Ընդհանուր նկարագրություն
Կարբամազեպինը հակացնցումային դեղամիջոց է, որը գլխավորապես նշանակվում է էպիլեպսիայի և նեյրոպաթիկ ցավի բուժման համար։
Կախված նրանից, թե ախտաբանական գործընթացների մեջ ինչ չափով է ընդգրկված գլխուղեղը, կրկնվող ցնցումները (էպիլեպսիա) բաժանվում են երկու հիմնական դասի՝
- օջախային կամ մասնակի (ֆոկալ կամ պարցիալ) էպիլեպսիա
- համընդհանուր (գեներալիզացված) էպիլեպսիա, որը ներառում է՝
- գեներալիզացված աբսանս ցնցումներ (petit mal)
- գեներալիզացված տոնիկ-կլոնիկ ցնցումներ (grand mal)
- միոկլոնիկ էպիլեպսիա:
Ցնցումները կոչվում են հասարակ, եթե չկա գիտակցության կորուստ և բարդ (կոմպլեքս), եթե այն առկա է:
Ցնցումներն ընկճող դեղերը կոչվում են հակացնցումային դեղեր կամ հակակոնվուլսանտներ: Կարբամազեպինն ազդում է որպես հակակոնվուլսանտ և արդյունավետ է մասնակի և գեներալիզացված տոնիկ-կլոնիկ ցնցումները բուժելիս, քանի որ նվազեցնում կամ արգելակում է գլխուղեղի վրա որոշ նյարդերի պատասխաններ: Որպես նատրիումական անցուղիների պաշարիչ, Կարբամազեպինն ընտրողաբար կապվում է պոտենցիալ-կախված նատրիումական անցուղիներին դրանց ինակտիվ վիճակում, ինչը կանխում է գործողության պոտենցիալի առաջացումը:
Կարբամազեպինն նաև ունի նշանակման այլ ցուցումներ: Այն իր ազդեցությամբ նմանվում է Ֆենիտոինին և Վալպրոատին:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Կարբամազեպինը հաստատել է դեռևս 1968թ. մարտին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Tegretol, Tegretol XR , Equetro, Carbatrol, Epitol, Teril
Ցուցումներ
Կարբամազեպինը նշանակվում է հետևյալ հիվանդությունների բուժման մեջ՝
- էպիլեպսիա՝ հասարակ ու բարդ ցնցումներ, ինչպես նաև գեներալիզացված տոնիկ-կլոնիկ ցնցումներ (արդյունավետ չէ աբսանսի և միոկլոնալ նոպաների դեպքում)
- նեյրոպաթիկ ցավ (օրինակ՝ եռորյակ նևրալգիա)
- որպես երկրորդ շարքի միջոց՝ բիպոլյար խանգարում (Էքվետրո)
- հազվադեպ, այլ դեղերի (հակափսիխիկներ) հետ զուգակցված՝ շիզոֆրենիա
- ըստ որոշ հետազոտությունների, նաև կարող է արդյունավետ լինել ուշադրության պակասի գերակտիվության համախտանիշի ժամանակ (ՈւՊԳՀ)
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Կարբամազեպինի լուրջ կողմնակի ազդեցություններից են՝
- արյան կարմիր (էրիթրոցիտներ) և սպիտակ (լեյկոցիտներ) բջիջների քանակի վտանգավոր նվազում (ոսկրածուծի գործունեության ընկճում)
- սուր մաշկային ռեակցիաներ
- լյարդի սուր ախտահարումներ, օրինակ՝ հեպատիտ, որը կարող է բերել դեղնուկի:
Ավելի քիչ վտանգավոր կողմնակի ազդեցություններից են՝
- գլխապտույտ
- անկայունություն
- սրտխառնոց
- փսխում:
Հազվադեպ, ասիական ծագումով անձանց մոտ կարող է զարգանալ Կարբամազեպինի նկատմամբ ծանր մաշկային ռեակցիաներ (Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ և տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ): Այս անձինք կարող են նույնականացվել գենետիկ թեստավորմամբ, ուստի այս թեստը խորհուրդ է տրվում մինչև բուժումը սկսելն անցկացնել բոլոր ասիացիների մոտ:
Հակաէպիլեպտիկ դեղերը ասոցիացվել են սուիցիդալ (ինքնասպանության) մտքերի և վարքագծի ռիսկի հետ: Յուրաքանչյուր մարդ, ով կարիք ունի օգտագործելու հակաէպիլեպտիկ դեղեր, պետք է գնահատվի՝ համադրելով սուիցիդի ռիսկը դեղեր ընդունելու կլինիկական ցուցումների հետ: Նույն այս ռիսկը հաշվի առնելով, հակաէպիլեպտիկ դեղերով բուժում ստացող անձինք պետք է գտնվեն մշտական հսկողության ներքո՝ ստուգելու կլինիկական վատթարացման, սուիցիդային մտքերի կամ վարքաբանական անսովոր փոփոխությունների հնարավոր առկայությունը։
Փոխազդեցություններ
- Կարբամազեպինը փոխազդում է տարբեր դեղերի հետ և այլ դեղերի հետ զուգակցելիս պետք է հնարավոր կողմնակի ազդեցությունները նկատի ունենալ:
- Կարբամազեպինի մակարդակը կարող է նվազել, եթե զուգակցում է Ֆենիտոինի կամ Պիրմիդոնի հետ:
- Կարբամազեպինի հետ զուգակցելիս Վարֆարինը, Ֆենիտոինը, Թեոֆիլինը և Վալպրոյաթթուն արագ են քայքավում, մինչդեռ Կարբամազեպինի մակարդակը կարող է բարձրանալ, եթե զուգակցվում է Էրիթրոմիցինի, Ցիմիտիդինի, Պրոպոքսիֆենի և կալցիումական ուղիների արգելակիչների հետ:
- Կարբամազեպինը նաև բարձրացնում է բերանային (օրալ) հակաբեղմնավորիների քայքայումը և կարող է նվազեցնել դրանք արդյունավետությունը` բերելով չակնկալված հղիութան:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Հնարավորության դեպքում կարբամազեպինից պետք է խուսափել հղիության և կրծքով կերակրելու ընթացքում։
Դեղաչափեր
- Կարբամազեպինը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի:
- Կարբամազեպինը քայքայվում է լյարդում և օրգանիզմից հեռացվում երիկամներով, ուստի լյարդի կամ երիկամների խանգարված գործառույթի ժամանակ դեղաչափը պետք է նվազեցնել:
- Կարբամազեպինի դեղչափը համապատասխանեցնելիս կարող է օրգտագործվել արյան մեջ դեղի մակարդակը:
- Ցնցումները բուժելիս Կարբամազեպինի օրական դեղաչափը 800-1600 մգ է, որը պետք է բաժանվի մի քանի ընդունումների միջև:
- Եռորյակ նևրալգիայի բուժման համար Կարբամազեպինի օրական դեղաչափը 400-1200 մգ է, որը պետք է բաժանվի մի քանի ընդունումների միջև:
- Բիպոլյար խանգարման ժամանակ Կարբամազեպինի (Էքվետրո) սկզբնական դեղաչափն է 200 մգ-ից 12 ժամը մեկ, որից հետո պետք է բարձրացվի օրական 200 մգ-ով՝ մինչև օրական առավելագույն 1600 մգ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 200 մգ:
- Ծամելու հաբեր՝ 100 մգ:
- Երկար ազդող հաբեր՝ 100, 200, 300 և 400 մգ:
- Կախույթ (սուսպենզիա)՝ 100 մգ/5 մլ:
Պահպանում
- Կարբամազեպինը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում, փակ և անլուսաթափանց տուփում:
Ամփոփում
Կարբամազեպինը հակացնցումային դեղամիջոց է, որը նշանակվում է հասարակ ու բարդ ցնցումները և գեներալիզացված տոնիկ-կլոնիկ ցնցումները (grand mal) բուժելիս:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2020
Վերջին վերանայում՝ 07-11-2023