Ընդհանուր նկարագրություն
Ալոեն (հալվե, անմահաթուփ, սապռ) բույս է, որն արտադրում է երկու նյութ՝ թափանցիկ գել և դեղին լատեքս, որոնք օգտագործվում են բժշկական ապրանքներում:
Մարդիկ հիմնականում օգտագործում են ալոեի թափանցիկ գելը նրբաքսուքների (կրեմ) և քսուքների մեջ՝ այրվածքների, մաշկային խնդիրներից փսորիազի և նույնիսկ ակնեի (պզուկ) բուժման համար: Ոմանք նաև ընդունում են գելը բերանով (օրալ)՝ որոշակի առողջական խնդիրներ բուժելու համար: Ալոեի լատեքսը լուծողական է, որն օրգագործվում է բերանային (օրալ)՝ փորկապությունը բուժելու համար:
Թեև ալոեի գելն ընդհանուր առմամբ անվտանգ է, երբ օգտագործվում է այնպես, ինչպես հրահարգված է, ալոեի լատեքսի բերանային օգտագործումը կարող է առաջացնել անվտանգության հետ կապված մտահոգություններ: Իրականում, մի քանի օր օրական 1 գրամ ալոեի լատեքս ընդունելը կարող է պատճառել երիկամների վնաս և կարող է մահացու լինել:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Որոշակի առողջական խնդիրների և վիճակների դեպքում ալոեի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:
- Այրվածքներ և վերքեր. ալոեի գելի կիրառումն, ըստ երևույթին, կրճատում է վերքերի բուժման տևողությունը առաջին և երկրորդ աստիճանի այրվածքների դեպքում: Ալոեի գելը նաև կարող է նպաստել վերքերի ապաքինմանը:
- Ակնե (պզուկներ). հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե առավոտյան և երեկոյան կիրառվող ալոեի գելը բարձրացնում է ակնեի բուժման տեղային Տրտինոինի (Ռետին-A, Ատրալին և այլն) դեղամիջոցի արդյունավետությունը:
- Փսորիազ. ալոեի արտամզվածքով նրբաքսուքը կարող է նվազեցնել թեթև և չափավոր ծանրության աստիճանի փսորիազի առաջացրած մաշկի կարմրությունը, թեփոտումը, քորը և բորբոքումը: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի օգտագործել քսուքը օրական մի քանի անգամ մեկ ամիս կամ ավելի ժամանակահատվածում, որ տեսնեք ձեր մաշկի բարելավումները:
- Հասարակ հերպեսի վիրուս. ալոեի արտամզվածքով նրբաքսուքը կարող է օգնել հերպետիկ վերքերի շուտ ապաքինմանը:
- Բերանային կարմիր տափակ որքին. հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական երկու անգամ ալոեի գելի կիրառումը ութ շաբաթվա ընթացքում կարող է օգնել նվազեցնել այս բորբոքային վիճակի ախտանիշները, որոնք ազդում են բերանի ներքին հատվածի վրա:
- Փորկապություն. պարզ չէ, թե արդյոք ալոեի լատեքսի բերանային օգտագործումը արդյունավետ է փորկապության բուժման համար: Չնայած այն գործում է որպես լուծողական, ալոեի լատեքսը նաև կարող է նաև առաջացնել որովայնային ցավեր և փորլուծություն:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ալոեի գելն, ընդհանուր առմամբ, համարվում է անվտանգ, երբ պատշաճ կերպով կիրառվում է տեղային՝ մաշկի վրա: Այն նաև կարող է անվտանգ լինել, երբ համապատասխան քանակները կարճ ժամանակով ընդունվեն բերանային (օրալ):
Բերանային (օրալ) օգտագործելիս ալոեի լատեքսը կամ ամբողջական տերևի արտամզվածքը կարող են վտանգավոր լինել, հատկապես բարձր քանակներով: Մի քանի օր շարունակ օրական 1 գրամ ալոեի լատեքս ընդունելը կարող է դառնալ սուր երիկամային անբավարարության պատճառ և մահացու լինել: Ալոեի լատեքսը նաև կարող է քաղցկեղ առաջացնել: Այլ կողմնակի ազդեցություններից են որովայնային ցավերը և փորլուծությունը: Ալոեի լատեքսի և ամբողջական տերևների արտամզվածքի բերանային օգտագործումը խորհուրդ չի տրվում 12 տարեկանից փոքր երեխաներին:
Փոխազդեցություններ
- Հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) և հակաթրոմբոցիտային (հակաագրեգանտ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. այս տեսակի դեղամիջոցները, դեղաբույսերը և հավելումները նվազեցնում են արյան մակարդելիությունը: Ալոեի բերանային (օրալ) օգտագործումը նույնպես կարող է դանդաղեցնել արյան մակարդումը: Ալոեի բերանային (օրալ) օգտագործումն այս տեսակի դեղամիջոցներից որևէ մեկի հետ կարող է հանգեցնել արյունահոսության ավելացման:
- Դիգոքսին (Լանոքսին). ալոեի լատեքսի բերանային (օրալ) օգտագործումը կարող է նվազեցնել կալիումի մակարդակը: Կալիումի ցածր մակարդակը կարող է մեծացնել Դիգոքսինի կողմնակի ազդեցությունները: Մի՛ ընդունեք ալոեի լատեքսը և Դիգոքսինը միասին:
- Դիաբետի դեմ դեղամիջոցներ. ալոեի գելի բերանային (օրալ) օգտագործումը, երբ ընդունվում է շաքարային դիաբետի դեղամիջոցների հետ զուգահեռ, կարող է մեծացնել արյան շաքարի աննորմալ ցածր մակարդակով բնութագրվող վիճակի վտանգը (հիպոգլիկեմիա):
- Բերանային (օրալ) դեղամիջոցներ. ալոեի լատեքսի բերանային (օրալ) օգտագործումը կարող է նվազեցնել ձեր մարսողական խողովակից այլ դեղամիջոցների ներծծումը: Սա կարող է նվազեցնել այդ դեղամիջոցների բուժական ազդեցությունը:
- Սևոֆլուրան (Ուլտան)․ վիրահատության ժամանակ օգտագործվող այս ընդհանուր անսեթետիկը կարող է դանդաղեցնել արյան մակարդումը: Նման ազդեցություն նաև կարող է դրսևորել ալոեի բերանային (օրալ) օգտագործումը: Այս երկուսի զուգակցված օգտագործման դեպքում հնարավոր է վիրահատության ընթացքում անցանկալի լրացուցիչ արյունահոսություն:
- Խթանիչ լուծողականներ. ալոեի լատեքսի բերանային (օրալ) զուգակցումը խթանող լուծողականների հետ կարող է գերխթանել ձեր աղիքները: Սա կարող է հանգեցնել ջրազրկման:
- Վարֆարին (Կումադին, Յանտովեն). աոեի լատեքսի բերանային (օրալ) օգտագործումը կարող է առաջացնել փորլուծություն: Սա կարող է մեծացնել Վարֆարինի՝ արյունը ջրիկացնող (հակամակարդիչ) դեղամիջոցի ազդեցությունը և արյունահոսության ռիսկը:
- Միզամուղներ․ ալոեի լատեքսի՝ լուծողական միջոցի բերանային (օրալ) օգտագործումը միզամուղ միջոցների հետ միասին կարող է չափազանց շատ նվազեցնել արյան կալիումի մակարդակը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
Ալոեի գելը ընդհանուր առմամբ անվտանգ է և կարող է արդյունավետ լինել մաշկային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են այրվածքները և փսոիազը:
Այնուամենայնիվ, խուսափեք բերանային (օրալ) ալոեի լատեքսից: Չմշակված ալոեի լատեքսը պարունակում է քիմիական նյութեր, որոնք, ըստ երևույթին, կարող են քաղցկեղ առաջացնել, իսկ մշակված ալոեի լատեքսը կարող է պարունակել քաղցկեղ առաջացնող միացություններ: Մի քանի օր շարունակ օրական 1 գրամ ալոեի լատեքս ընդունելը կարող է առացնել երիկամների անդառնալի վնասում և նույնիսկ մահացու լինել:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-12-2023
Վերջին վերանայում՝ 06-12-2023