Skip to main content

Էրիթրոմիցին - Հակաբիոտիկներ

Ընդհանուր նկարագրություն

Էրիթրոմիցինը մակրոլիդային խմբի հակաբիոտիկ է, որը նշանակվում է բազմաթիվ բակտերիալ վարակների բուժման մեջ:

Ինչպես բոլոր մակրոլիդային հակաբիոտիկները, Էրիթրոմիցինը կանխարգելում է բակտերիաների աճը՝ ազդելով դրանց կողմից սպիտակուց արտադրելու ունակության վրա: Մարդու օրգանիզմում և բակտերիաներում սպիտակուցներն արտադրվում են տարբեր ուղիներով, ուստի Ազիթրոմիցինը չի ազդում բնական սպիտակուցների արտադրության վրա:

Haemophilus influenzae բակտերիան կայուն է առանձին վերցրած Էրիթրոմիցինի նկատմամբ, ուստի այս վարակը պետք է բուժվի Էրիթրոմիցինի և սուլֆոնամիդների համարժեք դեղաչափի զուգակցմամբ:

Ամերիկյան Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) Էրիթրոմիցինը հաստատել է 1965 թվականի ապրիլին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Ery-Tab, PCE

Օրինակներ

Մակրոլիդային շարքի հակաբիոտիկներից են նաև՝

  • Ազիթրոմիցին
  • Կլարիթրոմիցին։

Ցուցումներ

Էրիթրոմիցինը նշանակվում է հետևյալ վարակների բուժման մեջ՝

  • ըմպանի (ստրեպտոկոկային կոկորտ) և մաշկի ստրեպտոկոկային վարակներ
  • թոքի վարակներ, օրինակ՝ Streptococcal pneumoniae, Mycoplasma pneumoniae և Legionella pneumophila-ով հարուցված թոքաբորբեր (պնևմոնիա)
  • փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ)
  • էրիթրազմա
  • կապույտ հազ
  • լիստերիոզ
  • աղիքային ամեոբիազներ:

Էրիթրոմիցինը նաև նշանակվում է մաշկի ստաֆիլոկոկային վարակների և որպես այլընտրանքային հակաբիոտիկ սիֆիլիսի, գոնորեայի և քլամիդիայի բուժման մեջ:

Էրիթրոմիցինը կարող է օգտագործվել այն անձանց կողմից, ովքեր ունեն Պենիցիլինի նկատմամբ ալերգիա, օրինակ, կրկնվող ռևմատիզմի կանխարգելման և սրտի փականների վարակային ախտահարման (էնդոկարդիտ) բուժման ժամանակ:

Էրիթրոմիցինի նշանակման այլ (FDA-ի կողմից չհաստատված) ցուցումներից են ակնեն (կորյակ), Լայմի հիվանդությունը և փայտացումը (տետանուս):

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Էրիթրոմիցինի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • ախորժակի կորուստ
  • փորլուծություն
  • որովայնային ցավեր:

Այս ստամոքսաղիքային կողմնակի երևույթները սովորաբար կախված են դեղաչափից, այն է՝ ավելի զգալի են բարձր դեղաչափեր ստանալիս:

Էրիթրոմիցինի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների վերաբերյալ զեկույցները հազվադեպ են:

Փոխազդեցություններ

  • Էրիթրոմիցինի օգտագործումը հակաառիթմիկ դեղերի հետ, ինչպիսիք են Ամիոդարոնը, Բրետիլիումը, Դիզոպիրամիդը, Դոֆետիլիդը, Պրոկաինամիդը, Խինիդինը և Սոտալոլը, բարձրացնում է դրանց ազդեցությունը և կարող է առաջացնել ոչ նորմալ ռիմթ, օրինակ՝ torsades de pointes:
  • Թեոֆիլինները, ինչպիսիք են Թեոֆիլինը, Օքտրիֆիլինը և Ամինոֆիլինը, ուժեղացնում են Էրիթրոմիցինի հեռացումը երիկամներով և կարող են նվազեցնել վերջինիս ազդեցությունը: Մյուս կողմից, Էրիթրոմիցինն արգելակում է լյարդում թեոֆիլինների քայքայումը և կարող է բարձրացնել դրանց մակարդակն արյան մեջ՝ զուգահեռ ուժեղացնելով կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ցնցումները և սրտի ռիթմի խանգարումները: Ուստի, նման զուգակցման դեպքում անհրաժեշտ է նվազեցնել թեոֆիլինների դեղաչափը կամ պարբերաբար չափել արյան մեջ թեոֆիլինի մակարդակը:
  • Էրիթրոմիցինի զուգակցումն Էրգոտամինի կամ Հիդրոէրգոտամինի հետ կապված է սուր էրգոտամինային թունավորման հետ: Ուստի, նման զուգակցումից պետք է խուսափել:
  • Էրիթրոմիցինը կանխարգելում է երիկամներով Դիգօքսինի հեռացումը, որը կարող է բերել արյան մեջ վերջինիս մակարդակի բարձրացման և սրտի ռիթմի խանգարումների (առիթմիա): Ուստի, Էրիթրոմիցին ստացող անձանց համար կարևոր է Դիգօքսինի դեղաչափերի համապատասխանեցումը և հսկողությունը:
  • Էրիթրոմիցինը կանխարգելում է օրգանիզմից Վարֆարինի հեռացումը և կարող է բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը: Նման փոխազդեցության արդյունքում կարող է ուժեղանալ Վարֆարինի հակամակարդիչ ազդեցությունը, որն էլ հանգեցնի արյունահոսության ռիսկի բարձրացման: Նման բարդությունից խուսափելու համար կարևոր է Էրիթրոմիցին ստացող անձանց մոտ համապատասխանեցնել Վարֆարինի դեղաչափը և հսկել վերոնշյալ բարդության ռիսկը:
  • Էրիթրոմիցինն արգելակում է HMG-CoA ռեդուկտազի պաշարիչների քայքայումը (ստատիններ), ինչպիսիք են Ատորվաստատինը, Լովաստատինը և Սիմվաստատինը: Ստատինների բարձր մակարդակները կարող են առաջացնել սուր միոպաթիայով (մկանների ախտահարում) ռաբդոմիոլիզ, իսկ վերջինս՝ երիկամների ախտահարման և անգամ բերել մահվան:
  • Էրիթրոմիցինը կարող է բարձրացնել արյան մեջ որոշ հակացնցումային դեղերի, օրինակ՝ Կարբամազեպինի մակարդակը՝ ընկճելով վերջինիս քայքայումը լյարդում: Ուստի, Էրիթրոմիցին ստացող անձանց մոտ պետք է կրճատել հակացնցումային դեղերի դեղաչափերը:
  • Էրիթրոմիցինը կարող է բարձրացնել արյան մեջ Սիլդենաֆիլի (Վիագրա) մակարդակը, ուստի այս դեղերի զուգակցման դեպքում վերջինիս դեղաչափը պետք է նվազեցնել:
  • Գրեյպֆրուտի հյութը կարող է կանխարգելել Էրիթրոմիցինի քայքայումը, հետևաբար՝ բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը: Ուստի, Էրիթրոմիցինով բուժում ստանալիս կարևոր է խուսափել գրեյպֆրուտ ուտելուց կամ հյութը խմելուց:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Էրիթրոմիցինն անցնում է ընկերքով, սակայն պտղի արյան մեջ ունի ցածր մակարդակ: Համարժեք հետազոտությունները բացակայում են, ուստի հղի կանայք պետք է Էրիթրոմիցին օգտագործեն միայն այն ժամանակ, եթե բժիշկը կարծում է, որ ակնկալվող բուժական օգուտները գերակշռում են հնարավոր, սակայն անհայտ ռիսկերին:
  • Էրիթրոմիցինն արտազատվում է կրծքի կաթի մեջ, սակայն ժամանակակից ուղեցույցներում այն թույլատրված է կրծքով կերակրող մայրերի օգտագործման համար: Այնուամենայնիվ, կերակրող մայրերը Էրիթրոմիցին պետք է օգտագործեն զգուշությամբ:

Դեղաչափեր

  • Չափահասների համար սովորական դեղաչափն է 250 մգ-ից յուրաքանչյուր 6 ժամը մեկ, 333 մգ-ից՝ 8 ժամը մեկ կամ 500 մգ-ից 12 ժամը մեկ:
  • Դեղաչափը կարող է բարձրացվել մինչև 4 գ/օր՝ կախված վարակի ծանրության աստիճանից:
  • Երեխաների համար սովորական դեղաչափն է 30-ից մինչև 50 մգ/կգ/օր՝ կախված տարիքից, քաշից և վարակի ծանրության աստիճանից:
  • Էրիթրոմիցինը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց դրա, սակայն արյան մեջ Էրիթրոմիցինի լավագույն մակարդակին հասնելու համար պետք է ընդունել դատարկ ստամոքսով (սնունդ ընդունելուց առնվազն 30 րոպե, ցանկալի է՝ 2 ժամ առաջ):

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 250, 333, 400 և 500 մգ:
  • Օշարակ (սուսպենզիա)՝ 200 և 400 մգ/5 մլ (թեյի գդալ):
  • Ծամելու հաբեր՝ 200 մգ։
  • Փոշի՝ 100 մգ/կես թեյի գդալ և 200 մգ/թեյի գդալ
  • Գրանուլներ՝ 200 և 400 մգ/թեյի գդալ
  • Ներարկման փոշի՝ 500 մգ և 1 գ:

Ներարկման փոշիներ

  • 250 մգ, 500 մգ, 1 գ, 2 գ, 10 գ և 100 գ:

Պահպանում

  • Ներարկման լուծույթը պետք է պահպանել 30°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
  • Կարևոր է հաբերը պահել խոնավությունից և տաքությունից հեռու տեղում:

Ամփոփում

Էրիթրոմիցինը մակրոլիդային խմբի հակաբիոտիկ է, որը նշանակվում է վարակների լայն շրջանակի բուժման մեջ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 28-05-2023