Ընդհանուր նկարագրություն
Դոքսիցիկլինը սինթետիկ հակաբիոտիկ է, որը ստացվում է տետրացիկլինից:
Դոքսիցիկլինի հակաբակտերիալ ազդեցությունը պայմանավորված է բակտերիային կողմից սպիտակուցների արտադրությունը ճնշելով:
Այն արդյունավետ է բակտերիաների լայն շրջանակի համար, օրինակ՝
- Hemophilus influenzae
- Streptococcus pneumoniae
- Mycoplasma pneumoniae
- Chlamydia psittaci
- Chlamydia trachomatis
- Neisseria gonorrhoea և այլն:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Դոքսիցիկլինը հաստատել է դեռևս 1967 թվականի դեկտեմբերին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Vibramycin, Oracea, Adoxa, Atridox, Acticlate, Acticlate Cap, Doryx, Doxteric, Doxy, Monodox
Օրինակներ
Տետրացիկլինային շարքի մյուս հակաբիոտիկերից են՝
- Տետրացիկլին
- Oքսիտետրացիկլին (Տերամիցին)
- Քլորտետրացիկլին (Աուրեոմիցին)
- Մետացիկլին (Ռոնդոմիցին)
- Դոկսիցիկլին (Վիբրամիցին)
- Մոնոցիկլին։
Ցուցումներ
Դոքսիցիկլինը նշանակվում է բազմաթիվ տարբեր վարակների ժամանակ, այդ թվում՝ Hemophilus influenzae, Streptococcus pneumoniae կամ Mycoplasma pneumoniae հարուցիչներով պատճառված շնչուղիների վարակներ: Այն նաև նշանակվում է հետևյալ վարակների բուժման մեջ՝
- ոչ գոնոկոկային միզուկաբորբեր (ուրեթրիտ) (հարուցված Ureaplasma-ով),
- ամերիկյան բծավոր տենդ
- տիֆ
- բրուցելոզ
- սիբիրյան խոց
- սիֆիլիս
- փափուկ շանկր (շանկրոիդ)
- ակնե (կորյակ)
- պերիոդոնտալ հիվանդություն:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ընդհանուր առմամբ Դոքսիցիկլինը լավ տարվող դեղամիջոց է: Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝
- փորլուծություն կամ ջրային կղանք
- սրտխառնոց
- որովայնային ցավ
- փսխում:
Տետրացիկլինները, այդ թվում՝ Դոքսիցիկլինը, մինչև 8 տարեկան երեխաների մոտ կարող են առաջացնել ատամների գունազրկում:
Տետրացիկլինների ընդունումը կապված է նաև արևայրուքի բարձրացած ռիսկի հետ, ուստի այս դեղերն ընդունելիս պետք է նվազեցնել արևի ճառագայթների ազդեցությունը:
Փոխազդեցություններ
- Խորհուրդ է տրվում Դոքսիցիկլինը միաժամանակ չընդունել ալյումին, մագնեզիում կամ կալցիում պարունակող անտացիդների հետ միասին, օրինակ՝ Միլանտա, Մաալոքս և այլն, քանի որ դրանք աղիներում կապում են Դոքսիցիկլինը և կանխարգելում ներծծումը: Նույն կերպ, խորհուրդ չի տրվում Դոքսիցիկլինն ընդունել միներալների հետ (օրինակ՝ կալցիում կամ երկաթ, բիսմութի սուբսալիցիլատ:
- Դոքսիցիկլինը կարող է ուժեղացնել Վարֆարինի ակտիվությունը և առաջացնել արյան լրացուցիչ «ջրիկացում» և արյունահոսություններ, ուստի նման դեպքերում պետք է նվազեցնել Վարֆարինի դեղաչափը:
- Ֆենիտոինը, Կարբամազեպինը և բարբիտուրատները (օրինակ՝ Ֆենոբարբիտալ) կարող են արագացնել Դոքսիցիկլինի նյութափոխանակությունը (քայքայումը)՝ վերջինս դարձնելով նվազ արդյունավետ:
- Դոքսիցիկլինը կարող է նվազեցնել պենիցիլինների ազդեցությունները, ուստի չպետք է զուգակցվի դրանց հետ:
- Դոքսիցիկլինը կարող է նաև նվազեցնել օրալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը:
- Դոքսիցիկլինի և Մեթօքսիֆլուրանի զուգակցումը կարող է նվազեցնել երիկամների գործունեությունը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Տետրացիկլինային հակաբիոտիկները, այդ թվում՝ Դոքսիցիկլինը կարող են թունավոր ազդեցություն դրսևորել պտղի ոսկրերի զարգացման վրա, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում, քանի դեռ չի ընտրվել այլ համարժեք հակաբիոտիկ:
- Դոքսիցիկլինը արտազատվում է կրծքի կաթի մեջ, սակայն նորածնի կողմից յուրացումը մնում է ոչ լիարժեք հետազոտված: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Դոքսիցիկլինը կարող է ազդել պտղի ոսկրային հյուսվածքի վրա, կրծքով կերակրող կանանց կողմից դեղի օգտագործումը դառնում է կասկածելի:
Դեղաչափեր
- Դոքսիցիկլինի ներծծումը սննդի ընդունումից քիչ է կախված, ուստի այն կարելի է ընդունել սննդի հետ:
- Վարակների մեծ մասի համար Դոքսիցիկլինը ընդունվում է օրական մեկ կամ երկու անգամ, 7-14 օրվա ընթացքում:
- Չափահասների համար Դոքսիցիկլինի սովորական դեղաչափն առաջին օրվա համար 200 մգ է (100 մգ-ից 12 ժամը մեկ), որից հետո 100-200 մգ/օր, օրական մեկ կամ երկու անգամյա ընդունմամբ (վերջին դեպքում օրական դեղաչափը պետք է կիսվի երկու մասի):
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Պատիճներ՝ 50, 75, 100 և150 մգ
- Պատիճներ (հետաձգված ազդեցության)՝ 40 մգ
- Հաբեր՝ 20, 50, 75, 100 և 150 մգ
- Հաբեր (հետաձգված ազդեցության)՝ 50, 60, 75, 80, 100, 120, 150 և 200 մգ:
- Օշարակ՝ 50 մգ/5 մլ (թեյի գդալ)
- Խմելու կախույթ (սուսպենզիա)՝ 25 մգ/5 մլ
- Ներարկման փոշի՝ 100 և 200 մգ
- Լնդային երկարացված ազդեցության հեղուկ՝ 10%
Պահպանում
- Հաբերը, պատիճները և օշարակը պետք է պահպանել 15-30° C սենյակային ջերմաստիճանային պայմաններում:
- Ներարկման փոշին պետք է պահպանել 25° C սենյակային ջերմաստիճանային պայմաններում, լուսից պաշտպանված տեղում:
- Ջրի հետ խառնված փոշին պետք է օգտագործվի 7 օրվա ընթացքում, եթե պահպանվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում կամ 14 օր՝ սառնարանային պայմանում պահպանելիս: Օգտագործումից հետո դրանք պետք լավ թափահարել:
Ամփոփում
Դոքսիցիկլինը սինթետիկ լայն սպեկտրի հակաբիոտիկ է, որը ստացվել է Տետրացիկլինից: Այն նշանակվում է վարակների բազմաթիվ տեսակների բուժման մեջ։
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 28-01-2024