Դեղեր և հավելումներ
Ամոքսիցիլին

Ընդհանուր նկարագրություն
Ամոքսիցիլինը բոլոր տարիքային խմբերում բակտերիալ վարակների դեմ նշանակվող լայնորեն տարածված հակաբիոտիկ է:
Ամոքսիցիլինը պատկանում է պենիցիլինային հակաբիոտիկների խմբին:
Այս բոլոր հակաբիոտիկներն ունեն ազդեցության միանման մեխանիզմ: Դրանք անմիջականորեն չեն սպանում բակտերիաները, սակայն կարող են կանխարգելել դրանց բազմացումը՝ խոչընդոտելով բջջապատի ձևավորումը: Բջջապատը բակտերիային անհրաժեշտ է, որպեսզի պահի բջջի պարունակությունը և պաշտպանի արտաքին միջավայրի ազդեցություններից: Առանց բջջապատի բակտերիան չի կարող գոյատևել:
Ամոքսիցիլինն արդյունավետ է բազմաթիվ տարբեր բակտերիաների դեմ, այդ թվում՝
- H. influenzae
- N. gonorrhoea
- E. coli
- Pneumococci
- Streptococci
- Staphylococci-ի որոշ շտամներ:
Ամերիկյան FDA-ն Ամոքսիցիլինը հաստատել է դեռևս 1974թ: դեկտեմբերին:
Ամոքսիցիլինը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկի մեջ, որը ներառում է առողջապահական համակարգի համար առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոցները:
Բրենդային անվանումներ՝ Amoxil, Moxatag, Larotid
Օրինակներ
Պենիցիլինային շարքի այլ հակաբիոտիկներից են՝
- Ամպիցիլին
- Պիպերացիլին
- Տիկարցիլին և այլն:
Ցուցումներ
- Ամոքսիցիլինն օգտագործվում է այն վարակների բուժման համար, որոնք զգայուն են այս հակաբիոտիկի ազդեցության նկատմամբ:
- Ամոքսիցիլինը վիրուսների վրա որևէ ազդեցություն չունի:
- Ամոքսիցիլինն արդյունավետ է բազմաթիվ տարածված բակտերիալ վարակների բուժման ժամանակ, այդ թվում՝
- միջին ականջի վարակներ (միջին օտիտ)
- նշագեղձերի վարակներ (տոնզիլիտ)
- ըմպանի վարակներ (ֆարինգիտ)
- կոկորդի վարակներ (լարինգիտ)
- բրոնխների վարակներ (բրոնխիտ)
- թոքերի վարակներ (թոքաբորբ)
- միզասեռական և միզուղիների վարակներ
- Հելիկոբակտեր պիլորի (H. pylori) վարակ
- մաշկի վարակներ
- բակտերիալ էնդոկարդիտներ
- սիբիրյան խոց:
Ամոքսիցիլինը կարող է նշանակվել նաև գոնորեայի բուժման մեջ:
Կողմնակի ազդեցություններ
Ամոքսիցիլինի կողմնակի ազդեցություններից են՝
- նյարդաբանական խանգարումներ՝ գլխապտույտ, անքնություն կամ շշմածություն
- մարսողական խանգարումներ՝որովայնային ցավեր, փորլուծություն, այրոցք, սրտխառնոց և (կամ) փսխում
- հեշտությամբ առաջացող արյունազեղումներ կամ արյունահոսութոյւններ
- մաշկի ոչ ալերգիկ ցանավորում, քոր կամ ալերգիկ ռեակցիաներ:
Անձինք, ովքեր ունեն պենիցիլինի հետ կապ ունեցող ցեֆալոսպորինների խմբի հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա (օրինակ՝ Ցեֆակլոր, Ցեֆալեքսին և Ցեֆպրոզիլ), կարող են պենիցիլինների նկատմամբ ալերգիա դրսևորել կամ չդրսևորել:
Ծանր, սակայն հազվադեպ հանդիպող ռեակցիաներից են՝
- ցնցումներ
- գերսուր ալերգիկ ռեակցիա (անաֆիլաքսիա)
- արյան թիթեղիկների կամ կարմիր գնդիկների քանակի կրճատում (թրոմբոցիտոպենիա կամ էրիթրոցիտոպենիա):
Ամոքսիցիլինը կարող է փոփոխել հաստ աղու բակտերիալ կազմը և խթանել որոշ բակտերիաների գերբազմացումը, օրինակ՝ Clostridium difficile, որն էլ կարող է առաջացնել հաստ աղու բորբոքում (կեղծթաղանթային կոլիտ): Այն մարդիկ, ովքեր Ամոքսիցիլինո բուժումը սկսելուց հետո նշում են կեղծթաղանթային կոլիտի նշաններ (ջրիկ լուծ, ջերմության բարձրացում, որովայնային ցավեր և, հնարավոր է նաև՝ շոկ), ապա պետք է անհապաղ կապ հաստատեն իրենց բժշկի հետ:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
Ամոքսիցիլինը հազվադեպ է կապված հիմնական դեղերի հետ փոխազդեցության հետ:
Հղիություն և կրծքով կերակրում
- Պենիցիլիններն ընդհանուր առմամաբ համարվում են հղի կնոջ համար բավականին անվտանգ, եթե չկա պենիցիլինների նկատմամբ ալերգիա:
- Ամոքսիցիլինի փոքր քանակները կարող են կրծքի կաթով անցնել նորածնին՝ առաջացնելով փորլուծություն կամ ալերգիկ ռեակցիաներ, սակայն, ընդհանուր առմամբ, դեղը համարվում է կրծքով կերակրելիս բավականին անվտանգ: Ամոքսիցիլինը կարող է նշանակվել նաև նորածինների մոտ վարակային հիվանդություններ բուժելիս:
Դեղաչափեր
- Բազմաթիվ վարակների ժամանակ, հիվանդության ծանրության աստիճանից կախված՝ չափահասները կարող են Ամոքսիլիցին ընդունել 250 մգ-ից՝ 8 ժամը մեկ, 500 մգ-ից՝ 8 ժամը մեկ, 500 մգ-ից՝ 12 ժամը մեկ կամ 875 մգ-ից՝ 12 ժամը մեկ, խմելու ձևով:
- Չափահաս մարդկանց մոտ գոնորեան բուժելու համար նշանակվում է Ամոքսիցիլինի 3 գրամ միանվագ դեղաչափ:
- Բազմաթիվ վարակների ժամանակ 3 ամսականից բարձր, սակայն մինչև 40 կգ քաշ ունեցող երեխաներին Ամոքսիցիցլինը կարող է նշանակվել 12 ժամը մեկ ընդունման ձևով, հիվանդության տեսակից կամ ծանրության աստիճանից կախված՝ 20 կամ 40 մգ/կգ/օր դեղաչափով, օրական դեղաչափը բաժանելով 8 ժամը մեկ ընդունելու համար.
- Ամոքսիցիլինը կարող է խմվել սննդի հետ միասին կամ առանց սննդի:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Պատիճներ՝ 250 և 500 մգ:
- Հաբեր՝ 500 մգ և 750 մգ:
- Ծամվող հաբեր՝ 125, 200, 250 և 400 մգ:
- Փոշի՝ կախույթի համար (սուսպենզիա)՝ 50 մգ/մլ, 125, 200, 250 և 400 մգ/5 մլ:
- Հաբ (երկարատև ազդեցության)՝ 775 մգ:
Պահպանում
- Ամոքսիցիլինի պատիճները, ինչպես նաև 125 և 250 մգ չոր փոշիները պետք է պահպանել 20°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Ծամվող հաբերը, 200 և 400 մգ չոր փոշիները պետք է պահպանել 25°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Ջրի հետ խառնված փոշին պետք է օգտագործվի 14 օրվա ընթացքում: Սառնարանային պայմանում պահպանելը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է:
Ամոքսիցիլինի վերաբերյալ այլ տեղեկություններ
- Ամոքսիցիլինը մատչելի է գեներիկ դեղաձևով և պետք է օգտագործվի միայն բժշկի նշանակմամբ:
- Ամոքսիցիլինը դեղատներում վաճառվում է տարատեսակ բրենդային անվանումների ներքո:
- Ամոքսիցիլինը քայքայվում է β-լակտամազ-արտադրող բակտերիաների կողմից, որոնք մեծ մասամբ դիմացկուն են β-լակտամային հակաբիոտիկների նկատմամբ, ինչպիսիք են պենիցիլինը: Այդ իսկ պատճառով, այն կարելի է համակցել կլավուլանաթթվի հետ, որը հանդիսանում է β-լակտամազի արգելակիչ:
Ամփոփում
Ամոքսիցիլինը պենիցիլինների շարքի հակաբիոտիկ է: Այն վաճառվում է ամենատարբեր բրենդային անվանումների ներքո: Ամոքսիցիլինը լայնորեն նշանակվում է տարբեր վարակային հիվանդությունների ժամանակ՝ միջին ականջի վարակներ, տոնզիլիտ, լարինգիտ, բրոնխիտ, թոքաբորբ, մաշկի վարակներ, գոնորեք և միզուղիների վարակներ:
Ամոքսիցիլինի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, քոր, փսխում, շշմածություն, որովայնի ցավ և հեշտությամբ արյունազեղումների առաջացում:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 08-11-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: