Ընդհանուր նկարագրություն
Կանագլիֆլոզինը բերանային (օրալ) դեղամիջոց է, որը նվազեցնում է արյան շաքարի (գլյուկոզի) մակարդակը 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ:
Սա դիաբետի բուժման նոր տեսակի դեղամիջոց է, որը պատականում է նատրիում-գլյուկոզի համափոխադրող 2-ի (SGLT2) արգելակիչներ կամ ինհիբիտորներ կոչվող դեղամիջոցների դասին:
Նորմալ պայմաններում, երբ արյունը անցնում է երիկամներով, գլյուկոզն արյունից քամազատվում և մտնում է երիկամների խողովակներ: Այնուհետև գլյուկոզը խողովակներից ետ է ներծծվում է արյան մեջ, որ մեզով չհեռանա: SGLT2-ը երիկամային խողովակի ֆերմենտ է, որը հանգեցնում է մեզի գլյուկոզայի ետ ներծծմանը: Կանագլիֆլոզինն արգելափակում է SGLT2-ի գործառույթը, ուստի, նվազեցնում է երիկամային խողովակներից գլյուկոզի ետ ներծծումը, ինչը հանգեցնում է մեզով գլյուկոզի ավելի շատ արտազատմանը:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Կանագլիֆլոզինը հաստատել է 2013թ. մարտին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Invokana
Ցուցումներ
- 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժում՝ սննդակարգի և ֆիզիկական վարժանքների հետ համատեղ
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Կանագլիֆլոզինի ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝
- միզուղիների վարակներ
- կանանց մոտ սեռական սնկիկային վարակներ
- միզարձակման շատացում:
Կանագլիֆլոզինի այլ կողմնակի ազդեցությունները ներառում են՝:
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- արյան կալիումի բարձրացած մակարդակներ (հիպերկալեմիա)
- խոլեստերինի մակարդակի բարձրացում:
Փոխազդեցություններ
- Կանագլիֆլոզինը կարող է մի փոքր մեծացնել օրգանիզմում Դիգոքսինի (Լանոքսին) խտությունը, երբ այս երկու դեղամիջոցներ ընդունվում են միաժամանակ: Դիգոքսինի մակարդակը պետք է պատշաճ կերպով վերահսկվի:
- Ռիֆամպինը, Ֆենիտոինը (Դիլանտին, Դիլանտին-125), Ֆենոբարբիտալը և Ռիտոնավիրը (Նորվիր) կարող են նվազեցնել Կանագլիֆլոզինի ազդեցությունը՝ մեծացնելով վերջինիս արտազատումը և նվազեցնելով օրգանիզմում դրա խտությունը: Կանագլիֆլոզինի դեղաչափը պետք է ավելացվի մինչև օրական 300 մգ, երբ զուգակցվում է վերոնշյալ դեղամիջոցների հետ։
- Կանագլիֆլոզին և նմանատիպ դեղամիջոցներ ընդունող հիվանդներին խորհուրդ չի տրվում գլյուկոզի վերահսկման իրականացնում մեզի գլյուկոզի թեստերի միջոցով: Այս դեղամիջոցները մեծացնում են մեզով գլյուկոզի հեռացումը և կարող են առաջացնել մեզում գլյուկոզի դրական թեստերի: Ուստի, արյան գլյուկոզի վերահսկման համար պետք է օգտագործել այլընտրանքային մեթոդներ:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Դեռևս անհայտ է, թե արդյոք Կանագլիֆլոզինն արտազատվում է կնոջ կրծքի կաթի մեջ:
Դեղաչափեր
- Կանագլիֆլոզինը պետք է ընդունվի օրվա առաջին ճաշից կամ նախաճաշից առաջ:
- Առաջարկվող մեկնարկային դեղաչափն օրական 100 մգ է, իսկ առավելագույն դեղաչափը՝ 300 մգ, օրական մեկ անգամ:
- Երիկամների գործառույթը պետք է գնահատվի մինչև Կանագլիֆլոզինով բուժումը սկսելը և պարբերաբար՝ բուժման ընթացքում, և Կանագլիֆլոզինի դեղաչափը պետք է փոփոխվի՝ ելնելով երիկամային գործունեության թեստերի արդյունքներից:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 100 և 300 մգ:
Պահպանում
- Կանագլիֆլոզինը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանի՝ 15-30° C պայմաններում:
Ամփոփում
Կանագլիֆլոզինը դեղամիջոց է, որը նախատեսված է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար՝ սննդակարգի և ֆիզիկական վարժանքների հետ համատեղ: Կողմնակի ազդեցությունները, այլ դեղերի հետ փոխազդեցությունները, դեղաչափը և հղիության անվտանգության մասին տեղեկությունները պետք է ուսումնասիրվեն նախքան այս դեղորայքն ընդունելը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-01-2024
Վերջին վերանայում՝ 30-01-2024