Դեղեր և հավելումներ

Բիսոպրոլոլ

Ընդհանուր նկարագրություն

Բիսոպրոլոլը նշանակվում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և սրտային ցավերի (կրծքահեղձուկ) բուժման համար:

Բիսոպրոլոլը կանխում է նորեպինեֆրին և էպինեֆրինը (ադրենալին) նյարդահաղորդիչների կապվելը նյարդերի բետա ընկալիչների (ռեցեպտորների) հետ: Նյարդահաղորդիչները կամ նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնք ապահովում են տարբեր նյարդերի միջև սինապսային հաղորդականությունը:

Բիսոպրոլոլը պատկանում է դեղերի դասին, որը կոչվում է բետա-ադրեներգիկ ընկալիչները պաշարող նյութեր, որոնց կարճ անվանում են բետա-բլոկատորներ կամ բետա-բլոկերներ:

Պաշարելով նորէպինեֆրինի և էպինեֆրինի ազդեցությունը սիրտ և արյունատար անոթներ հասնող նյարդերի վրա՝ բետա-բլոկերները նվազեցնում են սրտազարկի հաճախականությունը (բացասական քրոնոտրոպ ազդեցություն) և սրտի կծկման ուժը (բացասական ինոտրոպ ազդեցություն) և նվազեցնում արյան ճնշումը՝ թուլացնելով և լայնացնելով արյունատար անոթները, սակայն նաև կարող են կծկել օդատար ուղիները (բրոնխները) շրջապատող մկանները և նեղացնել դրանք։

Կրծքահեղձուկ (ստենոկարդիա) առաջանում է, երբ սրտամկանի թթվածնի կարիքը գերազանցում է թթվածին տեղափոխող արյան մատակարարմանը: Դանդաղեցնելով սրտազարկը և նվազեցնելով սրտի մկանների կծկման ուժը, Բիսոպրոլոլը նվազեցնում է սրտի աշխատանքը և սրտի պահանջարկը թթվածնի նկատմամբ:

Ամերիկյան FDA կազմակերպությունը հաստատել է Բիսոպրոլոլը 1992թ. հուլիսին:

Բրենդային անվանումներ՝ Zebeta

Օրինակներ

Բետա-բլոկերների այլ օրինակներից են՝

  • Պրոպրանոլոլ (Ինդերալ)
  • Ատենոլոլ (Տենորմին)
  • Տիմոլոլ (Բլոկադրեն)
  • Մետոպրոլոլ (Լոպրեսոլ) և այլն:

Ցուցումներ

  • բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) բուժում
  • կրծքահեղձուկի (ստենոկարդիայի) բուժում
  • սրտային անբավարարության բուժում

Կողմնակի ազդեցություններ

Ընդհանուր առմամբ Բիսոպրոլոլը լավ հանդուրժվող դեղամիջոց է, որի կողմնակի ազեցությունները թեթև են և ժամանակավոր: Բիսոպրոլոլի կողմնակի ազեցությունները ներառում են՝

  • որովայնային կծկանքներ
  • փորլուծություն
  • գլխապտույտ
  • հոգնածություն
  • դեպրեսիա
  • գլխացավ
  • սրտխառնոց
  • իմպոտենցիա
  • դանդաղած սրտազարկ (բրադիկարդիա)
  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • թմրածություն
  • ծակծկոցներ
  • սառը վերջույթներ
  • կոկորդացավ
  • շնչարգելություն և հևոց կամ խզզոցներ:

Ասթմայով անձինք կարող են նշել ախտանիշների վատթարացում:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

Ռիֆամպինը կարող է մեծացնել Բիսոպրոլոլի նյութափոխանակությունը (քայքայումը)՝ վերջինիս ազդեցության թուլացումը դարձնելով ավելի հավանական:

Որոշ կալցիումական անցուղիների պաշարիչներ (ԿԱՊ), հատկապես Վերապամիլը (Կալան, Իզոպտին) և Դիլտիազեմը (Կարդիզեմ, Տիազակ), կարող են ուժեղացնել սրտի վրա Բիսոպրոլոլի ազդեցությունը: Որոշ հիվանդների մոտ դա կարող է առաջացնել սրտազարկերի չափազանց դանդաղեցում (բրադիկարդիա) կամ խիստ նվազեցնել սրտի կծկման ուժը:

Դիգոքսինի (Լանոքսին) օգտագործումը Բիսոպրոլոլի հետ նույնպես կարող է առաջացնել սրտազարկերի անցանկալի դանդաղեցում (բրադիկարդիա):

Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), ինչպիսիք են Իբուպրոֆենը (Մոտրին IB, Ադվիլ և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե, Նապրոսին, Անապրոքս և այլն), կարող են նվազեցնել բետա-բլոկլերների արյան ճնշումը նվազեցնող ազդեցությունները:

Հղիություն և կրծքով կերակրում

Հայտնի չէ, թե արդյոք Բիսոպրոլոլն արտազատվում է կրծքի կաթում:

Դեղաչափեր

  • Բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժման համար Բիսոպրոլոլի չափահասների համար սովորական դեղաչափն օրական 2,5-20 մգ է:
  • Սրտային անբավարարության բուժման համար դեղաչափն օրական 1,25 մգ է, որը չպետք է գերազանցի օրական 10 մգ-ը:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր` 5 և 10 մգ:

Պահպանում

Բիսոպրոլոլը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30° C), փակ տուփում:

Ամփոփում

Բիսոպրոլոլը բետա-բլոկլերներ կոչվող դեղամիջոցների դասի դեղամիջոց է: Այն նշանակվում է բարձր արյան ճնշման, կրծքահեղձուկի և սրտային անբավարարության բուժման համար: Կողմնակի ազդեցությունները, նախազգուշացումները և նախազգուշական միջոցները, դեղերի փոխազդեցությունները և հիվանդի վերաբերյալ տվյալները պետք է գնահատվեն մինչև որևէ դեղամիջոց ընդունելը:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 31-01-2024 վերանայվել է՝ 31-01-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով