հայտնաբերվել:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Ամփոփում

Ներկայում աճում է հետաքրքրությունը պրոբիոտիկների նկատմամբ, ինչպիսին է ացիդոֆիլը: Թեև ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, հավանական է, որ ացիդոֆիլ ընդունելը կարող է աննշան վնաս պատճառել: Այնուամենայնիվ, հավասարակշռված սննդակարգը, ներառյալ՝ ֆերմենտացված մթերքները, ինչպիսին է կեֆիրը կամ մածունը, կարող է ձեզ ապահովել բավարար քանակի «լավ» բակտերիաներով:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 27-01-2024