Ընդհանուր նկարագրություն
Բիֆիդոբակտերը բակտերիաների սեռ է, որոնք ապրում են մարդու ստամոքս-աղիքային խողովակում, բերանի խոռոչում և հեշտոցային խողովակում:
Բիֆիդոբակտերիաները հայտնի են որպես «լավ» բակտերիաներ և անհրաժեշտ են մարսողական և հեշտոցային ուղիների առողջ վիճակի պահպանման համար: Բիֆիդոբակտերիաներն ընդունվում են որպես պրոբիոտիկ հավելումներ՝ մարսողական համակարգը և հեշտոցն օգտակար բակտերիաներով համալրելու համար: Դրանք հատկապես օգտակար են այն մարդկանց համար, ում աղիքները կամ միկրոբիոմը խանգարված են հակաբիոտիկներով բուժման կամ այլ պատճառներով, ինչպիսիք են քիմիոթերապիան կամ ճառագայթային բուժումը:
Բակտերիաների բիֆիդոբակտերիաներ տեսակներն աղիքների, հատկապես նորածինների մոտ ամենամեծաքանակ բակտերիաներից են, որոնք զարգացման տարբեր փուլերում կազմում են ընդհանուր միկրոբիոտայի 40%-ից 90%-ը: Բիֆիդոբակտեր պարունակող պրոբիոտիկային հավելումները օգնում են մարսողական համակարգին քայքայել սնունդը և ներծծել սննդանյութերը, վերականգնել աղիքների նորմալ ֆլորան, արգելակել հիվանդություն առաջացնող ախտածինների աճը և բարելավել տեղային իմունիտետը: Բիֆիդոբակտերը նաև վերահսկում է փորլուծությունը և հեշտացնում է կղանքի ճիշտ ձևավորումը՝ նպաստելով հաստ աղիքում ջրի վերաներծծմանը:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Align, Bifidobacterium infantis
Ցուցումներ
Բիֆիդոբակտերի օգտագործման առաջարկվող վիճակներից են՝
- հակաբիոտիկների հետ կապված փորլուծություն
- նորածինների և մանկահասակ երեխաների փորլուծություն
- նորածինների նեկրոզացնող էնտերոկոլիտ
- ճանապարհորդների փորլուծություն
- մարսողական համակարգի առողջական վիճակի բարելավում
- գրգռված աղիքի համախտանիշ
- աղիների բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են խոցային կոլիտը և դիվերտիկուլիտը
- հակաբիոտիկների օգտագործումից հետո հեշտոցային կանդիդոզ վարակ։
Մի՛ ընդունեք բիֆիդոբակտերիումային հավելումներ, եթե՝
- գերզգայուն եք պատրաստուկի ցանկացած բաղադրիչի նկատմամբ
- ունեք ընկճված իմունային համակարգ
- ունեք թափածակում (պերֆորացիա) ստամոքս-աղիքային խողովակում։
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Բիֆիդոբակտերի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝
- ստամոքսի խանգարում
- աղիքային գազեր և փքվածություն
- փորլուծություն
- վարակ (խիստ հազվադեպ):
Նկատի ունեցեք նաև այս խորհուրդները:
- Բիֆիդոբակտերիումի որոշ արտադրանքներ կարող են պարունակել լակտոզ: Ընդունելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե պահպանում եք լակտոզազուրկ սննդակարգ:
- Որոշ արտադրանքներ պարունակում են շաքար: Ստուգեք պիտակները և խուսափեք այս տեսակներից, եթե դիաբետիկ եք:
- Անմիջապես դադարեցրեք բիֆիդոբակտերը և դիմեք բժշկի օգնությանը, եթե որևէ ալերգիկ ռեակցիա զգաք:
Փոխազդեցություններ
- Բիֆիդոբակտերի որևէ ծանր կամ լուրջ փոխազդեցություն այլ դեղամիջոցների հետ չի նկարագրվել:
- Բիֆիդոբակտերը կարող է չափավոր փոխազդեցություն դրսևորել հակաբիոտիկների և հակասնկիկային դեղամիջոցների հետ:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Բիֆիդոբակտերը պետք է օգտագործվի հղիության ընթացքում միայն հստակ ցուցումների դեպքում: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Բիֆիդոբակտերն առկա է կրծքի կաթում: Կրծքով կերակրվող նորածնի վրա ազդեցության մասին տվյալներ չկան, երբ կրծքով կերակրող կինը բիֆիդոբակտերիումային հավելումներ է ընդունում:
- Երբեք մի ընդունեք որևէ OTC կամ բուսական արտադրանք, ներառյալ բիֆիդոբակտեր առանց նախապես ձեր բժշկի հետ խորհրդակցելու, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք:
Դեղաչափեր
Դեղաչափերը կախված են արտադրանքից: Սովորական դեղաչափն է՝ 4 մգ բերանային, օրական մեկ պատիճ:
Ամփոփում
Բիֆիդոբակտերիաները «լավ» բակտերիաներ են, որոնք ընդունվում են որպես պրոբիոտիկ հավելումներ՝ մարսողական համակարգը և հեշտոցն օգտակար բակտերիաներով համալրելու համար: Այս բակտերիաներն առնձնակի օգտակար այն մարդկանց համար, ում աղիքները կամ միկրոբիոմը խանգարված են հակաբիոտիկներով բուժման կամ այլ պատճառներով, ինչպիսիք են քիմիոթերապիան կամ ճառագայթային թերապիան: Բիֆիդոբակտերիումի ընդհանուր կողմնակի ազդեցություններից են՝ ստամոքսի խանգարում, գազեր (մետեորիզմ) և փքվածություն, փորլուծություն և վարակ (հազվադեպ): Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024