Դեղեր և հավելումներ

Անգիոտենզին II ընկալիչի պաշարիչներ (ԱԸՊ, ARBs)

Ընդհանուր նկարագրություն

Անգիոտենզին II ընկալիչի պաշարիչները կամ արգելակիչները (ԱԸՊ) վերջին տարիներին լայնորեն օգտագործվող դեղաբանական խումբ է, որը նշանակվում է բարձր արյան ճնշման բուժման մեջ:

Անգիոտենզին II-ը ուժեղ ազդող քիմիական նյութ է, որն առաջանում է արյան մեջ և առաջացնում արյունատար անոթները շրջապատող մկանների կծկում և այդ անոթների նեղացում՝ բերելով այդ անոթներում արյան ճնշման բարձրացման (հիպերտենզիա): Անգիոտենզին II ընկալիչի պաշարիչները (ԱԸՊ) դեղեր են, որոնք արգելակում են անգիոտենզին II-ի այս ազդեցությունը՝ կանխարգելելով վերջինիս կապվելը անոթների պատի մկանների անգիոտենզին II-ի ընկալիչների հետ, որի արդյունքում արյան անոթները լայնանում են (դիլատացիա) և արյան ճնշումը նվազում է:

Նվազած արյան ճնշման պայմաններում հեշտանում է սրտի կողմից արյան արտամղումը դեպի արյունատար անոթներ և բարելավվում է սրտային անբավարարությունը: Միևնույն ժամանակ, դանդաղում է բարձր արյան ճնշմամբ կամ դիաբետով պատճառված երիկամային հիվանդության հարաճուն զարգացումը: ԱԸՊ ունեն ԱՓՖ արգելակիչներին նմանվող ազդեցություններ, սակայն ԱՓՖ արգելակիչները կանխարգելում են Անգիոտենզին II-ի առաջացումը, այլ ոչ թե պաշարում Անգիոտենզին II-ի կապվելը անոթների մկանների Անգիոտենզին II ընկալիչների հետ:

Օրինակներ

Ներկայում մատչելի ԱԸՊ դեղերից են՝

  • Ազիլսարտան
  • Կանդեսարտան
  • Էպրոսարտան
  • Իրբեսարտան
  • Տելմիսարտան
  • Վալսարտան
  • Լոզարտան
  • Օլմեսարտան
  • Էնտրեստո
  • Բիվալսոն:

ԱԸՊ դեղերն իրենց ազդեցությամբ և կողմնակի ազդեցություններով միմյանց նման են, սակայն կարող են տարբերվել օրգանիզմից հեռացման ձևով և օրգանիզմում տեղաբաշխման առանձնահատկություններով:

  • Որոշ ԱԸՊ կարող են օրգանիզմում փոխակերպվել իրենց ակտիվ ձևերին՝ մինչև արյան ճնշումը նվազեցնող ազդեցության դրսևորումը: Միևնույն ժամանակ, որոշ ԱԸՊ դեղեր ավելի լավ են նվազեցնում ճնշումը, քան մյուսները:
  • Որոշ հետազոտություններ վկայում են, որ Իրբեսարտանը և Կանդեսարտանն ավելի լավ են նվազեցնում արյան ճնշումը, քան Լոզարտանը:

Ցուցումներ

Ինչպես նշվեց, ԱԸՊ դեղերը դրսևորում են ԱՓՖ արգելակիչների նման ազդեցություններ, ուստի հաճախ դրանք կարող են նշանակվել այն մարդկանց, ովքեր լավ չեն տանում ԱՓՖ արգելակիչները (օրինակ՝ ի հայտ է գալիս ուժեղ հազ):

Կողմնակի ազդեցություններ

ԱԸՊ լավ տարվում են բազմաթիվ մարդկանց կողմից: Այս դեղերի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

ԱՓՖ արգելակիչների հետ համեմատած, այս խմբի դեղերը հազ ավելի հազվադեպ են առաջացնում:

ԱԸՊ ծանր կողմնակի ազդեցությունները

  • Ամենածանր, սակայն խիստ հազվադեպ կողմնակի ազդեցություններից են՝
  • Կան ԱԸՊ-ից ռաբդոմիոլիզի առաջացման զեկույցներ (կմախքային մկանների քայքայում):
  • Երիկամները սնուցող զարկերակների նեղացմամբ մարդիկ կարող են ուժեղ ռեակցիա դրսևորել ԱԸՊ-ների նկատմամբ, ուստի պետք է խուսափեն այս խմբի դեղեր ընդունելուց:
  • Արյան ճնշումը նվազեցնող այլ դեղերի նման ԱԸՊ-ները կարող են առաջացնել սեռական դիսֆունկցիա:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • ԱԸՊ-ներն այլ դեղերի հետ դրսևորում են քիչ փոխազդեցություն:
  • ԱԸՊ-ները կարող են բարձրացնել արյան կալիումի մակարդակը, ուստի կալիումական հավելումների կամ կալիում պարունակող կերակրի աղի փոխարինիչների հետ միասին օգտագործելիս կարող է գրանցվել արյան կալիումի մակարդակի վտանգավոր բարձրացում և սրտային առիթմիաներ:
  • ԱԸՊ-ները նաև կարող են բարձրացնել արյան լիթիումի մակարդակը, ուստի լիթիում պարունակող կամ լիթիումի պատրաստուկների հետ զուգակցելիս կարող է զարգանալ լիթիումի կողմնակի ազդեցությունների ուժգնացում:
  • Ռիֆամպինը կրճատում է արյան մեջ Լոզարտանի մակարդակը, իսկ Ֆլուկոնազոլը՝ Լոզարտանի փոխակերպումն ակտիվ ձևի: Այս փոփոխությունները կարող են նվազեցնել Լոզարտանի բուժական ազդեցությունը:
  • ԱԸՊ-ները չի կարելի զուգակցել
  • ԱԸՊ-ները չի կարելի զուգակցել ԱՓՖ արգելակիչների հետ, քանի որ բարձրանում է արյան ճնշման կտրուկ անկման (հիպոտենզիա), հիպերկալեմիայի (արյան կալիումի մակարդակի բարձրացում) և երիկամների վնասման ռիսկը:
  • ԱԸՊ-ները չի զուգակցել Ալիսկիրենի հետ, քանի որ կարող է բարձրանալ երիկամային անբավարարության, անցանկալի ցածր արյան ճնշման և հիպերկալեմիայի ռիսկը:

Հղիություն և կրծքով կերակրում

ԱԸՊ դեղեր չի կարելի նշանակել հղի կանանց, քանի որ կարող է զարգանալ «օլիգոհիրամնիոզ» վիճակը, որը կարող է բերել պտղի ծանր վնասման և անգամ մահվան:

Ամփոփում

Անգիոտենզին II ընկալիչի պաշարիչները (ԱԸՊ) արյան ճնշման կառավարման, սրտային անբավարարության բուժման և դիաբետով կամ բարձր արյան ճնշմամբ մարդկանց մոտ երիկամային անբավարարության կանխարգելման բուժման մեջ նշանակվող դեղաբանական խումբ է:

ԱԸՊ դեղերից են՝ Կանդեսարտան, Էպրոսարտան, Իրբեսարտան, Տելմիսարտան, Վալսարտան, Լոզարտան և Օլմեսարտան: Մինչև այս դեղերի ընդունումը պետք է մանրակրկիտ կերպով ծանոթանալ այլ դեղերի հետ փոխազդեցության, դեղաչափավորման, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում հնարավոր անցանկալի երևույթների և այլ կարևոր տեղեկատվությանը:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 23-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: