Ընդհանուր նկարագրություն
Բրոնխոդիլատատորները դեղեր են, որոնք բրոնխեալ մկանները թուլացնելու միջոցով բացում (լայնացնում են) թոքերի օդուղիները (բրոնխեալ խողովակներ) և բարելավում շնչառության դժվարությամբ մարդկանց շնչառությունը:
Բրոնխոդիլատատորները նշանակվում են հետևյալ հիվանդությունների և վիճակների բուժման մեջ՝
- ասթմա
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
- ալերգիկ ռեակցիաներ
- շնչարգելություն առաջացնող հարակից հիվանդություններ ու վիճակներ:
Ասթման շնչառական խնդիր է, որի պատճառը դեպի թոքեր օդի մուտքը և ելքն ապահովող օդուղիների նեղացումն է: Այս ուղիները կարող են նեղանալ լորձի կուտակումից, օդուղիները շրջապատող մկանների կծկանքից (բրոնխոսպազմ) կամ նույն ուղիների լորձաթաղանթի այտուցվածությունից: Թոքային օդուղիների նեղացումը բերում է ասթմայի նոպայի, որի նշաններից են՝
- շնչարգելություն (դժվարաշնչություն)
- խզզոցներ
- հազ
- շնչուղիների փակվածության զգացում:
Տարբերում են բրոնխոդիլատատորներ երեք հիմնական խումբ:
- Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորները բրոնխիալ օդուղիները լայնացնում են դրանք շրջապատող մկանների թուլացման միջոցով: Դրանք բետա-2 ագոնիստ դեղեր են, որոնք խթանում են օդուղիները շրջապատող հարթ մկանների բետա-2 ընկալիչները՝ բերելով դրանց թուլացման և օդուղիների բացման (լայնացման):
- Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորները պաշարում են օդուղիների և քթային անցուղիների վրա ացետիլխոլինի ազդեցությունը: Ացետիլխոլինը քիմիական միացություն է, որը նյարդերն օգտագործում են մկանաբջիջների հետ հաղորդակցություն ստեղծելիս: Ասթմայի ժամանակ դեպի թոքեր անցնող խոլիներգիկ նյարդերը առաջացնում են օդուղիները շրջապատող մկանների խթանում և կծկանք: Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորներն իրենց հակախոլիներգիկ ազդեցությամբ արգելակում են խոլիներգիկ նյարդերի ազդեցությունը՝ բերելով օդուղիների մկանների թուլացման և լայնացման:
- Քսանթինային ածանցյալները բացում են օդուղիները՝ թուլացնելով դրանց պատի հարթ մկանները, ինչպես նաև ճնշելով խթանիչների նկատմամբ այդ ուղիների պատասխան ռեակցիան: Այս դեղերի ազդեցության մեխանիզմը մինչև վերջ պարզաբանված չէ: Դրանք կարող են լայնացնել բրոնխները՝ պաշարելով ֆոսֆոդիէսթերազային ֆերմենտների ազդեցությունը, որի արդյունքում բարձրանում է օդուղիների լայնացմանը նպաստող նյութերի քանակները:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Օրինակներ
Կարճատև ազդեցության բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորային ինհալյատորներ
- Ալբուտերոլ (AccuNeb, Proair HFA, Proventil HFA, Ventolin HFA)
- Լևալբուտերոլ (Xopenex HFA)
- ներարկային Էպինեֆրին
Երկարատև ազդեցության բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորային ասթմայի ինհալյատորներ
- Սալմետերոլ (Servant Diskus)
- Ֆորմոտերոլ (Perforomist)
Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորներ
- Իպրատրոպիում (Atrovent HFA)
- Տիոտրոպիում (Spiriva Respimat)
Քանթինային ածանցյալների օրինակներ
- Թեոֆիլին (Theo 24, Elixophyllin, Uniphyl)
- Ամինոֆիլին
Ցուցումներ
Բրոնխոդիլատատորներն օգտագործում են ասթմայի, օդուղիների ռեակտիվ հիվանդության և ֆիզիկական լարվածությամբ հարուցված ասթմայի պատճառով զարգացած բրոնխոսպազմի բուժման մեջ:
- Կարճատև ազդող բետա ադրեներգիկ բրոնխոդիլատատորները և Իպրատրոպիումն ազդում են արագ և օգտագործվում են ասթմայի դրվագի արագ բուժման համար:
- Երկարատև ազդող բետա ադրեներգիկ բրոնխոդիլատատորները, Տիտրոպիումը և Թեոֆիլինը նշանակվում են ամեն օր ու երկար ժամանակի ընթացքում ասթմայի նոպաները կանխարգելելու կամ ախտանիշների հաճախականությունը նվազեցնելու համար:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Բրոնխոդիլատատորների կողմնակի ազդեցությունները կախված են դեղի տեսակից (խմբից):
Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորների կողմնակի ազդեցությունները
Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորների հիմնական կողմնակի ազդեցություններից են՝
- միգրենային գլխացավեր
- ոչ միգրենային գլխացավեր
- սրտխառնոց
- ստամոքսի խանգարում
- գրիպանման նշաններ
- մրսածության նշաններ
- ականջի վարակներ (միջին օտիտ)
- բրոնխիտ
- հազ:
Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորների այլ կողմնակի ազդեցություններից են՝
- ալերգիկ ռեակցիաներ (ցանավորում, եղնջացան, քոր)
- դյուրագրգռություն
- տրեմոր
- խզզոցներ
- ուժեղացած խորխարտադրություն
- շնչարգելություն:
Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորների հնարավոր ծանր կողմնակի ազդեցություններից են՝
- բրոնխոսպազմ (ասթմայի վատթարացում)
- ծանր ալերգիկ ռեակցիաներ (անաֆիլաքսիա)
- կալիումի նվազեցում
- սրտի ռիթմի խանգարումներ (սրտխփոց)
- հաճախասրտություն
- արյան ճնշման բարձրացում
- հետկրծոսկրային կամ կրծքավանդակային ցավեր:
Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորների կողմնակի ազդեցությունները
Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորների հիմնական կողմնակի ազդեցություններից են՝
- բերանի չորություն
- հազ
- գլխացավ
- սրտխառնոց
- գլխապտույտ
- դժվարաշնչություն:
Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորների այլ կողմնակի ազդեցություններից են՝
- մաշկացան
- մաշկի քոր
- գրիպանման ախտանիշներ
- մարսողության խանգարում
- գոտկային ցավեր
- սինուսիտ
- բրոնխիտ:
Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորների հնարավոր ծանր կողմնակի ազդեցություններից են՝
- կյանքին սպառնացող բրոնխոսպազմ
- ծանր ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում՝ սուր բրոնխոսպազմով
- շագանակագեղձի բարորակ գերաճի ախտանիշների սրացում
- նեղանկյուն գլաուկոմայի ախտանիշների սրացում:
Քսանթինների կողմնակի ազդեցությունները
Քսանթինների հիմնական կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- գլխացավեր
- գերգրգռվածություն
- ջերմության ներհոս
- սրտխփոց:
Քսանթինների այլ կողմնակի ազդեցություններից են՝
- միզարձակություն
- անհանգստություն
- դող (տրեմոր)
- անքնություն:
Քսանթինների հնարավոր ծանր կողմնակի ազդեցություններից են՝
- ցնցումներ
- շոկ
- սրտային առիթմիաներ
- զարկերակային ճնշման անկում (հիպոտենզիա)
- էքսֆոլիատիվ դերմատիտ:
Փոխազդեցություններ
Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորներ
- Եռացիկլիկ հակադեպրեսանտները (օրինակ՝ Ամիտրիպտիլին) և ՄԱՕ արգելակիչները (օրինակ՝ Տրանիլցիպրոմին) չի կարելի զուգակցել բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորների հետ, քանի որ ուժգնանում է վերջիններիս ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա (օրինակ՝ արյան ճնշման բարձրացում կամ սրտի ռիթմի հաճախացում): Նման դեպքերում անհրաժեշտ է պահպանել առնվազն երկշաբաթյա միջակայք՝ մինչև մյուս խմբի դեղ նշանակելը:
- Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորների զուգակցումն այլ խթանիչ դեղերի հետ ցանկալի չէ, քանի որ դրանք կարող են ցուցաբերել անցանկալի համակցված ազդեցություն սրտի ռիթմի և արյան ճնշման վրա, ինչպես նաև սրտի պսակային հիվանդություններով անձանց մոտ բերել կրծքահեղձուկի նոպայի (հետկրծոսկրային կամ կրծքավանդակային ցավեր):
- Բետա պաշարիչները, օրինակ՝ Պրոպրանոլոլը արգելափակում են բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորների ազդեցությունը և ասթմայով պացիենտների մոտ կարող են առաջացնել բրոնխոսպազմ:
- Բետա-ադրեներգիկ բրոնխոդիլատատորները կարող են առաջացնել արյան կալիումի կրճատում (հիպոկալեմիա), ուստի կանթային միզամուղների (օրինակ՝ Ֆուրոսեմիդ) հետ զուգակցումը կարող է բարձրացնել հիպոկալեմիայի ռիսկը:
Հակախոլիներգիկ բրոնխոդիլատատորներ
- Այլ հակախոլիներգիկ դեղերի (օրինակ՝ Ատրոպին) հետ զուգակցելիս կարող է բարձրանալ կողմնակի ազդեցությունների հաճախականությունը:
Քսանթիններ
- Ալոպուրինոլը, Ցիմետիդինը, Ցիպրոֆլոքսացինը, Կլարիթրոմիցինը, Իտրակոնազոլը, Կետոկոնազոլը, Էրիթրոմիցինը, օրալ հակաբեղմնավորիչները, Ֆլուվոքսամինը, Էֆեդրինը և Պրոպրանոլոլը բարձրացնում են արյան մեջ Թեոֆիլինի մակարդակը և կարող են բերել վերջինիս թունավոր ազդեցությունների դրևսորման՝ սրտխառնոց, փսխում, ցնցումներ, աժիտացիա, կյանքին սպառնացող սրտի ռիթմի խանգարումներ և այլն:
- Ռիֆամպինը և Կարբամազեպինը, հակառակը, նվազեցնում են արյան մեջ Թեոֆիլինի մակարդակը (խթանում են օրգանիզմից հեռացումը)՝ թուլացնելով վերջինիս ազդեցությունը:
- Թեոֆիլինը կարող է նվազեցնել արյան մեջ Կարբամազեպինի մակարդակը և ազդեցությունը (արագացնելով վերջինիս հեռացումն օրգանիզմից):
- Թեոֆիլինը նյութափոխանակության ենթարկվում է լյարդում, ուստի այս գեղձի գործունեության խանգարման դեպքում դեղաչափը պետք է նվազեցնել: Մյուս կողմից, Թեոֆիլինը սովորաբար ավելի արագ է նյութափոխանակվում ծխողների մոտ (ինչպես ծխախոտ, այնպես էլ մարիխուանա), ուստի նման մարդկանց համար կարիք է առաջանում նշանակել այս դեղի ավելի բարձր դեղաչափեր:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Զգալիորեն կախված է բրոնխոդիլատատորի տեսակից:
Ամփոփում
Բրոնխոդիլատատորները դեղեր են, որոնք նշանակվում են ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) և ալերգիաները բուժելիս: Կողմնակի ազդեցությունները կախված են բրոնխոդիլատատորի տեսակից՝ երկարատև ազդեցության բետա-ադրեներգիկներ, կարճատև ազդեցության բետա-ադրեներգիկներ, հակախոլիներգիկներ և քսանթինային ածանցյալներ:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-08-2020
Վերջին վերանայում՝ 13-12-2023