Skip to main content

Կրեատին - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Կրեատինը միացություն է, որն առաջանում է երեք ամինաթթուներից։

Այն գլխավորապես հայտնաբերվում է ձեր կմախքային մկաններում, ինչպես նաև գլխուղեղում: Մարդկանց մեծամասնությունը կրեատին ստանում է ծովամթերքի և կարմիր մսի միջոցով, թեև՝ ավելի ցածր քանակներով, քան կարող են ապահովել արհեստական կրեատինի հավելումները: Լյարդը, ենթաստամոքսային գեղձը և երիկամները նույնպես կարող են արտադրել օրական մոտ 1 գրամ կրեատին:

Ձեր օրգանիզմը կրեատինը պահեստավորում է ֆոսֆոկրեատինի տեսքով՝ կուտակելով այն գլխավորապես ձեր կմախքային մկաններում, որտեղ էլ օգտագործվում է էներգիա ստանալու համար: Ուստի, մարդիկ օգտագործում են բերանային (օրալ) կրեատին՝ մարզական արդյունքները բարելավելու և մկանային զանգվածը մեծացնելու համար:

Մարդիկ բերանային (օրալ) կրեատին նաև օգտագործում են գլխուղեղային որոշ խանգարումների, նյարդամկանային հիվանդությունների, սրտային անբավարարության և այլ վիճակների բուժման համար: Կրեատինի տեղային ձևը կարող է օգտագործվել ծերացող մաշկի բուժման համար:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Որոշակի գործունեության և վիճակների դեպքում կրեատինի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:

  • Ուժ, մկանի չափս և մարզական արդյունքներ. բերանային (օրալ) կրեատինը կարող է օգնել մարզիկին, որ ավելի շատ աշխատանք կատարի մարզումների կամ բուն մրցույթի ժամանակ: Կրեատինը հաճախ օգտագործվում է այն մարզիկների կողմից, ովքեր զբաղվում են բարձր արագացմամբ ընդհատվող մարզաձևերով, որոնք պահանջում են մարզումների միջև կամ մրզումների ժամանակ արագ վերականգնում:
  • Վնասվածքների կանխարգելում. բերանային (օրալ) կրեատինը կարող է նվազեցնել ջրազրկման, մկանների ջղաձգման և մկանների, ոսկորների, կապանների, ջլերի և նյարդերի վնասվածքների հաճախականությունը:
  • Հազվադեպ հանդիպող կրեատին-մետաբոլիզացնող համախտանիշներ. կրեատինի անբավարարության որոշակի համախտանիշներ ունեցող երեխաների մոտ կրեատինի բերանային (օրալ) հավելումները կարող են բարելավել որոշ ախտանիշներ:
  • Ճանաչողական գործառույթներ և գլխուղեղի առողջություն. կրեատինի հավելումը կարող է բարելավել ճանաչողական առաջադրանքների արդյունավետությունը, հատկապես՝ տարեցների մոտ:
  • Սարկոպենիա և ոսկորների առողջություն. կրեատինի հավելումը կարող է օգնել կմախքային մկանների և ոսկրային միներալների խտության տարիքային անկման հակազդմանը:
  • Սրտային անբավարարություն. բավարար տվյալներ չկան, որոնք կարող են հաստատել սրտային անբավարարության բուժման մեջ բերանային (օրալ) կրեատինի օգտակարությունը:
  • Մաշկի ծերացում. վաղ հետազոտությունները վկայում են, որ կերատին և այլ բաղադրիչներ պարունակող նրբաքսուքների (կրեմ) վեց շաբաթվա ընթացքում ամենօրյա օգտագործումը կարող է օգնել դեմքի մաշկի թորշոմության և հոգնածության նվազեցմանը: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կերատին և ֆոլաթթու պարունակող նրբաքսուքը կարող է բարելավել արևից մաշկի վնասման ախտանիշները և կնճիռները դարձնել ավելի քիչ նկատելի:

Մարդիկ, ովքեր ունեն կերատինի ցածր մակարդակներ, օրինակ՝ բուսակերները, կրեատինի հավելումներից հավանաբար ստանում են լրացուցիչ օգուտներ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ճիշտ դեղաչափերով բերանային (օրալ) կրեատինի հնգամյա օգտագործումը համարվում է անվտանգ: Ինչպես որևէ այլ սննդային հավելման դեպքում, այնպես էլ կրեատինի հավելում գնելիս պետք է առաջնորդվել վստահելի արտադրողից գնելու և առաջարկվող դեղաչափերով օգտագործելու սկզբունքներով:

Կրեատինինը կարող է առաջացնել՝

  • քաշի ավելացում, հիմնականում՝ մկանային զանգվածի հաշվին:

Կրեատինը կարող անվտանգ չլինել երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այնուամենայնիվ, այս հարցը պահանջում է հետագա հետազոտություններ:

Փոխազդեցություններ

Հնարավոր փոխազդեցությունները ներառում են հետևյալը:

  • Կոֆեին. կոֆեինի զուգակցումը կրեատինի հետ կարող է նվազեցնել վերջինիս արդյունավետությունը: Կրեատինի օգտագործումը օրական ավելի քան 300 մգ կոֆեինի հետ նաև վատթարացնում է Պարկինսոնյան հիվանդության ընթացքը: Այս հարցը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Ամփոփում

Կրեատինը կարող է օգտակար լինել այն մարզիկներին, ովքեր ունեն կտրուկ արագացման կամ մկանուքի զարգացման կարիք, օրինակ՝ սպրինտերներին, ծանրամարտիկներին և թիմային մարզաձևերի մասնակիցներին:

Կրեատինը չի կարող օգնել բոլոր մարզիկներին, սակայն, առկա տվյալները վկայում են, որ պատշաճ ձևով ընդունելիս այն վնաս չի հասցնում օրգանիզմին:

Ավելի հին մի հետազոտությամբ պարզվել էր, որ կրեատինը կարող է երիկամային հիվանդությամբ մարդկանց մոտ վատթարացնել երիկամային գործառույթի խանգարումը, սակայն չկան ապացույցներ այն մասին, որ հավելումը կարող է ազդել առողջ մարդկանց երիկամների գործունեության վրա:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2024
Վերջին վերանայում՝ 23-01-2024