Ընդհանուր նկարագրություն
Ասպիրինը կամ ացետելսալիցաթթուն լայնորեն տարածված դեղ է, որը սովորաբար օգտագործվում է թույլ ցավերը հանելու և ջերմությունը նվազեցնելու, ինչպես նաև արյան մածուցիկությունը նվազեցնելու (արյունը «ջրիկացնելու») համար:
Արյան մակարդուկների (թրոմբ) հետ կապված խնդիրներ, ինսուլտ և սրտամկանի ինֆարկտ ունեցող մարդիկ կարող են Ասպիրին օգտագործել ցածր դեղաչափերով երկար ժամանակաշրջանում:
Ասպիրինը պարունակում է սալիցիլատ, որն առկա է ուռենու կեղևի մեջ: Հիպոկրատյան ժամանակներում՝ Ք.Ծ.Ա. 400-ական թվականներին մարդիկ ծամել են ուռենու կեղևը՝ մեղմացնելու բորբոքումը և բարձր ջերմությունը:
Ասպիրինը հաճախ տրվում է սրտամկանի ինֆարկտից անմիջապես հետո, որ կանխարգելվի նոր արյան մակարդուկների առաջացումը և սրտամկանը պաշտպանվի մեռուկացումից (նեկրոզ):
Ասպիրինը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ):
ՈՍՀԲԴ-ները դեղամիջոցներ են, որոնք օժտված են հետևյալ ազդեցություններով՝
- ցավազրկող. մեղմացնում են ցավն առանց անզգայացման և գիտակցության անջատման
- ջերմիջեցնող. նվազեցնում են մարմնի ջերմաստիճանը
- հակաբորբոքային. բարձր դեղաչափերով ունակ են մեղմացնել բորբոքային գործընթացները:
«Ոչ ստերոիդ»-ը նշանակում է, որ այս դեղերը ստերոիդ (հորմոնային) դեղեր չեն: Ստերոիդները հաճախ օժտված են նման ազդեցություններով, սակայն նաև ունեն անցանկանալի կողմնակի ազդեցություններ:
Որպես ցավազրկողներ, ՈՍՀԲԴ-ները թմրամիջոցներ չեն: Սա նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել թմրամիջոցներին հատուկ էյֆորիա կամ ընկալման և գիտակցության փոփոխություններ: Ասպիրինն առաջին հայտնաբերված ՈՍՀԲԴ-ն է:
Ասպիրինն իր ներկա կառուցվածքով որպես դեղամիջոց հայտնի է ավելի քան 100 տարի, և մինչ օրս ամենահաճախ նշանակվող կամ օգտագործվող դեղն է: Գնահատականները ցույց են տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր տարի օգտագործվում է մոտ 35 հազար տոննա Ասպիրին:
«Ասպիրին» անվանումը գերմանական «Բայեր» դեղագործական ընկերության բրենդային անվանումն է, որի մասին տեղյակ են գրեթե բոլոր չափահաս մարդիկ: Դեղի գեներիկ անվանումն է «ացետիլսալիցիլաթթու»:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Arthritis Foundation Safety Coated Aspirin, Bayer Aspirin, Bayer Children's Aspirin, Ecotrin
Օրինակներ
Այս խմբի այլ դեղերից են՝
- Պարացետամոլ
- Իբուպրոֆեն
- Նապրոքսեն
- Ինդոմեթացին
- Նաբումետոն
- այլ տասնակ դեղեր:
Ցուցումներ
Ասպիրինն օգտագործվում է հոդաբորբերի բազմաթիվ տեսակներով ու տարբերակներով պայմանավորված բորբոքումը, ջերմության բարձրացումը և ցավը բուժելու համար, օրինակ՝
- ռևմատոիդ արթրիտ
- պատանեկան ռևմատոիդ արթրիտ
- համակարգային կարմիր գայլախտ
- անկիլացնող սպոնդիլիտ (Բեխտերևի հիվանդություն)
- Ռոյտերի համախտանիշ
- օստեոարթրիտ
- փափուկ հյուսվածքի վնասվածքներ, օրինակ՝ ջլաբորբ (տենդինիտ) և ձուսպապարկի բորբոքում (բուրսիտ):
Ասպիրինը նաև օգտագործվում է այլ բորբոքային վիճակների ժամանակ թույլից մինչև չափավոր ցավի և բարձր ջերմության արագ բուժման համար, օրինակ՝
- մրսածություն
- ռևմատիզմ
- սրտապարկի բորբոքում (պերիկարդիտ)։
Ասպիրինը երկար ժամանակվա ընթացքում արգելակում է թրոմբոցիտների միաձուլման և արյան մակարդուկ առաջացնելու ունակությունը, ուստի նաև օգտագործվում է որպես նոր իշեմիկ («ոչ արյունահոսող») ինսուլտի կամ սրտամկանի ինֆարկտի ռիսկը նվազեցնող միջոց այն անձանց մոտ, ովքեր արդեն ունեցել են ինսուլտ կամ ինֆարկտ:
Ցածր դեղաչափերով ամենօրյա Ասպիրին կարող է նշանակվել հետևյալ նպատակներով՝
- արյան մակարդուկների (թրոմբ) առաջացման, անցողիկ իշեմիկ գրոհի («միկրոինսուլտ») և ոչ կայուն կրծքահեղձուկի (ստենոկարդիայի) կանխարգելում
- սրտանոթային հիվանդություննեով մարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտի կանխարգելում (թրոմբի առաջացման խոչընդոտման միջոցով)
- ինսուլտի կանխարգելում (սակայն ոչ՝ բուժում)
- հաստ աղիների քաղցկեղի կանխարգելում:
Ասպիրինը և երեխաները
Սովորաբար մինչև 16 տարեկան երեխաների համար Ասպիրինը լավագույն ընտրության դեղ չէ, քանի որ տարիքային այս խմբում կարող է բարձրացնել Ռեյի համախտանիշի ռիսկը: Վերջինս կարող է ի հայտ գալ վիրուսային վարակից հետո (մրսածություն և գրիպ, ջրծաղիկ և այլն): Այս հիվանդությունը կարող է բերել գլխուղեղի անդառնալի ախտահարման (էնցեֆալոպաթիա) կամ նույնիսկ ավարտվել մահվան ելքով:
Սակայն մասնագետ-բժիշկները կարող են երեխաներին Ասպիրին նշանակել որոշ հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ Կավասակիի հիվանդություն), ինչպես նաև սրտի «մեծ» վիրահատությունից հետո՝ որպես արյան մակարդուկների առաջացումը կանխարգելող դեղամիջոց:
Եթե Ասպիրինի օգտագործումը երեխային հակացուցված է, նշանակվում են ՈՍՀԲԴ խմբի այլ դեղամիջոցներ, օրինակ՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն:
Ցածր դեղաչափի Ասպրինին
Ասպիրինի ցածր դեղաչափերը՝ օրական 75-81 միլիգրամը (մգ) կարող է օգտագործվել որպես արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները միմյանց միաձուլումը կանխարգելող դեղամիջոց, որն այս մեխանիզմով կանխարգելում է նաև արյան մակարդուկների ձևավորումը:
Այս նպատակով Ասպիրինը կարող է նշանակվել այն մարդկանց, ովքեր՝
- անցել են սրտի պսակային զարկերակների ստենտավորման միջամտություն
- ունեն սրտամկանի ինֆարկտ
- ունեն «ոչ արյունահոսող» (իշեմիկ) ինսուլտ
- ունեն շողացող առիթմիա
- ունեն սուր պսակային համախտանիշ:
Բժիշկը ձեզ կարող է նաև նշանակել ցածր դեղաչափով ամենօրյա Ասպիրին, եթե առկա են հետևյալ ռիսկի գործոնները, որոնք, ամենայն հավանականությամբ, կարող են բարձրացնել սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի ռիսկը՝
- արյան խոլեստերինի բարձր մակարդակ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- շաքարային դիաբետ (շաքարախտ)
- դուք ծխող եք:
Ասպիրինի ցածր դեղաչափերի ամենօրյա ընդունումը կարող է օգնել, եթե ունեք հետևյալ առողջական խնդիրները՝
- աչքի ցանցաթաղանթի խնդիրներ (ռետինոպաթիա)
- ավելի քան 10 տարի է, որ ունեք դիաբետ
- խմում եք արյան ճնշումը նվազեցնող դեղեր:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Բազմաթիվ մարդիկ օգտվում են Ասպիրինի և մյուս ՈՍՀԲԴ-ների բարերար ազդեցություններից՝ զգալով միայն քիչ կամ թույլ կողմնակի երևույթներ: Այնուամենայնիվ, Ասպիրինը կարող է պատճառել լուրջ կողմնակի ազդեցություններ, որոնք հիմնականում կախված են դեղաչափից: Ուստի, խորհուրդ է տրվում ըստ հնարավորության օգտագործել դեղի ամենացածր արդյունավետ դեղաչափ՝ նվազագույնի հասցնելու հնարավոր անցանկալի ազդեցությունները:
Ասպիրինի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները ներառում են ստամոքս-աղիքային համակարգի ախտանիշները և ականջներում աղմուկը (տինիտուս):
Ստոմոքս-աղիքային կողմնակի ազդեցություններ
- ստամոքսի կամ տասներկումատնյա աղու (պեպտիկ) խոցի առաջացում
- որովայնում այրոցանման կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ)
- որովայնային ցավեր
- որովայնային կծկանքներ
- սրտխառնոց
- ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում (գաստրիտ)
- ստամոքս-աղիքային արյունահոսություն
- լյարդի թունավոր (տոքսիկ) ախտահարում:
Երբեմն խոցերի առաջացումը և արյունահոսությունը կարող են զարգանալ առանց որովայնային ցավերի: Սև ձութանան կղանքը, ընդհանուր թուլությունը և կանգնելիս գլխապտույտը (օրթոստատիկ հիպոտենզիա) կարող են լինել ներքին արյունահոսության միակ նշանները:
Աղմուկ ականջներում
- Եթե Ասպիրին ընդունող անձանց մոտ ի հայտ է գալիս ականջներում զնգոց կամ այլ աղմուկ (կոչվում է տինիտուս), դեղաչափը պետք է կրճատել:
Այլ կողմնակի ազդեցություններ
- մաշկային ցան
- երիկամների վնասում
- վերտիգո
- գլխապտույտ:
Այլ կողմնակի ռեակցիաներ
- Պեպտիկ խոցով կամ երիկամների գործունեության խանգարմամբ հիվանդները պետք է խուսափեն Ասպիրին օգտագործելուց, քանի որ այս դեղամիջոցը կարող է ակտիվացնել կամ սրացնել երկու հիվանդություններն էլ:
- Ասպիրինը կարող է նպաստել ասթմայի սրացմանը կամ նոպայի զարգացմանը:
- Ասպիրինը կարող է բարձրացնել արյան միզաթթվի մակարդակը և պետք է չտրվի հիպերուրիկեմիայով և պոդագրայով անձանց:
- Չի կարելի Ասպիրին տալ երեխաներին և մինչև 16 տարեկան անչափահասներին որպես մրսածության և գրիպի կամ ջրծաղիկի ախտանիշները մեղմացնող դեղամիջոց, քանի որ Ասպիրինը կարող է բարձրացնել այս հիվանդություններով պատճառվող Ռեյի համախտանիշի ռիսկը՝ լյարդի և նյարդային համակարգի ծանր հիվանդություն, որը կարող է բերել կոմայի և մահվան:
- Ասպիրինը կարող է բարձրացնել դիաբետի բուժման դեղերի ազդեցությունը՝ առաջացնելով արյան գլյուկոզի կտրուկ անկում (հիպոգլիկեմիա), հատկապես, երբ արյան շաքարի մակարդակը պատշաճ չի վերահսկվում:
- ՈՍՀԲԴ-ների օգտագործումը պետք է ընդհատել որոշ վիրահատական միջամտություններից 10-14 օր առաջ՝ արյունահոսություններից խուսափելու համար:
Փոխազդեցություններ
Ասպիրինը կապված է մի շարք կասկածելի կամ հնարավոր փոխազդեցությունների հետ, որոնք կարող են ազդել այլ դեղամիջոցների վրա:
- Ասպիրինը կարող է բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս միներալի դուրսբերումը, որի պատճառով կարող է բարձրանալ Լիթիումի թունավոր ազդեցությունը:
- Ասպիրինը կարող է թուլացնել բարձր արյան ճնշման բուժման դեղերի հակահիպերտենզիվ (ճնշումը նվազեցնող) ազեդեցությունը: Նման փոխազդեցության մեջ կարող է դեր խաղալ արյան ճնշման կարգավորման մեջ մասնակցող պրոստոգլանդինների քչացումը:
- Երբ Ասպիրինը զուգակցվում է Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների հետ, ինչպիսին է Գենտամիցինը, կարող է արյան մեջ բարձրանալ վերջին երկուսի մակարդակները, հավանաբար, օրգանիզմից դրանց հեռացումը դանդաղելու հաշվին: Նման փոխազդեցությամբ կարող են ավելանալ Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզների հետ կապված կողմնակի ազդեցությունները:
- Հակամակարդիչներ, օրինակ՝ Վարֆարին ստացող անձինք պետք է զերծ մնան Ասպիրին ընդունելուց, քանի որ վերջինս նույնպես «ջրիկացնում է» արյունը, և լրացուցիչ հակամակարդիչ ազդեցությունը կարող է բերել արյունահոսությունների:
- Ասպիրինը սերոտոնինի հետադարձ զավթումն ընկճող հակադեպրեսանտների հետ զուգակցելիս (օրինակ՝ Ցիտալոպրամ, Ֆլուքետին, Պարոքսետին, Վենլաֆաքսին և Սերտրալին), կարող է բարձրանալ արյունահոսության ռիսկը:
- Ասպիրինն այլ ՈՍՀԲԴ-ների հետ զուգակցելիս (օրինակ՝ Դիկլոֆենակ, Իբուպրոֆեն, Ինդոմեթացին կամ Նապրոքսեն), նույնպես կարող է բարձրանալ ստամոքսային արյունահոսության ռիսկը:
Ասպիրինի ոչ ցանկալի փոխազեցությունները չի սահմանափակվում միայն վերոնշյալ դեղամիջոցներով, ուստի բոլոր դեպքերում խոսեք ձեր բժշկի հետ, եթե ստիպված եք ընդունել մեկից ավելի դեղեր:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Ընդհանուր առմամբ, հղի կանայք պետք է խուսափեն Ասպիրին ընդունելուց, քանի որ պտղի մոտ կարող են ի հայտ գալ կողմնակի ազդեցություններ: Սակայն Ասպիրինի ցածր դեղաչափերն անվտանգ օգտագործվել են հղիության որոշ բարդությունների կանխարգելման մեջ:
- Ասպիրինն արտազատվում է կրծքի կաթի մեջ և այդ կաթով սնվող նորածնի մոտ կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ:
Դեղաչափեր
Ասպիրինը պետք է ընդունվի սննդի հետ միասին: Կախված օգտագործման նպատակից, Ասպիրինի դեղաչափը կարող է տատանվել սկսած 50 մգ-ից մինչև 6000 մգ:
- Թույլից մինչև չափավոր ցավեի դեպքում Ասպիրինի սովորական դեղաչափերն են 350 կամ 650 մգ յուրաքանչյուր 4 ժամը մեկ կամ 500 մգ յուրաքանչյուր 6 ժամը մեկ:
- Ռևմատոիդ արթրիտի դեպքում Ասպիրինի դեղաչափն է 500 մգ-ից յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ կամ 650 մգ յուրաքանչյուր 4 ժամը մեկ կամ 1000 մգ յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ կամ 1950 մգ օրական երկու անգամ:
- Սրտամկանի ինֆարկտի կանխարգելիչ դեղաչափն է օրական 75 կամ 81 կամ 162 կամ 325 մգ:
- Սրտամկանի ինֆարկտի ախտանիշներ զգալուց անմիջապես հետո պետք է ծամել 160-325 մգ ոչ էնտերիկ թաղանթապատ Ասպիրին:
- Տարած ինսուլտից հետո նոր ինսուլտի կանխարգելման համար Ասպիրինի դեղաչափն օրական 75-100 մգ է:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Ծամելի հաբեր` 81 մգ:
- Փոքր հաբեր (կապլետ) և հաբեր՝ 325 մգ և 500 մգ:
- Էնտերիկ թաղանթապատ պատիճներ և հաբեր՝ 325 մգ և 500 մգ:
Պահպանում
- Հաբերը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (20-25° C), փակ տուփում: Խուսափել խոնավությունից:
Ամփոփում
Ասպիրինը կարող է օգնել բազմաթիվ հիվանդությունների բուժմանը կամ կանխարգելմանը, սակայն այս դեղը խմող յուրաքանչյուր անձ պետք է նախապես խորհրդակցի իր բժշկի հետ: Մինչև 16 տարեկանները պետք է խուսափեն Ասպիրին ընդունելուց, իսկ եթե այլընտրանք չկա, ապաԱսպիրինով բուժումը պետք է ստանան բժշկական հսկողության ներքո:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 02-06-2024