Ընդհանուր նկարագրություն
Ցեֆիքսիմը ցեֆալոսպորինների խմբի կիսասինթետիկ բերանային (օրալ) հակաբիոտիկ է:
Ինչպես մյուս ցեֆալոսպորինները, Ցեֆիքսիմը դադարեցնում է բակտերիաների բազմացումը՝ կանխելով բակտերիաները շրջապատող արտաքին պատի (թաղանթի) ձևավորումը: Բակտերիաների մեծ մասը չի կարող գոյատևել առանց բջջային պատի:
Ցեֆիքսիմն ակտիվ է բակտերիաների շատ լայն սպեկտրի դեմ, ինչպիսիք են՝
- Staphylococcus aureus (ոսկեգույն ստաֆիլոկոկ)
- Streptococcus pneumoniae
- Streptococcus pyogenes (ստրեպտոկոկային ֆարինգիտի հարուցիչ)
- Hemophilus influenzae
- Moraxella catarrhalis
- E. coli (աղիքային ցուպիկ)
- Klebsiella
- Proteus mirabilis
- Salmonella
- Shigella
- Neisseria gonorrhoeae (գոնոկոկ, որը հարուցում է գոնորեա հիվանդությունը)
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) Ցեֆիքիսմը հաստատել է 1989թ․ ապրիլին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Suprax, Pancef
Ցուցումներ
Ցեֆիքսիմն արդյունավետ է նմանատիպ վարակների համար՝
- միջին ականջի վարակ (միջին օտիտ)
- տոնզիլիտ
- կոկորդի վարակներ (ֆարինգիտ)
- լարինգիտ
- բրոնխիտ
- թոքաբորբ (պնևմոնիա)՝ հարուցված կասկածելի բակտերիաներով:
Այն նաև օգտագործվում է հետևյալ վարակների բուժման մեջ՝
- միզուղիների վարակներ
- գոնորեա
- սուր բակտերիալ վարակ, որը զարգանում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ) մարդկանց մոտ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ցեֆիքսիմի տարածված կողմնակի ազդեցություններից են՝
- փորլուծություն
- սրտխառնոց
- որովայնային ցավ
- փսխում
- մաշկի ցան:
Այլ կողմնակի ազդեցություններից են՝
- ջերմություն
- հոդացավ
- հոդաբորբ
- լյարդային թեստերի շեղում
- վագինիտ
- քոր
- գլխացավեր
- գլխապտույտ:
Փոխազդեցություններ
- Պրոբենեցիդը (Բենեմիդը) կարող է մեծացնել արյան մեջ Ցեֆիքսիմի խտությունը՝ նվազեցնելով երիկամի կողմից վերջինիս հեռացումը: Այս փոխազդեցությունը երբեմն օգտագործվում է ցեֆալոսպորինների ազդեցությունը ուժեղացնելու համար:
- Ցեֆիքսիմը ամինոգլիկոզիդների հետ համատեղելը (օրինակ՝ Տոբրամիցին) առաջացնում է հավելյալ բակտերիաների ոչնչացնող ազդեցություն, սակայն նաև կարող է մեծացնել երիկամների վրա վնասակար ազդեցության ռիսկը:
- Էքսենատիդը (Բիետտա) կարող է հետաձգել կամ նվազեցնել ցեֆալոսպորինների ներծծումը: Ցեֆալոսպորինները պետք է կիրառվեն էքսենատիդից մեկ ժամ առաջ:
- Ցեֆիքսիմը կարող է առաջացնել մեզի կետոնների կեղծ դրական թեստ:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիության ընթացքում Ցեֆիքսիմի անվտանգությունը հաստատված չէ: Հղի կանանց վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ չկան: Այնուամենայնիվ, կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պտղի վրա որևէ կարևոր ազդեցություն չկա:
- Կերակրող մայրերի մոտ անվտանգությունը հաստատված չէ: Հայտնի չէ, թե արդյոք Ցեֆիքսիմը արտազատվում է կրծքի կաթում:
Դեղաչափեր
- Չափահասների համար առաջարկվող դեղաչափը միջին օտիտի, տոնզիլիտի, ֆարինգիտի և միզուղիների վարակների դեպքում 400 մգ է՝ օրական մեկ անգամ կամ բաժանված և տրված 200 մգ-ից յուրաքանչյուր 12 ժամը մեկ:
- Երեխաների համար (6 ամսական և բարձր) առաջարկվում է 8 մգ/կգ/օր՝ օրական մեկ անգամ կամ 4/մգ/կգ երկու դեղաչափից՝ յուրաքանչյուր 12 ժամը մեկ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 400 մգ:
- Հաբեր (ծամելի)՝ 100 և 200 մգ:
- Կախույթ (սուսպենզիա)՝ 100, 200, 500 մգ/5 մլ:
Պահպանում
- Հաբերը և բերանային սուսպենզիան կարող են պահվել սենյակային ջերմաստիճանում, 20-25°C ջերմաստիճանային պայմաններում, կիպ փակ տարայի մեջ: Սուսպենզիան խառնելուց հետո կարելի է պահել սառնարանում կամ սենյակային ջերմաստիճանում:
Ամփոփում
Ցեֆիքսիմը ցեֆալոսպորինների դասի հակաբիոտիկ է: Այն նշանակվում է բակտերիալ վարակների բուժման համար: Ուշադիր ծանոթացեք կողմնակի ազդեցություններին, դեղերի փոխազդեցություններին, նախազգուշացումներին ու նախազգուշական միջոցներին, ինչպես նաև հիվանդի վերաբերյալ տեղեկությունները՝ մինչև որևէ դեղամիջոց ընդունելը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2023
Վերջին վերանայում՝ 24-08-2023