Դեղեր և հավելումներ
Ազիթրոմիցին

Ընդհանուր նկարագրություն
Ազիթրոմիցինը կամ Զիտրոմաքսը կիսասինթետիկ մակրոլիդային շարքի հակաբիոտիկ է, որը քիմիապես կապված է էրիթրոմիցինի և կլարիթրոմիցինի հետ:
Ազիթրոմիցինը, ինչպես բոլոր մակրոլիդային հակաբիոտիկները, կանխարգելում է բակտերիաների աճը՝ ազդելով դրանց կողմից սպիտակուց արտադրելու ունակության վրա: Մարդու օրգանիզմում և բակտերիաներում սպիտակուցներն արտադրվում են տարբեր ուղիներով, ուստի Ազիթրոմիցինը չի ազդում բնական սպիտակուցների արտադրության վրա:
Ազիթրոմիցինն ունի երկար կիսատրոհման պարբերություն և օրգանիզմում մնում է երկար ժամանակի ընթացքում, և այս առանձնահատկությունը թույլ է տալիս բազմաթիվ վարակների բուժման համար դեղը նշանակել օրական մեկ ընդունմամբ և կարճատև ժամանակի ընթացքում:
Ազիթրոմիցինը լայնորեն օգտագործվում է տարբեր բակտերիալ վարակների, իսկ որոշ հետազոտություններով՝ նաև COVID-19 վիրուսային վարակի բուժման մեջ:
Ամերիկյան Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) Ազիթրոմիցինը հաստատել է 1991 թվականի նոյեմբերին:
Բրենդային անվանումներ՝ Zithromax, Z-Pak, Zmax
Օրինակներ
Մակրոլիդային շարքի հակաբիոտիկների են նաև՝
Ցուցումներ
Ազիթրոմիցինն արդյունավետ է կասկածելի բակտերիաների դեմ բուժման ժամանակ, որոնք առաջացնում են՝
- միջին ականջի բորբոքում (միջին օտիտ)
- նշագեղձերի բորբոքում (տոնզիլիտ)
- կոկորդի բորբոքում (լարինգիտ)
- բրոնխների բորբոքում (բրոնխիտ)
- թոքաբորբ (պնևմոնիա)
- հարքթային ծոցերի բորբոքում (սինուսիտ)
- մաշկի և մաշկային կառուցվածքների չբարդացած վարակներ
- Mycobacterium avium կոմպլեքս
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) սուր բակտերիալ սրացում:
Այն արդյունավետ է նաև կանանց մոտ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների (ՓԿՕԲՀ) սուր դրսևորումների և որոշ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (ՍՃՓՀ), օրինակ՝ ոչ գոնոկոկային միզուկաբորբի (ուրեթրիտ) և արգանդի վզիկի բորբոքման (ցերվիցիտ) բուժման համար:
Կողմնակի ազդեցություններ
Ազիթրոմիցինի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝
- փորլուծություն կամ «թուլացած» կղանք
- սրտխառնոց
- որովայնային ցավեր
- փսխում:
Ազիթրոմիցինի այլ հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝
- մաշկացան
- նյարդայնություն
- վագինիտ
- լեզվի գունափոխում
- ականջներում «զնգոց» (տինիտուս)
- մարսողության խանգարում (դիսպեպսիա):
Ազիթրոմիցինի հնարավոր ծանր կողմնակի ազդեցություններից են՝
- անոթային այտուցներ (անգիոօդեմա)
- լյարդային թեստերի շեղում
- լեղականգային դեղնուկ
- Ստեվեն-Ջոնսոնի համախտանիշ
- ծանր ալերգիկ ռեակցիաներ
- անկանոն սրտի ռիթմ (առիթմիա):
Հակաբիոտիկները կարող են փոփոխել հաստաղիքային նորմալ բակտերիալ կազմը և նպաստել որոշ բակտերիաների, օրինակ՝ Clostridium difficile-ի գերաճը, որը կարող է առաջացնել հաստ աղու բորբոքում (կեղծ-թաղանթային կոլիտ)` փորլուծություն, բարձր ջերմություն, որովայնային ցավեր, հնարավոր է նաև շոկ: Նան դեպքերում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի հետ:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Ազիթրոմիցինը (բացառությամբ Zmax®-ի) չի կարելի ընդունել ալյումինիում կամ մագնեզիում պարունակող անտացիդների հետ միաժամանակ (օրինակ՝ Միլանտա կամ Մաալոքս), քանի որ դրանք կարող են կապել ակտիվ դեղը և կանխել աղիներից ներծծումը:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիների շրջանում Ազիթրոմիցինի օգտագործման վերաբերյալ տվյալները լիարժեք չեն, ուստի հղիության ընթացքում դեղը պետք է նշանակել միայն այն դեպքերում, երբ հստակորեն ցուցված է:
- Դեռևս անհայտ է, թե արդյոք Ազիթրոմիցինն արտազատվում է մայրական կաթով:
Դեղաչափեր
- Ազիթրոմիցինը կարող է ընդունվել սննդի հետ կամ քաղցած վիճակում, սակայն սնունդը նվազեցնում է մարսողության խանգարման հավանականությունը: Zmax®-ը պետք է ընդունվի քաղցած վիճակում՝ սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո:
- Չափահասների համար Ազիթրոմիցինի դեղաչափը 500-2000 մգ է՝ եզակի կամ բազմակի ընդունմամբ:
- Վարակների մեծ մասի ժաանակ Ազիթրոմիցինը պետք է ընդունել օրական մեկ անգամ և կարճ ժամանակի ընթացքում (սովորաբար՝ 5 օր):
- Առաջին դեղաչափը հաճախ ընտրվում է կրկնակի չափով՝ մնացած օրերի դեղաչափերի կրկնակին:
- Սուր բակտերիալ սինուսիտի ժամանակ Ազիթրմոիցինը կարող է նշանակվել օրական մեկ անգամ՝ 3 օրվա ընթացքում։
- Zmax®-ը սովորաբար նշանակվում է որպես եզակի ընդունման 2 գրամանոց դեղաչափ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 250, 500 և 600 մգ:
- Օշարակ՝ 100 մգ/5 մլ (թեյի գդալ) և 200 մգ/5 մլ (թեյի գդալ)
- Օշարակ պատրաստելու փոշի (երկարաձգված ազատմամբ)՝ 2 գրամ:
- Ներքին ընդունման օշարակի համար փոշի՝ 1 գրամ:
- Ներարկման փոշի՝ 500 մգ:
Պահպանում
- Հաբերը պետք է պահպանել 15-30°C (սենյակային) ջերմաստիճանային պայմաններում:
- Օշարակը և ներարկման լուծույթը պետք է պահպանել 5-30°C ջերմաստիճանային պայմաններում:
Ամփոփում
Ազիթրոմիցինը հակաբիոտիկ է, որը նշանակվում է բակտերիալ վարակների լայն շրջանակի բուժման համար, այդ թվում՝ միջին օտիտ, լարինգիտ, բրոնխիտ, թոքաբորբ և այլն: Թեև Ազիթրոմիցինը հակաբիոտիկ է և չի ազդում վիրուսների վրա, որոշ հետազոտողներ պնդում են, որ Կովիդ-19-ով հիվանդների մոտ կարող է որոշակի արդյունավետություն դրսևորել, եթե ավելացվում է մալարիայի բուժման դեղերին (Քլորոխին կամ Հիդրօքսիքլորոխին):
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-02-2021 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: