Skip to main content

Կոէնզիմ Q10 - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Կոէնզիմ Q10-ը (CoQ10) հակաօքսիդանտ է, որը բնականում արտադրվում է ձեր օրգանիզմում:

Ձեր բջիջներն օգտագործում են CoQ10 աճի և պահպանման համար:

Ձեր օրգանիզմում CoQ10-ի մակարդակը նվազում է տարիքին՝ ծերացմանը զուգընթաց: CoQ10-ի ցածր մակարդակներ հայտնաբերվում են նաև որոշակի հիվանդություններ կամ առողջական խնդիրների ժամանակ, ինչպիսիք են սրտային հիվանդությունը, ինչպես նաև այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են ստատիններ կոչվող խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ:

CoQ10 հայտնաբերվում է մսի, ձկնեղենի և ընկույզների մեջ: Սննդային այս աղբյուրներում CoQ10-ի հայտնաբերվող քանակներն, այնուամենայնիվ, բավարար չեն, որ զգալի կերպով բարձրացնեն ձեր օրգանիզմում այս հակաօքսիդանտի մակարդակը:

CoQ10-ի սննդային հավելումները մատչելի են պատիճների, ծամելի հաբերի, հեղուկ օշարակների (սիրոպ), վաֆլիների տեսքով: Կան նաև CoQ10-ի ներերակային դեղաձևեր:

CoQ10-ը կարող է օգնել որոշակի սրտային խնդիրների, ինչպես նաև միգրենային գլխացավերի կանխարգելմանը կամ բուժմանը:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Որոշակի առողջական վիճակների դեպքում CoQ10-ի օգտագործման վերաբերյալ առկա հետազոտությունները և տվյալները վկայում են հետևյալի մասին:

  • Սրտային վիճակներ. CoQ10-ը կարող է բարելավել կանգային սրտային անբավարարության ախտանիշները: Թեև տվյալները հակասական են, CoQ10-ը հավանաբար կարող է օգնել արյան ճնշման նվազեցմանը: Որոշ տվյալներ նաև վկայում են այն բանի օգտին, որ այլ սննդանյութերի հետ զուգակցելիս CoQ10-ը կարող է օգնել սրտի փականային վիրահատության կամ կաթետերային միջամտության ենթարկված մարդկանց ապաքինմանը:
  • Շաքարային դիաբետ. որոշ սահմանափակ թվով հետազոտություններ ցույց են տվել, որ CoQ10-ը կարող է օգնել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ, LDL) խոլեստերինի և ընդհանուր խոլեստերինի մակարդակների նվազեցմանը՝ հանգեցնելով սրտային հիվանդության ընդհանուր ռիսկի կրճատման: ՑԽԼ խոլեստերինը նաև հայտնի է որպես վատ խոլեստերին:
  • Պարկինսոնի հիվանդություն. վերջին տվյալները վկայում, որ CoQ10-ի նույնիսկ բարձր դեղաչափերը չեն բարելավում Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց ախտանիշները:
  • Ստատիններով պատճառված միոպաթիա. որոշ տվյալներ վկայում են, որ CoQ10-ը կարող է օգնել ստատինների օգտագործման հետ երբեմն կապված մկանային թուլության և ցավերի մեղմացմանը:
  • Միգրեններ. որոշ տվյալներ վկայում են այն մասին, որ CoQ10-ը կարող է կրճատել այս գլխացավերի հաճախականությունը:
  • Ֆիզիկական կատարողական. CoQ10-ը մասնակցում է բջջային էներգիայի արտադրությանը, ուստի համոզմունք կա, որ այս հավելումը կարող է նպաստել ձեր ֆիզիկական կարողութան բարելավմանը: Այնուամենայնիվ, այս ոլորտում առկա տվյալները հակասական են:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

CoQ10-ի հավելումներն ընդհանուր առմամբ համարվում են անվտանգ և հազվադեպ են առաջացնում կողմնակի ազդեցություններ, եթե օգտագործվում են այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը:

Թեթև կողմնակի ազդեցությունները կարող են են ներառել մարսողական խնդիրներ, օրինակ՝

  • վերորովայնային ցավ
  • ախորժակի անկում
  • սրտխառնոց և փսխում
  • փորլուծություն

Այլ հնարավոր կողմնակի ազդեցությունները կարող են ներառել հետևյալը՝

  • գլխացավեր և գլխապտույտ
  • անքնություն
  • հոգնածություն
  • մաշկի քոր կամ ցան
  • գրգռված վիճակ կամ աժիտացիա:

Փոխազդեցություններ

Հնարավոր փոխազդեցությունները ներառում են հետևյալը:

  • Հակամակարդիչներ (հակակոագույլյանտներ). CoQ100-ը կարող է թուլացնել արյուն նոսրացնող (ջրիկացնող) դեղամիջոցներ, օրինակ՝ Վարֆարինի արդյունավետությունը: Սա կարող է բարձրացնել արյան մակարդուկների (թրոմբ) ձևավորման վտանգը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

Հղիության և կրծքով կերակրման ընթացքում CoQ10-ի օգտագործման անվտանգությունը հաստատված չէ: Առանց ձեր բժշկի թույլտվության մի՛ օգտագործեք CoQ10, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք:

Ամփոփում

CoQ10-ի հավելումները կարող են օգտակար լինել այնպիսի վիճակների բուժման համար, ինչպիսն է սրտային անբավարարությունը և կարող է օգնել միգրենի կանխարգելմանը: CoQ10-ը համարվում է անվտանգ՝ քիչ կողմնակի ազդեցություններով: Այնուամենայնիվ, համոզվեք, որ այս հավելումը ընդունեք ձեր բժշկի հսկողության ներքո:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-01-2024
Վերջին վերանայում՝ 19-01-2024