Ընդհանուր նկարագրություն
Ատորվաստատինը ստատինների խմբին պատկանող դեղամիջոց է, որը նվազեցնում է արյան խոլեստերինի մակարդակը:
Բոլոր ստատինները, այդ թվում՝ Ատորվաստատինը կրճատում է լյարդում խոլեստերինի արտադրությունը՝ արգելափակելով HMG-CoA ռեդուկտազը՝ ֆերմենտ, որն իրականացնում է խոլեստերինի արտադրությունը:
Ստատինները նվազեցնում են ինչպես ընդհանուր, այնպես էլ ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) խոլեստերինը: ՑԽԼ խոլեստերինը համարվում է վատ խոլեստերին, քանի որ մասնակցում է սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) զարգացման գործընթացներին: ՑԽԼ խոլեստերինի մակարդակի կրճատումը դանդաղեցնում է ՍԻՀ-ի զարգացումը և կարող է նույնիսկ հետզարգացնել այն:
Ատորվաստատինը նաև բարձրացնում է բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեստերինի՝ լավ խոլեստերինի մակարդակը, որն անոթները պաշտպանում է ՍԻՀ–ի զարգացումից և կրճատում է տրիգլիցերիդների մակարդակը, որոնք նույնպես կապված են ՍԻՀ-ի զարգացման հետ:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Lipitor
Օրինակներ
Ստատինների խմբին են պատկանում նաև հետևյալ դեղամիջոցները՝
- Լովաստատին (Մեվեկոր)
- Սիմվաստատին (Զոկոր)
- Ֆլուվաստատի (Լեսկոլ)
- Պրավաստատի (Լիվալով, Զիպիտամգ)
- Ռոսուվաստատին (Կրեստոր):
Ցուցումներ
- Ատորվաստատինը նշանակվում է արյան բարձր խոլեստերինը, ՑԽԼ խոլեստերինը և տրիգլիցերիդները նվազեցնելու, ԲԽԼ խոլեստերինը բարձրացնելու համար: Ատորվաստատինի միջոցով խոլեստերինը նվազեցնելու արդյունավետությունը կախված է; դեղաչափից, որը նշանակում է, որ բարձր դեղաչափերն ավելի շատ են կրճատում արյան խոլեստերինի մակարդակը:
- ՍԻՀ ունեցող անձանց մոտ Ատորվաստատինը կարող է կանխարգելել հետևյալ վիճակները՝
- կրծքահեղձուկ (ստենոկարդիա)
- ինսուլտ
- սրտամկանի ինֆարկտ
- կանգային սրտային անբավարարության պատճառով հոսպիտալացում
- ռեվասկուլյարիզացիայի միջամտություններ:
- Ատորվաստատինը կրճատում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, կրծքահեղձուկի և ռեվասկուլյարիզացիայի ռիսկը նաև ՍԻՀ չունեցող, սակայն բազմաթիվ ռիսկի գործոններով անձանց շրջանում, օրինակ՝ ծխախոտի օգտագործում, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ սրտային հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմություն:
- Ատորվաստատինը նաև կանխարգելում է սրտամկանի ինֆարկտը և ինսուլտները 2-րդ տիպի դիաբետով անձանց շրջանում, ովքեր չունեն ՍԻՀ, սակայն ենթարկվում են բազմաթիվ ռիսկի գործոնների ազդեցությանը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ատորվաստատինն ընդհանուր առմամբ օգտագործողների կողմից լավ է տարվում: Թեթև կողմնակի ազդեցություններից են՝
- փորկապություն
- փորլուծություն
- ընդհանուր թուլություն
- աղիքային գազերի կուտակում
- այրոցք
- գլխացավեր:
Այլ հաճախ զեկուցվող կողմնակի ազդեցություններից են՝
- մրսածության (նազոֆարինգիտի) նկատմամբ հակում
- հոդացավեր (արթրալգիա)
- ցավեր վերջույթներում
- միզուղիների վարակ:
Ատորվաստատինը կարող է առաջացնել լյարդի և մկանների վասում: Ստատիններով պայմանավորված լյարդի ծանր ախտահարում հազվադեպ է հանդիպում: Բուժման սկզբում անհրաժեշտ է կատարել լյարդի գործունեությունը գնահատող լաբորատոր թեստեր:
Ստատիններով պատճառված մկանային բորբոքումը կարող է բերել մկանաբջիջների ծանր քայքայման, որը կոչվում է ռաբդոմիոլիզ: Այս հիվանդությունն ընթանում է արյան մեջ մկանային սպիտակուցի՝ միոգլոբինի հայտնվելով, որը կարող է դառնալ երիկամային անբավարարության և անգամ մահվան պատճառ: Նման բարդությունից խուսափելու համար Ատորվաստատին ստացող անձանց պետք է ներկայացնել, որ անբացատրելի մկանային ցավերի կամ թուլության դեպքում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բժշկի հետ:
Ստատինների օգտագործումը կապված է նաև դիաբետով մարդկանց մոտ արյան շաքարի և գլիկոհեմոգլոբինի (HbA1c) մակարդակների բարձրացման հետ:
Ատորվաստատինի վերաբերյալ առկա են նաև հետ-շուկայական զեկույցներ հետևյալ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ՝
- hիշողության կորուստ
- մոռացկոտություն
- ամնեզիա
- շփոթվածություն
- հիշողության խանգարում:
Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ բուժումը սկսելուց մեկ օրից մինչև մեկ տարի հետո և աստիճաաբար անհետանալ ստատիններով բուժումն ավարտելուց մոտ 3 շաբաթվա ընթացքում:
Փոխազդեցություններ
Ատորվաստատինի հեռացման դանդաղեցումը կարող է նպաստել օրգնաիզմում ակտիվ դեղանյութի կուտակմանը և բարձրացել մկանային թունավոր ազդեցության ռիսկը: Ուստի, Ատորվաստատինը չի կարելի զուգակցել այնպիսի դեղերի հետ, որոնք կարող են ընկճել օրգանիզմից դրա հեռացումը: Այսպիսի դեղերից են՝
- Էրիթրոմիցին (Է-միցին)
- Կետոկոնազոլ (Նիզորալ)
- Իտրակոնազոլ (Սպորանոքս)
- Կլարիթրոմիցին (Բիաքսին)
- Տելիթրոմիցին (Կետեկ)
- Ցիկլոսպորին (Սանդիմմուն)
- Նեֆազոդոն (Սերզոն)
- ՄԻԱՎ պրոտեազի պաշարիչեր, օրինակ՝ Ինդինավիր (Կրիքսիվան) և Ռիտոնավիր (Նորվիր)։
Գրեյպֆրուտի հյութի մեծ քանակները (օրական > 1,2 լիտր) նույնպես կարող են բարձրացնել արյան մեջ Ատորվաստատինի մակարդակը, ուստի այս հյութից կամ մրգից նույնպես պետք է խուսափել:
Ատորվաստատինի հետ զուգակցելիս հետևյալ դեղերը նույնպես կարող են բարձրացնել մկանային տոքսիկության ռիսկը՝
- Ամիոդարոն (Կորդարոն)
- Վերապամիլ (Կալա, Վերելան, Իզոպտին)
- Նիացին (Նիակոր, Նիասպան, Սլո-Նիացին)
- Գեմֆիբրոզիլ (Լոպիդ)
- Ֆենոֆիբրատ (Տրիկոր):
Ատորվաստատինն ուժեղացնում է Վարֆարինի (Կումադին) ազդեցությունը և արյան մեջ Դիգօքսինի (Լանօքսին) մակարդակը: Ուստի, Ատորվաստատին և Վարֆարին կամ Դիգօքսին ստացող անձինք պետք է գտնվեն մշտական հսկողության ներքո:
Խոլեստիրամինը (Քվեստրան) կրճատում է Ատորվաստատինի ներծծումը, ուստի վերջինս պետք է տրվի Խոլեստիրամին ընդունելուց առնվազն 2 ժամ առաջ կամ առնվազն 4 ժամ հետո:
Ռիֆամպինն արագացնում է Ատորվաստատինի քայքայումը: Այսպիսի փոխազդեցությունից խուսափելու համար դեղերը չի կարելի ընդունել միասին, իսկ Ատորվաստատինը չի կարելի ընդունել Ռիֆամպինից հետո:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Ատորվաստատինը չի կարելի ընդունել հղիության ընթացքում, քանի որ զարգացող պտուղն ունի խոլեստերինի կարիք, մինչդեռ Ատորվաստատինը կրճատում է դրա արտադրությունը: Այն պետք է նշանակել միայն վերարտադրողական տարիքի այն կանանց, ովքեր չեն պատրաստվում հղիանալ:
- Դեռ հայտնի չէ, թե արդյոք Ատորվաստատինն արտազատվում է կրծքի կաթի մեջ: Բոլոր դեպքերում, հնարավոր ռիսկերից խուսափելու համար կրծքով կերակրող մայրերը պետք է չօգտագործեն Ատորվաստատին:
Դեղաչափեր
- Ատորվաստատինը նշանակվում է օրական մեկ անգամյա ընդունմամբ:
- Չափահասների համար սովորական մեկնարկային դեղաչափը 10-20 մգ/օր է, իսկ առավելագույն դեղաչափը՝ 80 մգ/օր:
- Այն չափահասները, ովքեր կարիք ունեն ՑԽԼ խոլեստերինի ավելի քան 45% նվազեցման, պետք է սկսեն օրական 40 մգ դեղաչափից:
- Ատորվաստատինի մանկական դեղաչափերն են՝ 10 մգ/օր, առավելագույնը՝ 20 մգ/օր:
- Ատորվաստատինը կարելի է ընդունել սնդի հետ կամ առանց դրա, օրվա ցանկացած ժամին:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Բերանային (օրալ) հաբեր՝ 10, 20, 40 և 80 մգ:
Պահպանում
- Հաբերը պետք է պահպանել 25-25°C սենյակային ջերմաստիճանային պայմաններում:
Ամփոփում
Ատորվաստատինը (Լիպիտոր) ստատինային խմբի դեղ է, որը նշանակվում է արյան բարձր խոլեստերինը, ՑԽԼ-ն և տրիգլիցերիդները նվազեցնելու, ԲԽԼ-ն բարձրացնելու, կրծքահեղձուկը, ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը, կանգային սրտային անբավարարությունը և սրտային հիվանդության դեպքում ռեվասկուլյարիզայի միջամտությունը կանխարգելելու, 2-րդ տիպի դիաբետով մարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտը և ինսուլտը կարգավորելու համար:
Ատորվաստատինի կողմնակի ազդեցություններից են գլխացավը, միզուղիների վարակները, հոդացավերը, մրսածությունը, աղիքային գազերի կուտակումը, փորլուծությունը, փորկապությունը և այրոցքը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024