Ընդհանուր նկարագրություն
Հակահիստամինային դեղերը նշանակվում են ալերգիաների կամ ալերգիկ ռեակցիաների բուժման մեջ, որոնք հաճախ հանդիպող վիճակներ են և մարդկանց շուրջ մեկ երրորդն իր կյանքի որևէ շրջանում առնչվում է այս խնդրին:
Այնուամենայնիվ, ալերգիկ ռեակցիաների մեծ մասի ախտանիշները սովորաբար մեղմ են և գերակշռող դեպքերում հեշտությամբ բուժվում են հակահիստամիններ անվանումը կրող դեղամիջոցներից մեկնումեկով:
Ձեր օրգանիզմը կարող է գերզգայուն դառնալ արտաքին միջավայրի սովորաբար անվնաս կամ ձեր շրջապատի կամ առօրյա օգտագործման նյութերի նկատմամբ՝ սննդամթերքներ, բույսեր, կենդանիներ, դեղեր և այլն: Երբ որևէ նյութ ձեզ մոտ առաջացնում է ալերգիա, ուրեմն դուք այդ նյութի նկատմամբ ալերգիկ եք, իսկ նյութն էլ կկոչվի ալերգեն:
Երբ դուք շփվում եք ալերգենի հետ, ձեր օրգանիզմում առաջանում է հիստամին նյութը: Հենց հիստամինն է, որն առաջացնում է փռշտոց, քթահոսություն, աչքերի ու մաշկային քոր և այտուցվածություն: Նման ճանապարհով ձեր օրգանիզմը փորձում է ազատվել ալերգենից:
Հակահիստամինները դեղեր են, որոնք արգելակում են հիստամինի նկատմամբ օրգանիզմի պատասխան արձագանքը` թուլացնելով այն և մեղմացնելով ալերգիայի ախտանիշները:
Հակահիստամինային դեղերը բաժանվում են երկու դասի:
- Առաջին սերնդի կամ ավելի հին դեղերը ունեն բազմաթիվ «բացեր», այդ թվում՝ քնկոտություն առաջացնելու և զգալի հակախոլիներգիկ կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ կարող են առաջացնել դժվարամիզություն կամ փորկապություն: Այս պատճառներից ելնելով առաջին սերնդի դեղերը հաճախ չեն օգտագործվում:
- Երկրորդ սերնդի կամ նոր հակահիստամինային դեղերի վերոնշյալ կողմնակի ազդեցություններն ավելի թույլ են արտահայտված:
Հակահիստամինային դեղերը տարբերվում են նաև իրենց ազդեցության տևողությամբ: Երկարատև ազդող հակահիստամինայինները կարող են ախտանիշների մեղմացումը պահել մինչև 8-12 ժամ, մինչդեռ կարճատև ազդողները՝ մինչև 4 ժամ, սակայն՝ ազդեն ավելի արագ:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Օրինակներ
Առաջին սերնդի հակահիսամիններ
- Բրոմֆենիրամին
- Քլորֆենիրամին
- Դիֆենհիդրամին
- Դոքսիլամին
- Կարբինօքսամին
Երկրորդ սերնդի հակահիսամիններ
- Ֆեքսոֆենադին
- Լարատադին
- Դեսլորատադին
- Ցերտիրիզին
Ցուցումներ
Հակահիստամինները սովորաբար նշանակվում են ալերգիաների և գերզգայունության հետ փոխկապակցված տարբեր վիճակների և հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝
- ալերգիկ ռինիտ (հարդային տենդ)
- եղնջացան և անգիոայտուց
- ալերգիկ կոնյուկտիվիտ (աչքի շաղկապենու բորբոքում)
- էկզեմա (ատոպիկ դերմատիտ) կամ կոնտակտային դերմատիտ
- ասթմա, երբ թոքերի օդատար խողովակները ալերգիկ ֆոնի վրա նեղանում են
- միջատների խայթոց:
Որոշ հակահիստամիններ կարող են նշանակվել նաև ոչ ալերգիկ վիճակների բուժման ժամանակ, օրինակներից են՝ ծովային հիվանդություն, անքնություն և այրոցք (изжога) կամ ստամոքսի խանգարում (դիսպեպսիա):
Բերանային (օրալ) ընդունվող հակահիստամինային դեղերը կարող են նշանակվել ալերգիկ ռեակցիայի ընդհանուր կամ համակարգային նշանները մեղմացնելու համար: Այլ հակահիստամինայինները կարող են նշանակվել աչքի կամ քթի կաթիլների տեսքով՝ միայն տեղային երևույթները բուժելիս:
Հակահիստամինային դեղերի մի մասը կարող է դրսևորել հանգստացնող կամ քնաբեր ազդեցություն, մյուսները՝ ոչ:
Գերսուր ալերգիկ ռեակցիաների՝ անաֆիլաքսիայի ժամանակ հակահիստամինային դեղերն անօգուտ են:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Հակահիստամինային դեղերը որոշ մարդկանց մոտ կամ որոշ դեպքերում կարող են առաջացնել մի շարք անցանկալի երևույթներ:
Առաջին սերնդի հակահիստամինային դեղամիջոցները ավելի հազվադեպ են օգտագործվում ալերգիաների բուժման մեջ, քանի որ առաջացնում են զգալի քնկոտություն (սեդացիա): Դրանք նաև պետք է զգուշությամբ նշանակվեն մեծ տարիքի մարդկանց, քանի որ վերջիններս ավելի զգայուն են դրանց հակախոլիներգիկ ազդեցությունների նկատմամբ, այդ թվում՝
- քնկոտություն
- բերանի չորություն
- արցունքի արտադրության կրճատում
- միզակապություն (միզելու դժվարացում)
- աղավաղված տեսողություն
- փորկապություն
- աժիտացիա:
Կողմնակի ազդեցությունների արտահայտվածության պատճառով առաջին սերնդի հակահիստամինային դեղեր նշանակելիս պետք է հատուկ ուշադրության արժանան այն պացիենտներն, ովքեր ունեն՝
- ցնցումներ
- գլաուկոմա
- տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի խնդիրներ
- վահանաձև գեղձի խանգարումներ
- բարձր արյան ճնշում
- դիաբետ:
Երկրորդ սերնդի հակահիստամինային դեղամիջոցներն ավելի քիչ սեդատիվ են, քան առաջին սերնդինը: Սետիրիզինը կարող է նորմալ դեղաչափերով որոշ պացիենտների մոտ առաջացնել սեդացիա, մինչդեռ քնկոտությունը անհանգստացնող է դառնում միայն Լորատադինի նորմայից բարձր դեղաչափեր ընդունելիս: Ամենաթույլ սեդատիվ ազդեցությամբ օժտված է Ֆեքսոֆենադինը:
Բոլոր հակահիստամինային դեղերին հատուկ կողմնակի ազդեցություններից են՝
- գլխապտույտ
- բերանի չորություն
- աչքերի չորություն
- խանգարված (մշուշոտ) տեսողություն
- միզարձակման հետ կապված խնդիրներ
- փորկապություն
- հոգեկան շեղումներ:
Փոխազդեցություններ
Հակահիստամինային դեղերը կարող են առաջացնել քնկոտություն (սեդացիա): Երբ հակահիստամինային դեղերը զուգակցվում են քնկոտություն առաջացնող այլ դեղերի հետ, արդյունքում առաջ է գալիս ավելի խոր քնկոտություն:
Այսպիսի օրինակներից են՝
- քնաբեր հաբեր
- ալկոհոլ
- հակացնցումային դեղեր
- որոշ հակադեպրեսանտներ (մասնավորապես՝ եռացիկլիկ խմբի)
- հակափսիխոտիկներ
- մկանային ռելաքսանտներ
- թմրաբեր ցավազրկողներ
- ՄԱՕ արգելակիչներ, որոնք նշանակվում են տրամադրության խանգարումների ժամանակ:
- այլ հակահիստամինային դեղեր:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Եթե հղի կնոջ մոտ առկա է ալերգիկ ռինիտ, առաջին հերթին պետք է քննարկել ոչ դեղորայքային բուժման մեթոդները՝ աղաջրային քթային սփրեյներ և այլն: Եթե, այնուամենայնիվ, հղիության ընթացքում հակահիստամինային դեղերը դառնում են անհրաժեշտ, նախընտրելի են երկրորդ սերնդի դեղամիջոցները, քանի որ ունեն ավելի թույլ արտահայտված կողմնակի հակախոլիներգիկ ազդեցություններ (օրինակ՝ Լորատադին և Ցետիրիզին):
- Եթե ընդունում եք հակահիստամինային որևէ դեղամիջոց կամ այն պարունակող որևէ պատրաստուկ, մեքենա վարելիս կամ ուշադրություն պահանջող այլ գործեր կատարելիս պետք է առավել զգույշ լինել: Նույնիսկ քնաբեր ազդեցությունից զերծ հակահիստամինային դեղերը կարող են առաջացնել որոշակի քնկոտություն և ուշադրության թուլացում:
Մինչև որևէ հակահիստամինային դեղամիջոց ընդունելը անհրաժեշտ է խոսել ձեր բժշկի հետ, եթե՝
- ունեք լյարդային կամ երիկամային որևէ հիվանդություն
- ձեզ ախտորոշել են պորֆիրիա
- հղի եք կամ կրծքով կերակրող մայր
- տղամարդ եք և ունեք շագանակագեղձի ադենոմա:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- հաբեր
- ծամելու հաբեր
- բերանում մանրացվող հաբեր
- պատիճներ
- լուծույթ
- օշարակ
- այլ դեղերի (օրինակ՝ ցավազրկողների) հետ համակցված պատրաստուկներ
- ներարկման լուծույթներ
Ամփոփում
Հակահիստամինային դեղերն օգտագործվում են ուժեղացած քթային արտադրության և փակվածության, քթահոսության, մրսածության, ըմպանում քորի զգացողության, մաշկային ցաների, եղնջացանի և մաշկի քորի, ինչպես նաև աչքերի արցունքակալման և քորի ժամանակ: Որոշ հակահիստամինային դեղեր նաև նշանակվում են տագնապը, անքնությունը և ծովային հիվանդությունը բուժելիս:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 05-06-2023