Ընդհանուր նկարագրություն
Կապտոպրիլը սրտանոթային հիվանդությունների ժամանակ լայնորեն կիրառվող ԱՓՖ արգելակիչ է:
Կապտոպրիլը բերանային (օրալ) դեղամիջոց է, որը պատկանում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչների դասին: ԱՓՖ արգելակիչները տասնամյակներ շարունակ հաջողությամբ օգտագործվում են բարձր արյան ճնշման և սրտային անբավարարության բուժման, ինչպես նաև բարձր ճնշման և դիաբետի պատճառով երիկամային անբավարարության կանխարգելման մեջ:
Անգիոտենզի II-ը խիստ ուժեղ ազդող միացություն է, որն առաջացնում է արյան անոթները շրջապատող մկանների կծկանք, որի արդյունքում այդ անոթները նեղանում են: Անոթների նեղացումը բարձրացնում է դրանց լուսանցքում ճնշումը՝ առաջացնելով բարձր արյան ճնշում (հիպերտենզիա): Անգիոտենզի II-ն առաջանում է արյան անգիոտենզի I-ից ԱՓՖ միջոցով, ուստի ԱՓՖ արգելակիչները, դանդաղեցնելով (արգելակելով) ԱՓՖ ակտիվությունը, նվազեցնում են անգիոտենզի II-ի արտադրությունը: Արդյունքում արյան անոթները լայնանում են (դիլատացիա) և արյան ճնշումը նվազում է: Ցածր արյան ճնշման պայմաններում հեշտանում է սրտի կողմից արյան արտամղումն արյունատար անոթներ և բարելավվում է «թուլացած» սրտի գործունեությունը: Ավելին, ԱՓՖ արգելակիչների ազդեցության այս մեխանիզմով դանդաղում է բարձր արյան ճնշման կամ դիաբետի պատճառով երիկամների արյունատար անոթների ախտահարման զարգացումը:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Կապտոպրիլը հաստատել է 1981թ. ապրիլին, որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Capoten
Օրինակներ
Այլ ԱՓՖ արգելակիչներից են՝
- Էնալապրիլ
- Խինապրիլ
- Ռամիպրիլ
- Ֆոզինոպրիլ
- Բենզապրիլ
- Լիզինոպրիլ
- Մոեքսիպրիլ
- Տրանդոլապրիլ:
Բժիշկները երբեմն այս խմբի դեղերին անվանում են «պրիլների շարք»՝ ելնելով դեղերի անվանումների համանման վերջավորությունից:
Կողմնակի ազդեցություններ
Ընդհանուր առմամբ, Կապտոպրիլը լավ տարվող դեղ է, իսկ կողմնակի ազդեցությունները սովորաբար թեթև և ժամանակավոր են: Չոր, կայուն հազի առաջացումը լայնորեն զեկուցվել է որպես Կապտոպրիլի և այլ ԱՓՖ արգելակիչների օգտագործման կողմնակի ազդեցություն: Հազը սովորաբար անհետանում է դեղի ընդունումը դադարեցնելուց հետո:
Այլ կողմնակի ազդեցություններից են՝
- որովայնային ցավեր
- փորկապություն կամ փորլուծություն
- ցան
- գլխապտույտ
- հոգնածության զգացում
- գլխացավ
- համի զգացողության կորուստ
- ախորժակի անկում
- սրտխառնոց
- փսխում
- ուշագնացություն
- ձեռերի կամ ոտքերի թմրածության կամ ծակոցների զգացում:
Կապտոպրիլը և մյուս ԱՓՖ արգելակիչները նաև կարող են առաջացնել երիկամային անբավարարություն և արյան մեջ կալիումի մակարդակի բարձրացում: Ծանր, սակայն խիստ հազվադեպ հանդիպող ազդեցություններից են լյարդային անբավարարությունը և անգիոայտուցը (շրթունքների և կոկորդի այտուց, որոնք կարող են առաջացնել շնչարգելություն):
Փոխազդեցություններ
- ԱՓՖ արգելակիչների ընդունումը կալիումի հավելումների, աղերի փոխարինիչների կամ որոշ միզամուղների հետ (օրինակ՝ Սպիրոնոլակտոն), որոնք բարձրացնում են արյան կալիումի մակարդակը, կարող է հանգեցնել արյան մեջ կալիումի լրացուցիչ բարձրացման (հիպերկալեմիա): Արյան կալիումի մակարդակը պետք է վերահսկել, եթե ԱՓՖ արգելակիչները զուգակցվում են այս դեղերի հետ:
- Կան հրապարակումներ այն մասին, որ ԱՓՖ արգելակիչները կարող են բարձրացնել արյան լիթիումի մակարդակը, երբ զուգակցվում են լիթիում պարունակող դեղերի հետ: Նման փոխազդեցության մեխանիզմն անհայտ է, սակայն պետք է հաշվի առնել, որ լիթիումի մեծ քանակները կարող են հանգեցնել թունավոր (տոքսիկ) ազդեցության:
- Կան տարբեր զեկույցներ այն մասին, որ Ասպիրինը և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ-ներ, օրինակ՝ Իբուպրոֆեն, Ինդոմեթացին և Նապրոքսեն) ԱՓՖ արգելակիչների հետ զուգակցելիս կարող են նվազեցնել վերջինիս ազդեցությունը:
- Մեծ տարիքով, ջրազրկված (ներառյալ՝ միզամուղներ ստացող) կամ երիկամային խնդիրներով մարդկանց մոտ Կապտոպրիլը կամ այլ ԱՓՖ արգելակիչները ՈՍՀԲԴ-երի հետ զուգակցելիս կարող է զարգանալ երիկամների գործունեության վատթարացում, այդ թվում՝ երիկամային անբավարարություն: Այս ազդեցությունը սովորաբար դարձելի է:
- Ռևմատոի արթրիտի բուժման մեջ օգտագործվող ոսկու պատրաստուկները (Աուրոթիոմալատ նատրիում) ԱՓՖ արգելակիչների հետ զուգակցելիս կարող են զարգանալ նիտրիտոիդ ռեակցիաներ (դեմքի կարմրություն, սրտխառնոց, փսխում և արյան ճնշման անկում):
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Կապտոպրիլն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող մայրերը պետք է խուսափեն այս դեղն օգտագործելուց:
Դեղաչափեր
- Չափահասների մոտ զարկերակային գերճնշան (հիպերտենզիա) բուժման համար խորհուրդ է տրվում Կապտոպրիլի 25-150 մգ դեղաչափը՝ օրական 2 կամ 3 անգամյա ընդունմամբ:
- Սրտային անբավարարության բուժման համար խորհուրդ է տրվում 6,25 մգ մինչև 12,5 մգ յուրաքանչյուր 8 ժամը մեկ:
- Թիրախային դեղաչափն է 50 մգ յուրաքանչյուր 8 ժամը մեկ, իսկ առավելագույն դեղաչափը՝ օրական 450 մգ:
- Դիաբետիկ նեֆրոպաթիայի բուժման համար խորհուրդ է տրվում 25 յուրաքանչյուր 8 ժամը մեկ:
- Կապտոպրիլի ներծծումը դանդաղում է, եթե ընդունվում է սննդի հետ միասին, ուստի դեղը պետք է խմել դատարկ ստամոքսին՝ սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ կամ դրանից 2 ժամ հետո:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 12,5, 25, 50 և 100 մգ:
Պահպանում
- Կապտոպրիլը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանի՝ 15-30° C և ոչ խոնավ պայմաններում:
Ամփոփում
Կապտոպրիլը որպես ԱՓՖ արգելակիչ նշանակվում է բարձր արյան ճնշման և սրտային անբավարարության բուժման, ինչպես նաև բարձր արյան ճնշման և դիաբետի պատճառով երիկամային անբավարարության կանխարգելման համար:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 30-01-2024