Դեղեր և հավելումներ
Բիսակոդիլ

Ընդհանուր նկարագրություն
Բիսակոդիլը լուծողական դեղամիջոց է, որը խթանում է աղիքային կծկողականությունը:
Բիսակոդիլը խթանող լուծողական է: Այն խթանում է բարակ և հաստ աղիքների պատի մկանները՝ առաջացնելով գալարակծկանք: Բիսակոդիլը նաև փոփոխում է աղիներում ջրի և էլեկտրոլիտների մակարդակը՝ բարձրացնելով հեղուկների մակարդակը, որը նույնպես առաջացնում է լուծողականներին նմանվող ազդեցություն:
Ե՞րբ է նշանակվում Բիսակոդիլը
Բիսակոդիլը երբեմն օգտագործվում է որպես փորկապության և աղիների անկանոն գործունեությունը ժամանակավոր թեթևացնող միջոց: Այս դեղը սովորաբար խթանում է աղիքային գալարակծկանքները և կղազատումը 6-12 ժավա ընթացքում:
Բրենդային անվանումներ՝ Dulcolax, Correctol, Bisacolax, Bisac-Evac, Alophen, Fleet Bisacodyl, Feen-A-Mint
Ցուցումներ
Բիսակոդիլն օգտագործվում է որպես հազվադեպ առաջացող փորկապության և աղիների անկանոն գործունեության ժամանակավոր թեթևացում: Այս դեղը սովորաբար խթանում է աղիքների դատարկումը 6-12 ժավա ընթացքում:
Կողմնակի ազդեցություններ
Բիսակոդիլի առաջացարած կողմնակի ազդեցություններից են՝
- աղիքային կծկանքներ
- փորլուծություն
- սրտխառնոց
- փսխում
- վերտիգո (գլխապտույտի տարատեսակ է, որը հաճախ նկարագրվում է որպես պտտվելու, առաջ կամ ետ թեքվելու կամ ճոճվելու շարժողական զգացում, հատկապես, երբ դուք փոփոխում եք մարմնի դիրքը)
- ուղիղ աղիքում այրող ցավեր
- հեղուկների և էլեկտրոլիտների անհավասարակշռություն:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
Որևէ նշանակալի փոխազդեցություն չի նկարագրվում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Համարժեք հետազոտություններ չկան, որ գնահատեին հղի կանանց կողմից Բիսակոդիլ օգտագործելու հետ կապված անվտանգությունը և արդյունավետությունը:
- Հայտնի չէ, թե արդյոք Բիսակոդիլն արտազատվում է կրծքի կաթով, ուստի կրծքով կերակրող մայրերը պետք է օգտագործեն զգուշությամբ:
Դեղաչափեր
Հաբեր
- Չափահասներ և 12 տարեկան ու ավելի մեծ երեխաներ՝ 1-3 հաբ (5-15 մգ) բերանային (օրալ), օրական 1 անգամ որպես միանվագ դեղաչափ, մեկ բաժակ ջրով
- 6-12 տարեկան երեխաներ՝ 1 հաբ, բերանային (օրալ), օրական 1 անգամ, մեկ բաժակ ջրով
- Մինչև 6 տարեկան երեխաներ՝ հարցրեք բժշկին:
Ուղիղաղիքային մոմիկ
- Չափահասներ և 12 տարեկան ու ավելի մեծ երեխաներ՝ 1 մոմիկից, բացեք փաթեթը և ներմուծեք հետանցքով դեպի ուղիղ աղիք, օրական 1 անգամ որպես միանվագ դեղաչափ, պահպանեք 15-20 րոպե:
- 6-12 տարեկան երեխաներ՝ ½ մոմիկից, բացեք փաթեթը և ներմուծեք ուղիղ աղիք, օրական 1 անգամ որպես միանվագ դեղաչափ:
- Մինչև 2 տարեկան երեխաներ՝ հարցրեք բժշկին:
Հոգնա
- Չափահասներ և 12 տարեկան ու ավելի մեծ երեխաներ՝ օգտագործեք 1 շշիկ (1.25 oz) որպես միանվագ դեղաչափ:
- Մինչև 12 տարեկան երեխաներ՝ հարցրեք բժշկին:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
Բիսակոդիլը մատչելի է որպես 5 մգ աղիքալուծ թաղանթապատ խմելու հաբեր, 10 մգ ուղիղաղիքային մոմիկներ և 10 մգ/1,25 oz Բիսակոդիլ պարունակող հոգնայի լուծույթ:
Պահպանում
Բիսակոդիլի հաբերը պետք է պահպանել 20-25° C և խոնավությունից պաշտպանված պայմաններում: Մոմիկները և հոգնայի լուծույթները պահանջում են 30° C-ից ցածր պայմաններ:
Ամփոփում
Բիսակոդիլն առանց դեղատոմս դուրս գրվող դեղամիջոց է, որն օգտագործվում է փորկապությունը և անկանոն աղիների գործունեությունը բուժելու համար: Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման մասին:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 06-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: