Skip to main content

Դիֆենհիդրամին (դիմեդրոլ) - Հակահիստամինային դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Դիֆենհիդրամինը կամ Դիմեդրոլը ​ուժեղ հակահիստամինային դեղ է, որը վերացնում է հիստամինից առաջացած հարթ մկանների կծկանքը, իջեցնում մազանոթների թափանցիկությունը և կանխում ալերգիական ռեակցիան, ինչպես նաև օժտված է ընդհանուր հանգստացնող (սեդատիվ), հակաբորբոքային և հակակծկանքային (սպազմոլիտիկ) հատկություններով։​

Հիստամինն ակտիվ կենսաբանական նյութ է, որն օրգանիզմն արտադրում է որոշ տեսակի ալերգիկ ռեակցիաների և ավելի քիչ՝ որոշ վիրուսային վարակների ժամանակ (օրինակ՝ մրսածություն): Երբ հիստամինը կապվում է բջիջների ընկալիչներին, խթանում է բջջի ներսում որոշ փոփոխությունների գործընթացը, որի արդյունքում առաջացնում են փռշտոց, քոր և ուժեղացած լորձային արտադրություն: Հակահիստամինները մրցակցային մեխանիզմով իրենք են կապվում այս ընկալիչների հետ՝ առանց խթանելու այդ բջիջները: Ի լրումն, դրանք նաև կանխարգելում են բջիջների հետ հիստամինի կապվելը և խթանող ազդեցեությունը:

Դիֆենհիդրամինը նաև արգելակում է ացետիլխոլինի ազդեցությունը (հակախոլիներգիկ ազդեցություն) և կարող է օգտագործվել որպես սեդատիվ (հանգստացնող) դեղ, քանի որ առաջացնում է քնկոտություն:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Դիֆենհիդրամինը հաստատել է դեռևս հեռավոր 1946թ.:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Benadryl, Sominex, Unisom, Nytol

Կողմնակի ազդեցություններ

Դիֆենհիդրամինի տարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • քնկոտություն
  • հոգնածություն
  • գլխապտույտ
  • բերանի և մյուս շնչառական արտադրուկների չորացում և պնդացում
  • փորկապություն
  • կորդինացիայի խանգարում
  • միզակապություն:

Դիֆենհիդրամինը նաև կարող է առաջացնել՝

  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • սրտխփոցի զգացում
  • հաճախասրտություն (տախիկարդիա)
  • շփոթվածություն
  • դյուրագրգռություն
  • մշուշոտ տեսողություն կամ երկտեսություն (դիպլոպիա)
  • ցավոտ կամ դժվարացած միզարձակում (դիզուրիա)
  • դող (տրեմոր)
  • առատ քրտնարտադրություն
  • ախորժակի կորուստ
  • էրեկտիլ դիսֆունկցիա
  • սրտխառնոց:

Դիֆենհիդրամինը պետք է զգուշությամբ օգտագործվի (եթե, այնուամենայնիվ, օգտագործվում է) այն մարդկանց կողմից, ովքեր ունեն նեղ անկյուն գլաուկոմա, շագանակագեղձի գերաճ (ադենոմա), թիրեոտոքսիկոզ (վահանաձև գեղձի գերխթանում), սրտանոթային հիվանդություններ, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) և ասթմա:

Փոխազդեցություններ

  • Դիֆենհիդրամինը բարձրացնում է ալկոհոլի և քնկոտություն առաջացնող դեղերի հանգստացնող (սեդատիվ) ազդեցությունը: Այսպիսի դեղերից են՝
    • հակատագնապային դեղերի բենզոդիազեինային խումբ (օրինակ՝ Դիազեպամ, Լորազեպամ, Կլոնազեպամ, Ալպրազոլամ)
    • թմրաբեր ազդեցությամբ ցավազրկող դեղեր և դրանց ածանցյալներ (օրինակ՝ Օքսիկոդոն, Հիդրոկոդոն, Կոդեին, Պրոպոքսիֆեն)
    • հակադեպրեսանտային դեղերի եռացիկլիկների դաս (օրինակ՝ Ամիտրիպտիլին, Իմիպրամին, Դեզիպրամին)
    • որոշ արյան ճնշման դեղեր (օրինակ՝ Կլոնիդին, Պրոպրանոլոլ):
  • Դիֆենհիդրամինը նաև կարող է բարձրացնել հակախոլիներգիկ ազդեցությամբ դեղերի «չորացնող» ազդեցությունը (օրինակ՝ Դիցիկլոմին, Բեթանեխոլ, Պրոբունթին):

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Դիֆենհիդրամինը բավարար ուսումնասիրվել է հղի կանանց շրջանում: Հղի կանայք այս դեղը պետք է օգտագործեն միայն այն դեպքում, երբ օգուտները գերակշռում են հնարավոր, սակայն անհայտ ռիսկերին:
  • Դիֆենհիդրամինն արտազատվում է կրծքի կաթով: Կերակրող մայրերը պետք է խուսափեն Դիֆենհիդրամին օգտագործելուց, քանի որ բարձրանում է նորածնի մոտ խթանման և ցնցումների ռիսկը (հատկապես թերքաշ նորածինների մոտ):

Դեղաչափեր

Դիֆենհիդրամինի դեղաչափերը խիստ կախված են դեղաձևից: Այն իր առավելագույն ազդեցությունը դրսևորում է ընդունելուց մեկ ժամ հետո:

  • Չափահասների մոտ ալերգիկ ռեակցիաները բուժելու համար Դիֆենհիդրամինը տրվում է 25-50 մգ-ից 4-6 ժամը մեկ անգամ՝ չանցնելով օրական առավելագույն 300 մգ:
  • Չափահասների մոտ անքնությունը բուժելիս Դիֆենհիդրամինը պետք է ընդունել գիշերային քնից 30 րոպե առաջ՝ մեկ անգամ 50 մգ:
  • 60-ն անց մարդիկ առավել զգայուն են դեղի հանգստացնող (սեդատիվ) և հակախոլիներգիկ ազդեցությունների նկատմամբ, ուստի դեղաչափը պետք է նվազեցնել:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Պատիճներ՝ 25 և 50 մգ:
  • Հաբեր՝ 12.5, 25 և 50 մգ:
  • Ստրիպներ՝ 12.5 և 25 մգ:
  • Էլեքսիր, խմելու լուծույթ, հեղուկ՝ 12.5 մգ/5 մլ (մեկ թելի գդալ)
  • Ներարկման ձևեր՝ 10 մգ/մլ, 50 մգ/մլ և այլն:

Պահպանում

Դիֆենհիդրամինը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30° C): Ներարկման դեղաձևերը պետք է պահպանել լույսից և սառեցումից:

Ամփոփում

Դիֆենհիդրամինը խմելու կամ ներարկման ձևով դեղամիջոց է, որը կարող է օգտագործվել հետևյալ վիճակների բուժման մեջ՝

  • ալերգիկ ռինիտ
  • եղնջացան
  • ալերգիկ կոնյուկտիվիտ
  • ծովային հիվանդություն (գլխապտույտ)
  • մեղմ ընթացքով Պարկինսոնյան հիվանդություն:

Մինչև այս դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման մասին:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 06-11-2023