Skip to main content

Երեկոյան պրիմուլա (գարնանածաղիկ) - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Երեկոյան պրիմուլան (գնարբուկ, գինարբուկ, գարնանածաղիկ, թավրնջակ, սոսուն) դեղին ծաղիկներով բույս է:

Այս բույսի սերմերից ստացված յուղը սովորաբար վաճառվում է պատիճներով (կապսուլա)։ Հավելումը պարունակում է գամա-լինոլեինաթթու (ԳԼԹ, GLA) կոչվող ճարպաթթու:

Մարդիկ օգտագործում են երեկոյան պրիմուլայի յուղը՝ փորձելով բուժել բազմաթիվ տարբեր առողջական խնդիրներ:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Հատուկ վիճակների համար երեկոյան պրիմուլայի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին։

  • Ատոպիկ դերմատիտ (էկզեմա). էկզեմայի բուժման համար երեկոյան պրիմուլայի յուղի բերանային (օրալ) օգտագործման վերաբերյալ հետազոտությունները հակասական արդյունքներ են տվել: Առավել համապարփակ գնահատականն այն է, որ բերանային (օրալ) ընդունված երեկոյան պրիմուլան արդյունավետորեն չի վերացնում էկզեմայի գանգատներն ու ախտանիշները:
  • Դիաբետիկ նեյրոպաթիա. շաքարային դիաբետի պատճառով զարգացած այս տեսակի նյարդային վնասումը բուժելու համար երեկոյան պրիմուլայի յուղի բերանային (օրալ) օգտագործման վերաբերյալ հետազոտության արդյունքներն անորոշ են:
  • Նախադաշտանային համախտանիշ (ՆԴՀ). հետազոտությունները ցույց են տվել, որ երեկոյան պրիմուլայի յուղի բերանային (օրալ) օգտագործումը ՆԴՀ-ի ախտանիշների վերացմանը որևէ օգուտ չի տալիս:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Եթե երեկոյան պրիմուլան օգտագործվում է կարճ ժամանակով և համապատասխան քանակներով, ամենայն հավանականությամբ անվտանգ է:

Երեկոյան պրիմուլան կարող է առաջացնել՝

  • ստամոքսի խանգարում
  • գլխացավ:

Մի՛ օգտագործեք երեկոյան պրիմուլա, եթե ունեք արյունահոսության որևէ խանգարում: Հավելումի բերանային (օրալ) օգտագործումը կարող է բարձրացնել արյունահոսության ռիսկը: Եթե նախատեսում եք անցնել վիրահատություն, դրանից առնվազն երկու շաբաթ առաջ դադարեցրեք երեկոյան պրիմուլայի օգտագործումը:

Նաև, մի՛ օգտագործեք այս հավելումը, եթե ունեք էպիելպսիա կամ շիզոֆրենիա: Երեկոյան պրիմուլան կարող է բարձրացնել ցնցումների ձեր ռիսկը:

Փոխազդեցություններ

Հնարավոր փոխազդեցությունները ներառում են հետևյալը:

  • Հակամակարդիչներ (hակակագուլանտներ) և հակաթրոմբոցիտային (անտիագրեգանտային) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. այս տեսակի դեղամիջոցները, դեղաբույսերը և հավելումները թուլացնում են արյան մակարդելիությունը: Երեկոյան պրիմուլայի յուղի բերանային (օրալ) օգտագործումը դրանց հետ կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը:
  • Ցիտոքրոմ P450 3A4 (CYP3A4) սուբստրատներ. զգուշորեն օգտագործեք երեկոյան պրիմուլա, եթե ընդունում եք որևէ դեղամիջոց, որը ենթարկվում է այս ֆերմենտների ազդեցությանը, ինչպիսին է Լովաստատինը (Ալտոպրև):
  • Լոպինավիր և Ռիտոնավիր (Կալետրա). այս համակցված դեղամիջոցն օգտագործվում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) առաջացած վարակի բուժման համար: Երեկոյան պրիմուլայի յուղը կարող է դանդաղեցնել օրգանիզմում դեղամիջոցի քայքայումը:
  • Ֆենոթիազիններ. երեկոյան պրիմուլայի յուղ ընդունելն այս դեղամիջոցների հետ, որոնք օգտագործվում են ծանր մտավոր և հուզական խանգարումների բուժման համար, որոշ մարդկանց մոտ կարող է մեծացնել ցնցումների վտանգը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

Երեկոյան պրիմուլայի յուղը կարող է մեծացնել հղիության բարդությունների ռիսկը։

Ամփոփում

Երեկոյան պրիմուլայի յուղը, հավանաբար, անվտանգ է մարդկանց մեծամասնության համար կարճաժամկետ ընդունելու դեպքում, սակայն հետազոտությունները չեն հաստատում, որ այս հավելումի օգտագործումը կարող է բուժել որևէ առողջական խնդիր:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 27-01-2024