Ընդհանուր նկարագրություն
Կորտիկոստերոիդները ստերոիդ հորմոններ են, որոնք արտադրվում են օրգանիզմում կամ ստացվում արհեստական ճանապարհով:
Կորտիկոստերոիդները կոչվում են համակարգային, եթե նշանակվում են ներքին ընդունման (օրալ) կամ ներարկման ձևով և բաշխվելով ամբողջ օրգանիզմում, դրսևորում են ընդհանուր՝ համակարգային ազդեցություն: Դրանք չեն ներառում տեղային օգտագործման կորտիկոստերոիդները, որոնք օգտագործվում են աչքերի, ականջների, քթի, մաշկի որոշ հիվանդությունների բուժման մեջ կամ ինհալացիոն եղանակով, թեև նման դեպքերում ակտիվ դեղանյութի չնչին քանակներ ներծծվում և թողնում են ընդհանուր ազդեցություն:
Բնական կորտիկոստերոիդները՝ Հիդրոկորտիզոնը (Կորտեֆ) և Կորտիզոնը արտադրվում են մակերիկամների կեղևում:
Կորտիկոստերոիդները դասակարգվում են որպես՝
- գլյուկոկորտիկորիդներ (հակաբորբոքային), որոնք ճնշում են բորբոքումը և իմունիտետը և նպաստում ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների քայքայմանը
- միներալոկորտիկոիդներ (աղ պահպանողներ), որոնք կարգավորում են օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը:
Արհեստական (սինթետիկ) կորտիկոստերոիդները ունեն բնական կորտիկոստերոիդներին նմանվող ազդեցություններ և կարող են օգտագործվել այն մարդկանց կորտիկոստերոիդները փոխարինելու համար, ում մակերիկամներն անկարող են արտադրել կորտիկոստերոիդների բավարար քանակներ: Այնուամենայնիվ, դրանք հաճախ նշանակվում են փոխարինող դեղաչափը գերազանցող քանակներով, որ դրսևորեն իմունիտետն ընկճող, հակաբորբոքային կամ ջրաաղային հավասարակշռությունը փոփոխող ազդեցություններ: Սինթետիկ կորտիկոստերոիդներից են՝
- Բետամեթազոն (Ցելեստոն)
- Պրեդնիզոն (Պրեդնիզոն Ինտենսոլ)
- Պրեդնիզոլոն (Օրապրեդ, Պրելոն)
- Տրիամցինոլոն (Արիստոսպան Ինտրա-Արտիկուլյար, Արիստոսպան Ինտրոլեզիոնալ, Կենալոգ)
- Մեթիլպրեդնիզոլոն (Մեդրոլ, Դեպո-Մեդրոլ, Սոլու-Մեդրոլ)
- Դեքսամեթազոն (Դեքսամեթազոն Ինտենսոլ, ԴեքսՊակ 10 օր, ԴեքսՊակ 13 օր, ԴեքսՊակ 6 օր):
Որոշ գլյուկոկորտիկոիդներ հակաբորբոքային ազդեցությունից բացի ունեն աղը պահելու ունակություն, սակայն գլխավորապես օգտագործվում են հակաբորբոքային ազդեցությունների համար: Ֆլուդրոկորտիզոնը (Ֆլորինեֆ) սինթետիկ միներալոկորտիկոիդ է, որն ունի օրգանիզմում աղը պահելու հզոր ազդեցություն և զգալի հակաբորբոքային ազդեցություն և սովորաբար օգտագործվում է աղը պահելու ունակության համար:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Օրինակներ
Գլյուկոկորտիկոիդներից են՝
- Հիդրոկորտիզոն (Կորտեֆ)
- Կորտիզոն
- Բետամեթազոն (Ցելեստոն)
- Պրեդնիզոն (Պրեդնիզոն Ինտենսոլ)
- Պրեդնիզոլոն (Օրապրեդ, Պրելոն)
- Տրիամցինոլոն (Արիստոսպան Ինտրա-Արտիկուլյար, Արիստոսպան Ինտրոլեզիոնալ, Կենալոգ)
- Դեքսամեթազոն (Դեքսամեթազոն Ինտենսոլ, ԴեքսՊակ 10 օր, ԴեքսՊակ 13 օր, ԴեքսՊակ 6 օր):
Միներալոկորտիկոստերոիդներից է՝
- Ֆլուդրոկորտիզոն (Ֆլորինեֆ):
Ցուցումներ
Գլյուկոկորտիկոիդների դասին պատկանող գլյուկոկորտիկոիդներն օրգանիզմի համակարգերի վրա ազդում են տարբեր ուղիներով, սակայն գլխավորապես օգտագործվում են հզոր հակաբորբոքային ազդեցությունների համար և այն հիվանդությունների ժամանակ, որոնք կապված են իմունային համակարգի գործունեության հետ, օրինակ՝
- արթրիտ (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ)
- կոլիտ (խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն)
- ասթմա
- բրոնխիտ
- ցանով ընթացող որոշ վիճակներ
- ալերգիկ կամ բորբոքային հիվանդություններ, որոնք ներառում են քիթը և աչքերը:
Գլյուկոկորտիկոիդային կորտիկոստերոիդները օգտագործվում են համակարգային կարմիր գայլախտի, ծանր փսորիազի, լեյկոզների, լիմֆոմաների, իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի և աուտոիմուն հեմոլիտիկ անեմիայի բուժման մեջ: Այս կորտիկոստերոիդները նաև օգտագործվում են իմունային համակարգը ճնշելու և փոխպատվաստված օրգանի պոկումը կանխարգելելու համար:
Ֆլուդրոկորտիզոնը (Ֆլորինեֆ) ուժեղ համակարգային ներքին ընդունման միներալոկորտիկոիդային կորտիկոստերոիդ է, որն օգտագործվում է Ադիսոնի հիվանդությունը և այլ հիվանդությունների բուժման մեջ, որոնք առաջացնում են օրգանիզմից աղի կորուստ, օրինակ՝ բնածին մակերիկամային հիպերպլազիա: Թեև ԱՄՆ-ի Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից հավաստագրված չլինելուն, դեղամիջոցը նաև լայնորեն օգտագործվում է ցածր արյան ճնշման (հիպոտենզիա) վիճակների բուժման մեջ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Կորտիկոստերոիդները ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ՝ սկսած թեթևից մինչև ծանր: Այս անցանկալի ազդեցություններն ավելի նշանակալից են, երբ կորտիկոստերոիդները նշանակվում են բարձր դեղաչափերով կամ երկարատև ժամանակի ընթացքում:
Կորտիկոստերոիդների կողմնակի ազդեցություններից են՝
- օրգանիզմում նատրիումի (աղ) և ջրի պահում, որն առաջացնում է քաշի ավելացում կամ ոտքերի այտուցվածություն
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- կալիումի կորուստ (հիպոկալեմիա)
- գլխացավ
- մկանային թուլություն
- դեմքի փքվածություն (լուսնային դեմք)
- դեմքի մազակալում
- մաշկի հյուծում և հեշտ արյունազեղում
- վերքերի լավացման դանդաղում
- գլաուկոմա
- կատարակտ
- ստամոքսի և 12-մատնյա աղու խոցեր
- դիաբետի վերահսկման կորուստ
- անկանոն դաշտան
- «գոմեշի կուզ»՝ մեջքի վերին մասի կլորացում:
Սա ոչ ամբողջական ցանկն է:
Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործումը կարող է առաջացնել գիրություն, երեխաների մոտ աճի դանդաղում և նույնիսկ բերել ցնցումների և հոգեկան շեղումների: Զեկուցված հոգեկան խնդիրներից են՝ դեպրեսիա, էյֆորիա, անքնություն, անկայուն տրամադրություն և անձնային փոփոխություններ, երբեմն՝ փսիխոտիկ վարքաբանական շեղումներ:
Ճնշելով իմունային համակարգի գործունեությունը, կորտիկոստերոիդները կարող են բարձրացնել վարակների հաճախականությունը և նվազեցնել պատվաստանյութերի և հակաբիոտիկների ազդեցությունը:
Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործումը նաև կարող է առաջացնել օստեոպորոզ (ոսկրերի փխրունացում), որն իր հերթին բարձրացնում է կոտրվածքների ռիսկը:
Երկարատև կորտիկոստերոիդային բուժումը առաջացնում է մակերիկամների ետաճի (ատրոֆիա) և համակարգային կորտիկոստերոիդների օգտագործման դադարեցումից հետո օրգանիզմի բնական կորտիկոստերոիդի՝ Կորտիզոլի արտադրության ընկճում:
Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործման մեկ այլ հետևանք է կոնքազդրային հոդերի մակերիկամային մեռուկցումը (նեկրոզ)՝ խիստ ցավերով ուղեկցվող ծանր հիվանդություն, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն: Եթե կորտիկոստերոիդներ ստացող մարդկանց մոտ ի հայտ են գալիս ծնկան ցավեր, անհրաժեշտ է առանց հետաձգելու դիմել բժշկին:
Երկար օգտագործելուց հետո չի կարելի կորտիկոստերոիդները կտրուկ դադարեցնել, քանի որ բարձրանում է մակերիկամային (ադրենալ) կրիզի ռիսկը, երբ օրգանիզմն անկարող է արտադրել բավարար բնական Կորտիզոլ: Մակերիկամային կրիզը ընթանում է սրտխառնոցով, փսխումներով և շոկային վիճակով:
Փոխազդեցություններ
- Որոշ դեղամիջոցներ կարող են կրճատել լյարդում կորտիկոստերոիդների քայքայումը և բերել դրանց մակարդակի բարձրացման և կողմնակի ազդեցությունների ուժեղացման: Օրինակներից են՝ Տրոլեանդոմիցին (ՏԱՕ), Էրիթրոմիցին (Էրի-Տաբ, ԷրիՊեդ 200), Կլարիթրոմիցին (Բիաքսին) և Կետոկոնազոլ (Նիզորալ):
- Այլ դեղամիջոցներ, հակառակը, կարող են խթանել լյարդում կորտիկոստերոիդների քայքայումը, նվազեցնել արյան մակարդակը և թուլացնել ազդեցությունները: Օրինակներից են՝ Ֆենոբարբիտալ, Էֆերդրին, Ֆենիտոին (Դիլանտին) և Ռիֆամպին (Ռիֆադին, Դիմակտան): Նման զուգակցումների ժամանակ առաջանում է կորտիկոստերոիդների դեղաչափերի բարձրացման անհրաժեշտություն:
- Էստրոգենները կարող են բարձրացնել կորտիկոստերոիդների ազդեցությունները, հավանաբար, լյարդում վերջինիս քայքայումը դանդաղեցնելու միջոցով:
- Կորտիկոստերոիդները կարող են տարաբնույթ փոխազդեցություն դրսևորել Վարֆարինի (Կումադին) հետ, ուստի այս երկու դեղամիջոցները զուգակցող մարդիկ պետք է ավելի մեծ հսկողություն սահմանեն մակարդելիության ցուցանիշների փոփոխությունների վրա:
- Կորտիկոստերոիդների զուգակցումը արյան կալիումի մակարդակը նվազեցնող դեղամիջոցների հետ (օրինակ՝ միզամուղներ, Ամֆոտերիցին B) կարող են բերել ցածր արյան կալիումի (հիպոկալեմիա) և բարձրացնել սրտային անբավարարության ռիսկը:
- Հակախոլինէսթերազային դեղամիջոցները (օրինակ՝ Ֆիզոստիգմին) կորտիկոստերոիդների հետ զուգակցելիս միասթենիայաով (myasthenia gravis) որոշ մարդկանց մոտ կարող են առաջացնել ծանր թուլություն:
- Կորտիկոստերոիդները կարող են բարձրացնել արյան գլյուկոզը, ուստի անհրաժեշտ է արյան գլյուկոզը պահել խիստ հսկողության ներքո և բարձրացնել դիաբետի դեղերի դեղաչափերը:
- Խոլեսթիրամինը կարող է կրճատել ստամոքսում ներքին ընդունման (օրալ) կորտիկոստերոիդների ներծծումը և նվազեցնել արյան մեջ կորտիկոստերոիդների մակարդակը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
Բերանային (օրալ) և ներարկման համակարգային կորտիկոստերոիդները ստերոիդ հորմոններ են, որոնք նշանակվում են որոշ հիվանդությունների հիմքում ընկած բորբոքումը նվազեցնելու համար՝ արթրիտներ, խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, ասթմա, բրոնխիտ, որոշ մաշկացաներ, քթի և աչքերի ալերգիկ և բորբոքային հիվանդություններ և այլն:
Համակարգային կորտիկոստերոիդների օրինակներից են՝ Հիդրոկորտիզոն (Կորտեֆ), Կորտիզոն, Պրեդնիզոն, Պրեդնիզոլոն (Օրապրեդ, Պրելոն) և Մեթիլպրեդնիզոլոն (Մեդրոլ, Դեպո-Մեդրոլ, Սոլու-Մեդրոլ):
Համակարգային կորտիկոստերոիդների որոշ կողմնակի ազդեցություններից են՝ ոտքերի այտուց, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), գլխացավ, հեշտ արյունազեղումներ, դեմքի մազակալում, դիաբետ, կաատարակտ և դեմքի փքվածություն:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-06-2021
Վերջին վերանայում՝ 28-05-2023