Skip to main content

Ցեֆոտաքսիմ (Կլաֆորան) - Հակաբիոտիկներ

Ընդհանուր նկարագրություն

Ցեֆոտաքսիմը կամ Կլաֆորանը հարաղիքային (ներարկման) օգտագործման ​3-րդ սերնդի ցեֆալոսպորինային խմբի կիսասինթետիկ հակաբիոտիկ է:

Ցեֆոտաքսիմն ունի բակտերիցիդ ազդեցություն և ազդեցության լայն շրջանակ: Այն կայուն է բետա-լատկամազների մեծ մասի ազդեցության նկատմամբ:

Ցեֆոտաքսիմն ակտիվ է հետևյալ բակտերիաների նկատմամբ՝

  • Aeromonas hydrophila
  • Bacillus subtilis
  • Bordetella pertussis
  • Borrelia burgdorferi
  • Moraxella (Branhamella) catarrhalis
  • Citrobacter diversus
  • Clostridium perfringens
  • Corynebacterium diphtheriae
  • Աղիքային ցուպիկ (Escherichia coli)
  • Enterobacter spp. (զգայունությունը կապված է համաճարակաբանական տվյալներից և տվյալ երկրում կայունության մակարդակից)
  • Erysipelothrix insidiosa
  • Eubacterium spp.
  • Haemophilus spp. (այդ թվում՝ պենիցիլինազ արտադրող և չարտադրող շտամներ, ներառյալ՝ Ամպիցիլին-կայուն)
  • Klebsiella pneumoniae, Klebsiella oxytoca
  • Staphylococcus spp.-ի մեթիցիլին-զգայուն, ներառյալ՝ պենիցիլինազա արտադրող և չարտադրող շտամներ
  • Morganella morganii
  • գոնորեա (Neisseria gonorrhoeae, ներառյալ՝ պենիցիլինազ արտադրող և չարտադրող շտամներ)
  • Neisseria meningitidis
  • Propionibacterium spp.
  • Proteus mirabilis
  • Proteus vulgaris
  • Providencia spp.
  • Streptococcus spp. (այդ թվում՝ Streptococcus pneumoniae)
  • սալմոնելոզ (Salmonella spp.)
  • Serratia spp. (զգայունությունը կապված է համաճարակաբանական տվյալներից և տվյալ երկրում կայունության մակարդակից)
  • բակտերիալ դիզենտերիա (Shigella spp.)
  • Veillonella spp.Yersinia spp. (զգայունությունը կապված է համաճարակաբանական տվյալներից և տվյալ երկրում կայունության մակարդակից):

Ցեֆոտաքսիմի նկատմամբ կայունություն են դրսևորում՝

  • Acinetobacter baumanii
  • Bacteroides fragilis
  • Clostridium difficile
  • Enterococcus spp.
  • Listeria monocytogenes
  • Staphylococcus spp.-ի մետացիլին-կայուն շտամներ
  • Pseudomonas aeruginosa
  • Pseudomonas cepacia
  • Stenotrophomonas maltophilia
  • գրամ-բացասական անաերոբներ:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Claforan

Ցուցումներ

Ցեֆոտաքսիմը լայնորեն կիրառվում է վարակային-բորբոքային հիվանդությունների բուժման մեջ, որոնք հարուցվել են այս հակաբիոտիկի նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմներով: Ցեֆոտաքսիմի նշանակման մասնավոր օրինակներից են՝

  • շնչուղիների վարակներ
  • միզուղիների վարակներ
  • սեպտիցեմիա և բակտերեմիա
  • էնդոկարդիտներ
  • ներորովայնային վարակներ, այդ թվում՝ պերիտոնիտ
  • կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) վարակներ, այդ թվում՝ մենինգիտներ (բացառությամբ՝ լիստերիոզային ծագման)
  • մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ
  • ոսկրային և հոդային վարակներ:

Ցեֆոտաքսիմը կարող է նշանակվել նաև ստամոքս-աղիքային համակարգի, ուրոլոգիական և մանկաբարձա-գինեկոլոգիական վիրահատություններից հետո վարակային բարդությունների կանխարգելման համար:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

  • Ալերգիկ ռեակցիաներ՝ անոթանյարդային այտուց, բրոնխոսպազմ, եղնջացան, մաշկի կարմրություն, խիստ հազվադեպ՝ անաֆիլակտիկ շոկ, բազմաձև էրիթեմա, Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ (Լայելի համախտանիշ):
  • Ստամոքս-աղիքային խանգարումներ՝ սրտխառնոց, փսխում, որովայնային ցավեր, լյարդային ֆերմենտների և (կամ) բիլիռուբինների ակտիվացում, փորլուծություն (այդ թվում՝ կեղծ-թաղանթային կոլիտ):
  • Երիկամային խնդիրներ, այդ թվում՝ երիկամների գործունեության թուլացում (կրեատինինի բարձրացում), հատկապես՝ ամինոգլիկոզիդների հետ զուգակցելիս, խիստ հազվադեպ՝ ինտերստիցիալ նեֆրիտ:
  • Արյունաստեղծ համակարգի խնդիրներ՝ նեյրտոֆիլների քչացում (նեյտրոպենիա), հազվադեպ՝ ագրանուլոցիտոզ, էոզինոֆիլների շատացում (էոզինոֆիլիա), արյան թիթեղիկների քչացում (թրոմբոցիտոպենիա), եզակի դեպքերում՝ հեմոլիտիկ անեմիա:
  • ԿՆՀ խանգարումներ՝ էնցեֆալոպաթիա (հատկապես՝ խիստ բարձր դեղաչափերի ժամանակ), հատկապես՝ երիկամային անբավարարությամբ անձանց մոտ:
  • Սրտանոթային խանգարումներ, հազվադեպ՝ առիթմիաներ:
  • Այլ շեղումներ՝ ընդհանուր թուլություն, տենդային վիճակ, սուպերինֆեկցիա և այլն:

Փոխազդեցություններ

  • Պրոբենեցիդի հետ զուգակցելիս Ցեֆոտաքսիմի երիկամներով հեռացումն ընկճվում է, որը բերում է արյան մեջ վերջինիս մակարդակի բարձրացման:
  • Ցեֆոտաքսիմն ուժեղացնում է նեֆրոտոքսիկ դեղերի՝ երիկամները վնասող ազդեցությունը:
  • Ցեֆոտաքսիմի լուծույթը համատեղելի չէ այլ հակաբիոտիկների լուծույթների հետ, ուստի պետք է ներարկվի առանձին ներարկիչով կամ առանձին ինֆուզիոն հեղուկով:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղի կանանց մոտ Ցեֆոտաքսիմի օգտագործման անվտանգությունը լավ ուսումնասիրված չէ: Ուստի, հաշվի առնելով նաև այն, որ հակաբիոտիկը կարող է թափանցել ընկերքային պատնեշով, հղիության ժամանակ Ցեֆոտաքսիմ խորհուրդ չի տրվում:
  • Ցեֆոտաքսիմն անցնում է մայրական կաթ, ուստի կրծքով կերակրող կանայք հակաբիոտիկ ստանալիս պետք է զերծ մնան կրծքով կերակրելուց:

Դեղաչափեր

  • Երիկամների նորմալ գործունեությամբ չափահասների մոտ չբարդացած գոնորեայի բուժման համար Ցեֆոտաքսիմը նշանակվում է 0,5-1 գրամից, միջմկանային, մեկ անգամ:
  • Միջին ծանրության աստիճանի չբարդացած վարակների դեպքում Ցեֆոտաքսիմը նշանակվում է միջմկանային կամ ներերակային 1-2 գրամից, 8-12 ժամը մեկ (օրական՝ 2-6 գրամ):
  • Ծանր վարակների դեպքում Ցեֆոտաքսիմը նշանակվում է 2 գրամից, ներերակային, 4-8 ժամը մեկ (օրական՝ 6-8 գրամ):
  • Երիկամների գործունեության խաթարման ժամանակ պետք է հաշվի առնել կրեատինինի կլիրենսը (բժիշկները սովորաբար օգտվում են Կոկրոֆտի բանաձևից):
  • Ցեֆոտաքսիմի մանկական դեղաչափը կախված է վարակային հիվանդության ծանրության աստիճանից և մարմնի զանգվածից:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Ներարկման համար ֆլակոն՝ 1 գ:
  • Ներարկումից առաջ պետք է ֆլակոնի պարունակությունը լուծել տուփում առկա թորած ջրով:

Պահպանում

  • Ֆլակոնները պետք է պահպանել 25°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում, լույսից պաշտպանված միջավայրում (տուփի մեջ):

Ամփոփում

Ցեֆոտաքսիմը ներարկման միջոցով նշանակվող լայն ազդեցության ցեֆալոսպորինային հակաբիոտիկ է, որը սովորաբար նշանակվում է միջին ծանրության և ծանր ընթացքով բակտերիալ վարակների, ինչպես նաև սեպսիսի ժամանակ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-07-2020
Վերջին վերանայում՝ 23-08-2023