Skip to main content

Դիլթիազեմ - Կալցիումական անցուղիների պաշարիչներ

Ընդհանուր նկարագրություն

Դիլթիազեմը կալցիումական անցուղիների պաշարիչների խմբին պատկանող դեղամիջոց է, որը նշանակվում է կրծքահեղձուկի, բարձր արյան ճնշման և որոշ առիթմիաների բուժման մեջ:

Կալցիումը մասնակցում է մկանների կծկմանը, ուստի, պաշարելով կալցիումի մուտքը մկանաբջիջներ, Դիլթիազեմը և այս խմբի մյուս դեղերը թուլացնում են զարկերակները շրջապատող մկանաթելերը, որի շնորհիվ այդ անոթները լայնանում են՝ իրենց մեջ տեղավորելով ավելի շատ արյուն: Այսպիսով, Դիլթիազեմը դառնում է սրտամկանը սնուցող պսակային զարկերակների կծկանքով (սպազմ) պայմանավորված հետկրծոսկային ցավերի՝ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) կանխարգելման և բուժման համար արդյունավետ դեղամիջոց:

Օրգանիզմի այլ շրջաններում զարկերակների մկանների թուլացումը բերում է արյան ճնշման նվազեցման, որն իր հերթին սրտի կողմից արյան մղումը դեպի այդ անոթներ դարձնում է ավելի դյուրին և նվազում է թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջը: Նվազեցնելով թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջարկը, Դիլթիազեմը մեղմացնում կամ կանխարգելում է կրծքահեղձուկը նաև այս մեխանիզմով:

Լայնացնելով զարկերակները՝ Դիլթիազեմը նաև նվազեցնում է արյան ճնշումը, և այս ազդեցությունը թույլ է տալիս դեղը նշանակել բարձր արյան ճնշումը (զարկերակային հիպերտենզիա) բուժելիս:

Դիլթիազեմն ամերիկյան FDA կազմակերպության կողմից գրանցվել է 1982 թվականին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Cardizem, Cardizem CD, Cardizem LA, Tiazac, Cartia XT, Diltzac, Dilt-CD

Օրինակներ

Կալցիումական անցուղիների պաշարիչների այլ ներկայացուցիչներից են՝

  • Ամլոդիպին
  • Վերապամիլ
  • Նիֆեդիպին:

Ցուցումներ

Դիլթիազեմը նշանակվում է իշեմիկ բնույթի սրտային ցավերի (կրծքային հեղձուկ կամ ստենոկարդիա), բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և վերփորոքային ծագման հաճախասրտությամբ ուղեկցվող սրտի ռիթմի խանգարումների (օրինակ՝ շողացող առիթմիա, վերփորոքային պարօքսիզմալ տախիկարդիա) կանխարգելման և բուժման մեջ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Դիլթիազեմի կողմնակի ազդեցություններից են՝

  • փորկապություն
  • սրտխառնոց
  • գլխացավ
  • մաշկացան
  • ոտքերի՝ ոտնաթաթերի այտուցվածություն
  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • քնկոտություն
  • գլխապտույտ:

Դիլթիազեմը նաև կարող է առաջացնել լյարդի գործունեության խանգարում և լնդերի գերաճ: Դիլթիազեմի օգտագործումից լյարդի ֆերմենտները կարող են չափավոր ակտիվանալ, որոնք, սակայն, դեղի ընդունումը դադարեցնելիս սովորաբար վերադառնում են նորմալ մակարդակներին:

Եթե Դիլթիազեմը տրվի սրտային անբավարարությամբ մարդկանց, անբավարարության ախտանիշները կարող են վատթարանալ, քանի որ Դիլթիազեմը նվազեցնում է սրտի կծկողական ուժը:

Արյան ճնշումը նվազեցնող մյուս դեղերի նման Դիլթիազեմը կապված է սեռական գործունեության խանգարման հետ:

Փոխազդեցություններ

  • Դիլթիազեմի օգտագործումը Դիգօքսինի (Լանօքսին) հետ միասին կարող է բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը: Նման դեպքերում սովորաբար արյան մեջ Դիգօքսինի մակարդակը վերահսկվում է, որպեսզի կանխարգելվի գլիկոզիդային թունավորումը:
  • Նույն կերպ, Դիլթիազեմի զուգակցումը հակացնցումային դեղերի, օրինակ՝ Կարբամազեպինի հետ կարող է բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը և երբեմն բերել թունավոր ազդեցությամբ:
  • Դիլթիազեմը բարձրացնում է արյան մեջ Լովոստատինի, Ատորվաստատինի (Լիպիտոր) և Սիմվաստատինի (Զոկոր) մակարդակները, ըստ երևույթին բարձրացնելով դրանց կողմնակի ազդեցությունների ռիսկը:
  • Դիլթիազեմը կարող է բարձրացնել արյան մեջ Բուսպիրոնի (Բուսպար), Միդազոլամի (Վերսեդ), Տրիազոլամի (Հալսիոն) և Դիազեպամի (Վալիում) մակարդակները՝ նվազեցնելով դրանք քայքայումը և լյարդով օրգանիզմից հեռացումը: Սա կարող է բերել նշված դեղերից թունավորման:
  • Ռիֆամպինը (Ռիֆամատ, Ռիֆադին, Ռիմակտան) կրճատում է Դիլթիազեմի ազդեցությունը՝ նվազեցնելով վերջինիս մակարդակն արյան մեջ:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Դիլթիազեմն արտազատվում է կրծքի կաթի մեջ: Նորածնի մոտ կողմնակի ազդեցություններից խուսափելու համար կրծքով կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում օգտագործել այս դեղը:

Դեղաչափեր

  • Չափահասների բերանային (օրակ) դեղաչափերը ետկրծոսկրային ցավերի կամ բարձր արյան ճնշման (հիպերտիենզիա) համար կազմում են օրական 120-ից մինչև 540 մգ: Դեղաչափը կախված է դեղաձևից և օգտագործման եղանակից:
  • Անհապաղ ազդող հաբերը նշանակվում են օրական մինչև 4 անգամ ընդունմամբ:
  • Երկար ազդեցության դեղաձևերը նշանակվում են օրական մեկ անգամ՝ յուրաքանչյուր օր մոտավորապես նույն ժամին: Դրանք չի կարելի ծամել կամ կիսել-փշրել:
  • Ներարկման դեղաձևերն օգտագործվում են շողացող առիթմիան (նախասրտերի շողացում), նախասրտերի թրթռման և պարօքսիզմալ վերփորոքային հաճախասրտության նոպաները բուժելիս:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Անհապաղ ազդեցությության հաբեր՝ 30, 60, 90 և 120 մգ:
  • Երկարատև ազդեցության հաբեր՝ 120, 180, 240, 300, 360 և 420 մգ:
  • Երկարատև ազդեցության պատիճներ՝ 120, 180, 240, 300, 360 և 420 մգ:
  • Ներարկման փոշի՝ 100 մգ:
  • Ներարկման լուծույթ՝ 5 մգ/մլ:

Պահպանում

  • Հաբերը, պատիճները և ներարկման փոշին պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում (15-30° C):
  • Ներարկման լուծույթը պետք է պահել 2-8° C ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

Դիլթիազեմը կալցիումական անցուղիների պաշարիչների խմբին պատկանող դեղամիջոց է, որը նշանակվում է կրծքահեղձուկի (ստենոկարդիա), բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և որոշ առիթմիաների բուժման մեջ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 07-11-2023