Skip to main content

Ալպրազոլամ - Բենզոդիազեպիններ

Ընդհանուր նկարագրություն

Ալպրազոլամը տագնապալուծ դեղամիջոց է, որը պատկանում է բենզոդիազեպինային դեղամիջոցների ընտանիքին:

Ալպրազոլամը և մյուս բենզոդիազեպիններն ազդում են՝ ուժեղացնելով գլխուղեղում գամմա-ամինոկարագաթթվի ազդեցությունը (ԳԱԿԹ, անգլերեն՝ GABA): ԳԱԿԹ-ը նեյրոհաղորդիչ (նեյրոմեդիատոր) է՝ քիմիական նյութ, որն օգտագործում են նյարդային բջիջները միմյանց հետ հաղորդակցվելու համար, և ընկճում է գլուղեղի գործունեությանը: Ենթադրվում է, որ գլխուղեղի ավելորդ ակտիվությունը կարող է հանգեցնել անհանգստության, տագնապի կամ այլ հոգեկան խանգարումների:

Ալպրազոլամը նաև նշանակվում է խուճապային (պանիկ) նոպաների հետ կապված անհանգստության և տագնապի բուժման համար: Խուճապի նոպաները սկսվում կամ անսպասելիորեն, կամ էլ որոշակի իրավիճակներում (օրինակ՝ ավտոմեքենա վարելիս), և կարող են պահանջել Ալպրազոլամի ավելի մեծ դեղաչափեր:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Ալպրազոլամը հաստատել է 1981 թվականի հոկտեմբերին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Xanax, Xanax XR, Niravam

Օրինակներ

Բենզոդիազեպինների շարքի այլ դեղամիջոցներից են՝

  • Դիազեպամ (Վալիում)
  • Կլոնազեպամ (Կլոնոպին)
  • Լորազեպամ (Ատիվան)
  • Ֆլուրազեպամ (Դալմանե):

Ցուցումներ

Ալպրազոլամը նշանակվում է տագնապային խանգարումների և խուճապային նոպաների բուժման համար։

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Կախվածություն

Բենզոդիազեպինները, այդ թվում՝ Ալպրազոլամը կարող է հանգեցնել կախվածության, հատկապես, երբ ավելի մեծ դեղաչափերով օգտագործվում է երկար ժամանակ: Ալպրազոլամից կախվածություն ունեցող մարդկանց մոտ կամ երկարատև օգտագործումից հետո դեղամիջոցի կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել հանման (զրկանքի) ախտանիշներ, ինչպիսիք են՝

  • անքնություն
  • գլխացավեր
  • սրտխառնոց
  • փսխում
  • գլխապտույտ
  • քրտնոտություն
  • անհանգստություն և տագնապ
  • հոգնածություն:

Զրկանքի համախտանիշի ավելի ծանր դեպքերում կարող են զարգանալ ցնցումներ: Հետևաբար, երկարատև օգտագործումից հետո Ալպրազոլամի դեղաչափերը պետք է կրճատվեն դանդաղորեն՝ բժշկի հսկողության ներքո, այլ ոչ թե կտրուկ:

Այլ կողմնակի ազդեցություններ

Ցածր դեղաչափերով Ալպրազոլամի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • քնկոտություն
  • հոգնածություն:

Այլ կողմնակի ազդեցությունները ներառում են հետևյալը՝

  • հիշողության հետ կապված խնդիրներ
  • խոսքի հետ կապված խնդիրներ
  • փորկապություն
  • մարմնի քաշի փոփոխություններ
  • գլխացավեր
  • բերանի չորություն:

Փոխազդեցություններ

  • Կետոկոնազոլը (Նիզորալ), Իտրակոնազոլը (Սպորանոքս), Նեֆազոդոնը (Սերզոն), Ցիմետիդինը (Տագամետ) և Ֆլուվոքսամինը (Լուվոքս) բարձրացնում են Ալպրազոլամի խտությունը արյան մեջ և, հետևաբար, կարող են մեծացնել վերջինիս կողմնակի ազդեցությունները:
  • Ալպրազոլամը փոխազդում է ալկոհոլի և դեղամիջոցների հետ (օրինակ՝ բարբիտուրատներ և թմրամիջոցներ), որոնք ընկճում են գլխուղեղի ակտիվությունը՝ ավելի շատ ճնշելով ակտիվությունը և առաջացնելով հանգստացնող ազդեցություն։
  • Կարբամազեպինը և Ռիֆամպինը նվազեցնում են Ալպրազոլամի ազդեցությունը՝ խթանելով վերջինիս նյութափոխանակությունը և լյարդում չեզոքացումը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Բենզոդիազեպինները, ինչպիսին հանդիսանում է Ալպրազոլամը, կարող են առաջացնել պտղի մոտ արատներ և չպետք է օգտագործվեն հղիության ընթացքում:
  • Ալպրազոլամն արտազատվում է կրծքի կաթի մեջ և կարող է ազդել կերակրվող նորածինների վրա: Հետևաբար, կանայք, ովքեր կրծքով կերակրում են, չպետք է Ալպրազոլամ ընդունեն:

Դեղաչափեր

  • Անհանգստության կամ տագնապի բուժման մեկնարկային դեղաչափը 0,25-0,5 մգ է՝ օրական 3-4 անգամ անհապաղ արձակման (արագ ազդեցության) հաբերի տեսքով: Դեղաչափը կարող է ավելացվել յուրաքանչյուր 3-4 օրվա ընթացքում՝ մինչև օրական 4 մգ առավելագույն դեղաչափը:
  • Խուճապային նոպաների բուժման մեկնարկային դեղաչափը օրական 0,5 մգ է՝ 3 անգամ: Դեղաչափը կարող է ավելացվել յուրաքանչյուր 3-4 օրը մեկ, բայց ոչ ավելի, քան 1 մգ օրական:
  • Որոշ հիվանդների մոտ խուճապային նոպաների կանխարգելման արդյունավետ դեղաչափը կարող է լինել մինչև 10 մգ օրական: Խուճապային խանգարման բուժման համար երկարատև արձակման (դանդաղ ազդող) հաբեր օգտագործելիս մեկնարկային դեղաչափն օրական 0,5 մգ է, իսկ միջին դեղաչափը՝ օրական 3-6 մգ:
  • Ալպրազոլամը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց դրա:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

Ալպրազոլամը մատչելի է հետևյալ դեղաձևերով՝

  • Հաբեր՝ 0.25, 0.5, 1 և 2 մգ
  • ER հաբեր (երկարաձգված ազատում)՝ 0.5, 1, 2 և 3 մգ
  • Հաբեր (բերանային տարրալուծվող) 0,25, 0,5, 1 և 2 մգ: 
  • Լուծույթ` 1 մգ/մլ

Պահպանում

  • Ալպրազոլամը պետք է պահպանվի սենյակային ջերմաստիճանում՝ 15-30° C (59 F-ից 86 F):

Ամփոփում

Ալպրազոլամը բենզոդիազեպինների ընտանիքի դեղամիջոց է, որոնք հանգստացնող դեղեր են և առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի դեղաչափ-կախված արգելակում: Ալպրազոլամը օգտագործվում է տագնապային խանգարումների և խուճապային նոպաների բուժման համար, որոնք առաջացնում են անիրատեսական անհանգստություն և տագնապ, շարժողական անհանգստություն, ցավեր, դող, շնչարգելություն, հևոց և խեղդվելու զգացողություն, հաճախասրտություն, քրտնարտադրություն, սառը կպչուն ձեռքեր, թեթև գլխապտույտ, կարմրություն, չափազանցված արձագանքներ, ուշադրության հետ կաված խնդիրներ և անքնություն: Ալպրազոլամի կողմնակի ազդեցությունները կարող են ներառել քնկոտություն, հոգնածություն, հիշողության հետ կապված խնդիրներ, խոսքի հետ կապված խնդիրներ, փորկապություն, քաշի փոփոխություններ, կախվածություն, գլխացավ, փորկապություն և բերանի չորություն: Մի՛ օգտագործեք այս դեղամիջոցը հղիության կամ կրծքով կերակրելու դեպքում:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-01-2024
Վերջին վերանայում՝ 30-01-2024