Ընդհանուր նկարագրություն
Կլարիթրոմիցինը կիսասինթետիկ մակրոլիդային հակաբիոտիկ է, որը քիմիապես կապված է Էրիթրոմիցինի և Ազիթրոմիցինի հետ:
Կլարիթրոմիցինն արդյունավետ է բազմաթիվ տարբեր բակտերիաների նկատմամբ, այդ թվում՝
- Haemophilus influenzae
- Streptococcus pneumoniae
- Mycoplasma pneumoniae
- Staphylococcus aureus (ոսկեգույն ստաֆիլոկոկ)
- Mycobacterium avium։
Մյուս բոլոր մակրոլիդային հակաբիոտիկների նման Կլարիթրոմիցինը խաթարում է բակտերիաների աճը՝ ազդելով դրանց կողմից սպիտակուց արտադրելու ունակության վրա: Մարդու օրգանիզմում և բակտերիաներում սպիտակուցներն արտադրվում են տարբեր ուղիներով, ուստի Կլարիթրոմիցինը չի ազդում բնական սպիտակուցների արտադրության վրա:
Ամերիկյան Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) Կլարիթրոմիցինը հաստատել է 1991 թվականի հոկտեմբերին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Biaxin
Օրինակներ
Մակրոլիդային շարքի հակաբիոտիկներից են նաև՝
- Էրիթրոմիցին
- Ազիթրոմիցին։
Ցուցումներ
Կլարիթրոմիցինն արդյունավետ է բազմաթիվ վարակային հիվանդությունները հարուցող կասկածելի բակտերիաների նկատմամբ, այդ թվում՝
- միջին ականջի վարակ (միջին օտիտ)
- նշագեղձերի վարակ (տոնզիլիտ)
- ըմպանի վարակներ (ֆարիգիտ)
- կոկորդի վարակներ (լարինգիտ)
- բրոնխների վարակներ (բրոնխիտ)
- թոքերի վարակներ (թոքաբորբ կամ պնևմոնիա)
- մաշկի վարակներ:
Կլարիթրոմիցինը նաև նշանակվում է Mycobacterium avium-ով հարուցված վարակների բուժման մեջ՝ բակտերիա, որը սերտ կապված է տուբերկուլոզ հարուցող բակտերիայի հետ:
Նախկինում Կլարիթրոմիցինը Օմեպրազոլի հետ զուգակցված նշանակվում էր H. Pylori բուժման մեջ (բակտերիա, որն առաջացնում է ստամոքսի խոց):
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Կլարիթրոմիցինն ընդհանուր առմամբ օգտագործողների կողմից լավ է տարվում, իսկ կողմնակի ազդեցությունները սովորաբար լինում են թեթև ու անցողիկ:
Կլարիթրոմիցինի տարածված կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փորլուծություն
- համի փոփոխություն
- ստամոքսի խանգարում (դիսպեպսիա)
- որովայնային ցավեր
- գլխացավ:
Կլարիթրոմիցինի այլ, հազվադեպ հանդիպող, բայց ծանր կողմնակի ազդեցություններից են՝
- լյարդային անբավարարություն
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա)
- լսողության կորուստ
- ցնցումներ:
Կլարիթրոմիցինը չպետք է նշանակվի այն անձանց, ովքեր այս կամ այլ մակրոլիդների (օրինակ՝ Էրիթրոմիցին) նկատմամբ ունեն հայտնի ալերգիա:
Մյուս հակաբիոտիկների նման, Կլարիթրոմիցինը կարող է փոփոխել հաստաղիքային նորմալ բակտերիալ կազմը և նպաստել որոշ բակտերիաների, օրինակ՝ Clostridium difficile-ի գերաճը, որը կարող է առաջացնել հաստ աղու բորբոքում (կեղծ-թաղանթային կոլիտ)`ջրիկ լուծ, բարձր ջերմություն, որովայնային ցավեր, հնարավոր է նաև շոկ: Նան դեպքերում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի հետ:
Փոխազդեցություններ
Կլարիթրոմիցինը փոխազդում է տարբեր դեղերի հետ, քաի որ ընկճում է դրանց քայքայմանը մասնակցող լյարդային ֆերմենտների ակտիվությունը: Նման փոխազդեցության արդյունքում արյան մեջ այդ դեղերի մակարդակները կարող են աճել՝ բերելով կողմնակի ազդեցությունների հաճախականության կամ ծանրության աստիճանի բարձրացման: Օրինակներից են՝
- Կոլխիցին (Կոլկրիս)
- ստատիններ՝ Սիմվաստատին (Զոկոր), Լովաստատին (Մեվակոր) և Ատորվաստատին (Լիպիտոր)
- Վերապամիլ (Կալան)
- Ամլոդիպին (Նորվազք)
- Դիլթիազեմ (Կարիզեմ):
Կլարիթրոմիցինը բարձրացնում է արյան մեջ Սիլդենաֆիլի (Վիագրա), Տադալաֆիլի (Սիալիս), Վարդենաֆիլի (Լևիտրա), Թեոֆիլինի և Կարբամազեպինի (Տեգրետոլ) մակարդակները, ուստի բարձրացնում է նաև դրանց կողմնակի ազդեցությունների հաճախականությունը կամ ծանրության աստիճանը:
Ռիտոնավիրը (Նորվիր) և Ատազանավիրը (Ռեյատազ) բարձրացնում են, մինչդեռ Էֆավիրենզը (Սուստիվա), Նևիրապինը (Վիրամուն), Ռիֆամպինը նվազեցնում են Կլարիթրոմիցինի մակարդակն արյան մեջ:
Իտրակոնազոլը և Սաքվիավիրը կարող են բարձրացել Կլարիթրոմիցինի մակարդակը, մինչդեռ Կլարիթրոմիցինն իր հերթին կարող բարձրացնել այս երկու դեղերի մակարդակներն արյան մեջ:
Կլարիթրոմիցինի զուգակցումը սրտի ռիթմի վրա ազդող դեղերի հետ (օրինակ՝ Ամիոդարո, Խինիդին և Դիզոպիրամիդ) կարող է առաջացնել առիթմիա:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիության ընթացքում Կլարիթրոմիցինի անվտանգությունը հաստատող տվյալները բավարար չեն:
- Կլարիթրոմիցինն անցնում է կրծքի կաթի մեջ:
Դեղաչափեր
- Կլարիթրոմիցինը կարող է ընդունվել սննդի հետ կամ առաց դրա:
- Վարակների մեծ մասի համար խորհուրդ է տրվում չափահասներին Կլարիթրոմիցին նշանակել հետևյալ դեղաչափերով՝ 250-500 մգ անհապաղ ազդող հաբեր, օրական 2 անգամ կամ 1000 մգ երկար ազդող հաբեր, օրական մեկ անգամ:
- Կլարիթրոմիցինը սովորաբար նշանակվում է 7-14 օրվա համար:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր (անհապաղ կամ երկարատև ազդող)՝ 250 և 500 մգ:
- Օշարակ (սուսպենզիա)՝ 125 և 250 մգ/5 մլ (թեյի գդալ):
Պահպանում
- Հաբերը պետք է պահպանել 15-30°C ջերմաստիճանային պայմաններում: Կարևոր է հաբերը պահել կիպ փակած տուփում:
- Բերանային (օրալ) օշարակը պատրաստելուց հետո չի կարելի պահել սառնարանում և պետք է օգտագործել 14 օրվա ընթացքում:
Ամփոփում
Կլարիթրոմիցինը հակաբիոտիկ է, որը նշանակվում է բազմաթիվ տարբեր բակտերիալ վարակների բուժման մեջ, այդ թվում՝ միջին ականջի, նշագեղձերի, ըմպանի, կոկորդի, բրոնխիոլների, թոքերի և մաշկի վարակային բորբոքումներ:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 24-08-2023