Ընդհանուր նկարագրություն
Ացիկլովիրը հակավիրուսային դեղամիջոց է՝ սինթետիկ նուկլեոզիդային անալոգ, որն ունի արգելակող ակտիվություն (խոչընդոտում է վիրուսային վերարտադրությանը) հերպեսի վիրուսների դեմ, ներառյալ հասարակ հերպես 1 և 2 (բերանային և սեռական հերպեսներ), վարիցելա զոստեր (հերպես զոստեր և ջրծաղիկ) և Էպշտեյն-Բառի վիրուս (մոնոնուկլեոզ):
Վիրուսները ներթափանցում են կենդանի բջիջներ և վերարտադրվում իրենց՝ հաճախ հյուրընկալ բջիջի հաշվին։ Ացիկլովիրը վերածվում է ակտիվ ձևի հենց վիրուսի կողմից, որն այնուհետև օգտագործում է Ացիկլովիրի ակտիվ ձևը, այլ ոչ թե վիրուսային վերարտադրության կարևոր բաղադրիչ նուկլեոզիդը, որը սովորաբար օգտագործում է ԴՆԹ-ի արտադրության համար: Ակտիվ Ացիկլովիրի ներդրումը նոր վիրուսային ԴՆԹ-ում դադարեցնում է ԴՆԹ-ի արտադրությունը: Վիրուսային վարակված բջիջները կլանում են ավելի շատ Ացիկլովիր, քան նորմալ բջիջները և ավելի շատ փոխակերպում են ակտիվ ձևի, ինչը երկարացնում է դեղամիջոցի հակավիրուսային ազդեցությունը:
Ամերիկյան FDA կազմակերպությունը հաստատել է Ացիկլովիրը 1982թ. մարտին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Zovirax, Sitavig
Ցուցումներ
Առավել տարածված կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- գլխացավ:
Այլ զեկուցված կողմնակի երևույթներից են՝
- աժիտացիա
- շփոթվածություն
- ցան
- սակավարյունություն (անեմիա)
- մկանային ցավեր
- գերզգայունության ռեակցիաներ
- ցնցումներ
- հեպատիտ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Փոխազդեցություններ
- Ացիկլովիրը կարող է նվազեցնել Ֆենիտոինի (Դիլանտրին) կամ Վալպրոյաթթվի (Դեպակոտ) մակարդակը: Պրոբենեցիդը (Բենեմիդ) կարող է բարձրացնել Ացիկլովիրի շիճուկի մակարդակը՝ նվազեցնելով վերջինիս երիկամային արտազատումը: Ացիկլովիրը կարող է բարձրացնել շիճուկի Թեոֆիլինի մակարդակը (Թեո-Դուր, Ռեսպբիդ, Սլո-Բիդ, Սլո-Ֆիլին և այլն):
- Ացիկլովիրի համակցումը Ցիդոֆովիրի (Վիստիդ), Ամֆոտերիցին B-ի (Ֆունգիզոն) կամ այլ դեղամիջոցների հետ, որոնք նվազեցնում են երիկամների գործառույթը, կարող է մեծացնել երիկամների վրա վնասակար ազդեցությունները:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղի կանանց մոտ Ացիկլովիրի վերաբերյալ համարժեք հետազոտություններ չկան: Առաջին եռամսյակի ընթացքում Ացիկլովիր օգտագործած կանանց տվյալներում բնածին արատների մակարդակը նման է եղել ընդհանուր բնակչության բնածին արատների մակարդակին:
- Ացիկլովիրն արտազատվում է կրծքի կաթում, և նորածնին կարող է փոխանցվել զգալի քանակություն:
Դեղաչափեր
- Սեռական հերպեսի բուժման համար չափահասների բերանային (օրալ) դեղաչափերը կազմում են 200 մգ յուրաքանչյուր՝ 4 ժամը մեկ (օրական 5 անգամ) 7-10 օրվա ընթացքում կամ 400 մգ օրական երեք անգամ՝ 5-10 օրվա ընթացքում:
- Հերպես զոստերը (գոտևորող որքին) բուժվում է 800 մգ 4 ժամը մեկ (օրական 5 անգամ)՝ 7-ից 10 օրվա ընթացքում:
- Ջրծաղիկի բուժման դեղաչափն է օրական 4 անգամ 800 մգ-ից: Չափահասների համար սովորական ներերակային դեղաչափն է 5-10 մգ/կգ՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ 7-10 օրվա ընթացքում:
- Ացիկլովիրը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Պատիճներ` 200 մգ:
- Հաբեր՝ 400 և 800 մգ:
- Կախույթ՝ 200 մգ/5 մլ:
- Ներարկման լուծույթ՝ 50 մգ/մլ:
- Ներարկման փոշի՝ 50 մգ:
Պահպանում
Ացիկլովիրը պետք է պահվի սենյակային ջերմաստիճանում՝ 15-25° միջակայքում:
Ամփոփում
Ացիկլովիրը հակավիրուսային դեղամիջոց է, որը նշանակվում է սեռական հերպեսի, հերպես զոստերի և ջրծաղիկի բուժման համար: Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և գլխացավը: Հաղորդված այլ կողմնակի ազդեցություններից են գրգռվածություն, շփոթվածություն, ցան, սակավարյունություն, գերզգայունության ռեակցիաներ, ցնցումներ, դյուրագրգռություն, հեպատիտ և մկանային ցավ: Խորհրդակցեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024