Դեղեր և հավելումներ
Ալոպուրինոլ

Ընդհանուր նկարագրություն
Ալոպուրինոլը նշանակվում է պոդագրայի բուժման մեջ, որը պատճառվում է արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակով (հիպերուրիկեմիա):
Ալոպուրինոլը հանդիսանում է քսանթինային օքսիդազի արգելակիչ և իր այս ազդեցությամբ նման է Ֆեբուքսոստատին:
Միզաթթուն օրգանիզմում առաջանում է քսանթինային օքսիդազ կոչվող ֆերմենտի մասնակցությամբ որոշ սպիտակուցների (պուրինների) տրոհումից: Հիպերուրիկեմիան զարգանում է, երբ օրգանիզմն արտադրում է ավելի շատ միզաթթու, քան կարողանում է երիկամներով հեռացնել: Նման պայմաններում միզաթթուն առաջացնում է բյուրեղներ ինչպես հոդերում (պոդագրային հոդաբորբ), այնպես էլ այլ հյուսվածքներում՝ բերելով բորբոքման և ցավերի: Արյան միզաթթվի շատացումը կարող է նաև առաջացնել երիկամային հիվանդություն և երիկամային քարեր:
Ալոպուրինոլը կանխարգելում է միզաթթվի առաջացումը՝ արգելափակելով պուրինից այս նյութի փոխակերպումը: Արյան միզաթթվի մակարդակը սկսում է նվազել Ալոպուրինոլով բուժման 2-3-րդ օրերին և վերադառնում նախկին մակարդակներին բուժումը դադարեցնելուց 7-10 օր անց:
Պոդագրայի նոպաների կառավարումն Ալոպուրինոլով կարող է տևել մի քանի ամիս:
Ամերիկյան FDA-ն Ալոպուրինոլը հաստատել է 1966 թվականի օգոստոսին:
Բրենդային անվանումներ՝ Zyloprim, Aloprim
Ցուցումներ
- Ալոպուրինոլը նշանակվում է պոդագրայի սուր նոպաների, հոդերի պոդագրային էռոզիվ դեստրուկտիվ հիվանդության, հյուսվածքներում միզաթթվի կուտակումները, երիկամների պոդագրային հիվանդության, միզաթթվային քարերի կանխարգելման և (կամ) բուժման համար:
- Ալոպուրինոլը նաև նշանակվում է քիմիոթերապիա անցնող որոշ քաղցկեղով և կրկնվող երիկամների կալցիումական քարերով պացիենտների մոտ արյան միզաթթվի բարձրացումը կանխարգելելու համար:
Կողմնակի ազդեցություններ
Ալոպուրինոլի հիմնական կողմնակի ազդեցություններից են՝
- փորլուծություն
- սրտխառնոց
- ցան
- մաշկային քոր
- քնկոտություն:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Ալոպուրինոլը բարձրացնում է արյան մեջ խմելու Մերկապտոպուրինի և Ազաթիոպրինի մակարդակները, քանի որ նվազեցնում է դրանց տրոհումը: Ուստի, այս դեղերի թունավոր ազդեցություններից խուսափելու համար դրանց դեղաչափերը պետք է նվազեցնել:
- Ալոպուրինոլը պենիցիլինների հետ զուգակցելիս բարձրանում է մաշկացանի առաջացման հավանականությունը:
- Ալոպուրինոլը թուլացնում է Վարֆարինի քայքայումը, ուստի կարող է բարձրացնել վերջինիս ազդեցությունը:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիների մոտ Ալոպուրինոլի վերաբերյալ համարժեք հետազոտությունները բացակայում են:
- Ալոպուրինոլը չի արտազատվում է կրծքի կաթի մեջ: Նորածինների մոտ կողմնակի ազդեցություններից խուսափելու համար Ալոպուրինոլ ստացող կրծքով կերակրող մայրերը պետք է բժշկի հետ քննարկեն կրծքով կերակրման նպատակահարմարությունը:
Դեղաչափեր
- Պոդագրայի բուժման համար, հիվանդության սրությունից կախված, Ալոպուրինոլը նշանակվում է օրական 200-600 մգ դեղաչափով:
- Քիմիոթերապիա անցնող պացիենտների մոտ արյան միզաթթվի բարձր մակարդակի բուժման համար Ալոպուրինոլը նշանակվում է քիմիոթերապիան սկսելուց 1-2 օր առաջ 100-800 մգ/օր դեղաչափով:
- Ալոպուրինոլը պետք է ընդունել սննդի հետ միասին, որպեսզի կանխարգելվի ստամոքսի գրգռումը:
- Երիկամային քարերի առաջացումը կանխարգելելու համար Ալոպուրինոլ ստացող պացիենտները պետք է ստանան առատ հեղուկներ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 100 և 300 մգ:
- Ներարկման փոշի՝ մգ:
Պահպանում
- Ալոպուրինոլի հաբերը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում (15-25 C), խոնավություն չպարունակող, անլուսաթափանց և փակ տուփում:
- Ալոպուրինոլի ներարկման փոշին պետք է պահպանել սենյակային (ոչ սառնարանային) պայմաններում (20-25 C):
Ամփոփում
Ալոպուրինոլը պոդագրայի բուժման դեղամիջոց է: Արյան մեջ միզաթթվի բարձրացած մակարդակները կարող են նաև առաջացնել երիկամային հիվանդություն և քարեր:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-08-2020 վերանայվել է՝ 30-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: