Skip to main content

Էնալապրիլ - ԱՓՖ արգելակիչներ

Ընդհանուր նկարագրություն

Էնալապրիլը բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժման դեղամիջոց է, որը պատկանում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչների դասին:

ԱՓՖ արգելակիչները նվազեցնում են արյան ճնշումը՝ ընկճելով անգիոտենզին II-ի առաջացումը, որի շնորհիվ զարկերակները թուլանում ու լայնանում են: ԱՓՖ արգելակիչները նաև բարելավում են սրտային անբավարարությամբ պացիենտների արյան գործունեության արդյունավետությունը, քանի որ նվազած արյան ճնշման պայմաններում հեշտանում է սրտի կողմից արյան արտամղումն արյունատար անոթներ և բարելավվում է «թուլացած» սրտի գործունեությունը:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Էնալապրիլը հաստատել է 1985թ. դեկտեմբերին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Vasotec, Epaned

Օրինակներ

Այլ ԱՓՖ արգելակիչներից են՝

  • Կապտոպրիլ
  • Խինապրիլ
  • Ռամիպրիլ
  • Ֆոզինոպրիլ
  • Բենզապրիլ
  • Լիզինոպրիլ
  • Մոեքսիպրիլ
  • Տրանդոլապրիլ:

Բժիշկները երբեմն այս խմբի դեղերին անվանում են «պրիլների շարք»՝ ելնելով դեղերի անվանումների համանման վերջավորությունից:

Ցուցումներ

  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • սրտային անբավարարություն բուժման դեղաչափը 2,5-20 մգ է, օրական երկու անգամյա ընդունմամբ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ընդհանուր առմամբ Էնալապրիլը պացիենտների կողմից լավ է տարվում, իսկ կողմնակի ազդեցությունները սովորաբար թեթև և ժամանակավոր են: Չոր, կայուն հազի առաջացումը լայնորեն զեկուցվել է որպես Կապտոպրիլի և այլ ԱՓՖ արգելակիչների օգտագործման կողմնակի ազդեցություն: Հազը սովորաբար անհետանում է դեղի ընդունումը դադարեցնելուց հետո:

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

  • որովայնային ցավեր
  • փորլուծություն
  • գլխապտույտ
  • հոգնածության զգացում
  • գլխացավ
  • ախորժակի կորուստ
  • սրտխառնոց և փսխում
  • կրծքավանդակային ցավ
  • ուշագնացություն
  • ձեռերի կամ ոտքերի թմրածության կամ ծակոցների զգացում
  • ցան
  • ըմպանի ցավ կամ այտուցվածություն:

Հազվադեպ ԱՓՖ արգելակիչները կարող են առաջացնել լյարդի գործունեության խանգարում և դեղնուկ: Ռիսկի խմբերում ԱՓՖ արգելակիչները կարող են կրճատել երիկամների գործունեությունը: Էնալապրիլը կարող է առաջացնել գերզգայունության (ալերգիկ) ռեակցիա և անոթային այտուց (դեմքի, շրթունքների, լեզվի և կոկորդի այտուց):

Փոխազդեցություններ

  • Միզամուղների ստացող պացիենտների մոտ Էնալապրիլով բուժումը կարող է կտրուկ նվազեցնել արյան ճնշումը: Էնալապրիլային բուժման մեկնարկից առաջ միզամուղների ընդունման դադարեցումը կամ կերակրի աղի օգտագործման շատացումը կարող է կանխարգելել արյան ճնշման լրացուցիչ նվազեցումը: Եթե միզամուղների օգտագործումը չի կարող դադարեցվել, Էնալապրիլ ստանալուց հետո առաջին 2 ժամվա ընթացքում անհրաժեշտ է հետևել պացիենտի վիճակին:
  • Էնալապրիլը կարող է բարձրացնել արյան կալիումի մակարդակը (հիպերկալեմիա): Ուստի, կալումի հավելումների կամ արյան մեջ կալիումի մակարդակը բարձրացնող դեղերի հետ նշանակվելիս (Սպիրոնոլակտոն) Էնալապրիլը բարձրացնում է հիպերկալեմիայի ռիսկը:
  • Կան զեկույցներ այն մասին, որ ԱՓՖ արգելակիչները կարող են բարձրացնել արյան լիթիում մակարդակը, երբ զուգակցվում են լիթիում պարունակող դեղերի հետ: Նման փոխազդեցության մեխանիզմն անհայտ է, սակայն պետք է հաշվի առնել, որ լիթիումի մեծ քանակները կարող են բերել թունավոր ազդեցության:
  • Կան տարբեր զեկույցներ այն մասին, որ Ասպիրինը և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ, օրինակ՝ Իբուպրոֆեն, Ինդոմեթացին, Նապրոքսեն և այլն) ԱՓՖ արգելակիչների հետ զուգակցելիս կարող են նվազեցնել վերջինիս ազդեցությունը:
  • Ռևմատոի արթրիտի բուժման մեջ օգտագործվող ոսկու պատրաստուկները (Աուրոթիոմալատ նատրիում) ԱՓՖ արգելակիչների հետ զուգակցելիս կարող են զարգանալ նիտրիտոիդ ռեակցիաներ (դեմքի կարմրություն, սրտխառնոց, փսխում և արյան ճնշման անկում):

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

ԱՓՖ արգելակիչները, ներառյալ՝ Էնալապրիլը կարող են վնաս պատճառել պտղին, ուստի հղի կանայք պետք է խուսափեն այս դեղամիջոցների օգտագործումից:

ԱՓՖ արգելակիչները, ներառյալ՝ Էնալապրիլը արտազատվում են կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող մայրերը պետք է խուսափեն այս դեղամիջոցներն օգտագործելուց:

Դեղաչափեր

  • Բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժման համար ներքին ընդունման սովորական դեղաչափը 2,5-40 մգ է, օրական մեկ անգամ: Օրական դեղաչափը կարելի է կիսել և ընդունել երկու անգամ ընդունմամբ:
  • Սրտային անբավարարության բուժման դեղաչափը 2,5-20 մգ է, օրական երկու անգամյա ընդունմամբ:
  • Ներերակային բուժման սկզբնական դեղաչափը 1,25 մգ է, որը ներարկվում է 5 րոպեի ընթացքում, յուրաքանչյուր 6 ժամը մեկ: Եթե պացիենտը ստանում է միզամուղներ, սկզբնական ներերակային դեղաչափը պետք է նվազեցնել մինչև 0,625 մգ-ի, յուրաքանչյուր 6 ժամը մեկ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 2,5, 5, 10 և 20 մգ:
  • Ներարկման լուծույթ՝ 1.25 մգ/մլ:

Պահպանում

  • Հաբերը պետք պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում (15-25°C):
  • Ներակման ձևերը պետք է պահպանել 20-25°C ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

էնալապրիլը ԱՓՖ ինհիբիդորների դասին պատկանող դեղամիջոց է, որը նշանակվում է բարձր արյան ճնշման բուժման մեջ (հիպերտենզիա):

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2021
Վերջին վերանայում՝ 30-01-2024