Skip to main content

Դիազեպամ - Բենզոդիազեպիններ

Ընդհանուր նկարագրություն

Դիազեպամը դեղատոմսով նշանակվող դեղամիջոց է, որն օգտագործվում է անհանգստությունը և տագնապային խանգարումները բուժելու համար:

Դիազեպամը նաև օգտագործվում է աժիտացիայի, ցնցումների, զառանցանքի, տրեմորի (դող) և հալյուցինացիաների բուժման համար, որոնք առաջանում են ալկոհոլից հրաժարվելու հետևանքով: Այն օգտագործվում է ցնցումների բուժման, որոշ նյարդաբանական հիվանդությունների դեպքում մկանային կծկանքների (սպազմերի) թեթևացման և վիրահատության ժամանակ որպես հանգստացնող միջոց։

Դիազեպամը պատկանում է բենզոդիազեպինային դեղամիջոցների ընտանիքին:

Դիազեպամը և մյուս բենզոդիազեպիններն ազդում են՝ ուժեղացնելով գլխուղեղում գամմա-ամինոկարագաթթվի (ԳԱԿԹ, անգլերեն՝ GABA) ազդեցությունը: ԳԱԿԹ-ը նեյրոհաղորդիչ (նեյրոմեդիատոր) է՝ քիմիական նյութ, որն օգտագործում են նյարդային բջիջները միմյանց հետ հաղորդակցվելու համար, և ընկճում է գլուղեղի գործունեությանը: Ենթադրվում է, որ գլխուղեղի ավելորդ ակտիվությունը կարող է հանգեցնել անհանգստության, տագնապի կամ այլ հոգեկան խանգարումների:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Դիազեպամը հաստատել է դեռևս 1967 թվականի դեկտեմբերին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Valium

Օրինակներ

Բենզոդիազեպինների շարքի այլ դեղամիջոցներից են՝

  • Ալպրազոլամ (Քսանաքս)
  • Կլոնազեպամ (Կլոնոպին)
  • Լորազեպամ (Ատիվան)
  • Ֆլուրազեպամ (Դալմանե):

Ցուցումներ

Դիազեպամը նշանակվում է հետևյալ դեպքերում՝

  • անհանգստություն և տագնապային խանգարում
  • աժիտացիա
  • ցնցումներ
  • զառանցանք
  • տրեմորի (դող)
  • հալյուցինացիաներ՝ առաջացած ալկոհոլից հրաժարվելու հետևանքով

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Կախվածություն

Դիազեպամը կարող է հանգեցնել կախվածության, հատկապես, երբ ավելի մեծ դեղաչափերով օգտագործվում է երկար ժամանակ: Դիազեպամից կախվածություն ունեցող մարդկանց մոտ կամ երկարատև օգտագործումից հետո դեղամիջոցի կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել հանման (զրկանքի) ախտանիշներ, ինչպիսիք են՝

  • անքնություն
  • գլխացավեր
  • սրտխառնոց
  • փսխում
  • գլխապտույտ
  • քրտնոտություն
  • անհանգստություն և տագնապ
  • հոգնածություն:

Զրկանքի համախտանիշի ավելի ծանր դեպքերում կարող են զարգանալ ցնցումներ: Հետևաբար, երկարատև օգտագործումից հետո Դիազեպամի դեղաչափերը պետք է կրճատվեն դանդաղորեն՝ բժշկի հսկողության ներքո, այլ ոչ թե կտրուկ:

Այլ կողմնակի ազդեցություններ

Դիազեպամի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • քնկոտություն
  • հոգնածություն
  • փորլուծություն
  • ցան
  • էյֆորիա
  • ատաքսիա (հավասարակշռության կորուստ):

Այլ կարևոր կողմնակի ազդեցությունները ներառում են հետևյալը՝

  • պարադոքսալ ռեակցիաներ և գրգռվածություն
  • մկանային կծկանքներ (սպազմ)
  • քնի պակաս
  • զայրույթի բռնկումներ
  • շփոթվածություն
  • խոսքի հետ կապված խնդիրներ
  • երկտեսություն:

Հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝

  • շնչառության ընկճում
  • նեյտրոպենիա
  • դեպրեսիա:

Փոխազդեցություններ

Ալկոհոլը կամ հանգստացնող և քնաբեր դեղամիջոցները կարող են ավելացնել Դիազեպամի հանգստացնող ազդեցությունը: Բենզոդիազեպիններ ընդունող մարդիկպետք է խուսափեն նման համակցություններից:

Հետևյալ դեղամիջոցները կարող են երկարացնել Դիազեպամի ազդեցությունը՝ արգելակելով լյարդային այն ֆերմենտները, որոնք չեզոքացնում են Դիազեպամը՝

  • Ցիմետիդին (Տագամետ)
  • Կետոկոնազոլ (Նիզորալ)
  • Իտրակոնազոլ (Սպորանոքս)
  • Օմեպրազոլ (Պրիլոսեկ, Ռապինեքս)
  • էրիթրոմիցին
  • Կլարիթրոմիցին (Բիաքսին)
  • Դարունավիր (Պրեզիստա)
  • Ֆլուվոքսամին (Լուվոքս)
  • Ֆլուոքսետին (Պրոզակ):

Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի նվազեցնել դեղաչափերը, երբ այս դեղերը օգտագործվում են Դիազեպամի հետ:

Կարբամազեպինը (Տեգրետոլ), Ռիֆամպինը (Ռիֆադին) և սրոհունդը (зверобой) նվազեցնում են Դիազեպամի մակարդակը՝ մեծացնելով դեղամիջոցի նյութափոխանակությունը լյարդային ֆերմենտների կողմից:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Բենզոդիազեպինները, ներառյալ Դիազեպամը, կարող են առաջացնել պտղի շեղումներ և պետք է չօգտագործվեն հղիության ընթացքում:
  • Դիազեպամն արտազատվում է կրծքի կաթի մեջ և կարող է ազդել կերակրվող նորածինների վրա: Հետևաբար, Դիազեպամը պետք է չօգտագործվի կերակրող կանանց կողմից:

Դեղաչափեր

  • Բերանային (օրալ) Դիազեպամը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի:
  • Դիազեպամը հեռացվում է լյարդով և արտազատվում հիմնականում երիկամներով: Երիկամների շեղված գործառույթ ունեցող մարդկանց մոտ Դիազեպամի դեղաչափերը հավանաբար անհրաժեշտ կլինի նվազեցնել:
  • Դիազեպամի սովորական բերանային (օրալ) դեղաչափն անհանգստության կամ ցնցումների դեպքում 2-10 մգ է, որը տրվում է օրական 2-4 անգամ:
  • Ուղիղաղիքային (ռեկտալ) Դիազեպամի սովորական դեղաչափը 0,2-0,5 մգ/կգ է և կախված է հիվանդի տարիքից:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 2, 5 և10 մգ
  • Բերանային (օրալ) լուծույթ ՝ 1 մգ/մլ, 5 մգ/մլ
  • Ներարկման լուծույթ՝ 5 մգ/մլ
  • Ներմկանային սարք՝ 10 մգ/2 մլ
  • Ուղիղաղիքային (ռեկտալ) գել՝ 2,5, 10 և 20 մգ

Պահպանում

  • Դիազեպամը պետք է պահպանվի սենյակային ջերմաստիճանում՝ 15-30° C (59 F-ից 86 F):

Ամփոփում

Դիազեպամը տագնապային խանգարումների բուժման համար նախատեսված դեղամիջոց է։ Այն նաև նշանակվում է հոգեշարժական գրգռվածության (աժիտացիա), ցնցումների, զառանցանքի, ցնցումների և հալյուցինացիաների (ցնորքների) բուժման համար, որոնք առաջանում են ալկոհոլից հրաժարվելու հետևանքով: Դիազեպամը կարող է հանգեցնել կախվածության, հատկապես, երբ երկար ժամանակի ընթացքում օգտագործվում են ավելի մեծ դեղաչափեև: Դիազեպամի ամենատարածված կողմնակի ազդեցություններն են քնկոտությունը, հոգնածությունը, փորլուծությունը, ցանը, էյֆորիան և ատաքսիան (հավասարակշռության կորուստ): Մի՛ օգտագործեք Դիազեպամ հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-01-2024
Վերջին վերանայում՝ 30-01-2024