Skip to main content

Ձկան յուղ - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Ձկան յուղը օմեգա-3 ճարպաթթուների սննդային աղբյուր է:

Ձեր օրգանիզմին անհրաժեշտ են օմեգա-3 ճարպաթթուներ բազմաթիվ գործառույթների համար՝ սկսած մկանային ակտիվությունից մինչև բջիջների աճ:

Մեր օրգանիզմը օմեգա-3 ճարպաթթուներ ստացնում է միայն սննդի միջոցով, և դրանք չեն կարող արտադրվել օրգանիզմում: Ձկան յուղը պարունակում է երկու տեսակի օմեգա-3, որոնք կոչվում են դոկոսահեքսաենաթթու (DHA) և էիկոզապենտաենաթթու (EPA): DHA-ի և EPA-ի սննդային աղբյուրներն են յուղոտ ձկները, ինչպիսիք են սաղմոնը, սկումբրիան և իշխանը, և խեցեմորթները, ինչպիսիք են միդիան, ոստրեն և խեցգետինը: Որոշ ընկույզներ, սերմեր և բուսական յուղեր պարունակում են մեկ այլ օմեգա-3, որը կոչվում է ալֆա-լինոլենաթթու (ALA):

Մարդիկ ձկան յուղ են ընդունում դրա հակաբորբոքային ազդեցության համար:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Որոշակի առողջական խնդիրների և վիճակների համար ձկան յուղի օգտագործման վերաբերյալ հետազոտությունը վկայում է հետևյալի մասին:

  • Սրտային հիվանդություն. թեև հետազոտությունները վկայում են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական առնվազն երկու անգամ ուտում են ձկան յուղի սննդային աղբյուրներ, ունեն սրտային հիվանդությունից մահանալու ավելի ցածր ռիսկ, ձկան յուղի հավելումներ ընդունելը կարծես թե քիչ օգուտ կամ գրեթե որևէ օգուտ չունեն սրտի առողջության համար:
  • Բարձր արյան ճնշում. բազմաթիվ ուսումնասիրություններ արձանագրել են արյան ճնշման չափավոր նվազում այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են ձկան յուղի հավելումներ: Որոշ ապացույցներ կան, որ ձկան յուղի օգտակար ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել միջինինց մինչև ծանր աստիճանի բարձր արյան ճնշում, քան արյան ճնշման մեղմ բարձրացում ունեցող մարդկանց համար:
  • Բարձր տրիգլիցերիդներ և խոլեստերին. կա հստակ ապացույց, որ օմեգա-3 ճարպաթթուները կարող են զգալիորեն նվազեցնել արյան մեջ տրիգլիցերիդի մակարդակը: Թվում է նաև, որ բարձր խտության լիպոպրոտեինի (HDL կամ «լավ» խոլեստերին) խոլեստերինի մի փոքր բարելավում կա, սակայն նաև դիտարկվել է նաև ցածր խտության լիպոպրոտեինի (LDL կամ «վատ») խոլեստերինի մակարդակի աճ:
  • Ռևմատոիդ արթրիտ. հետազոտությունները ցույց են տալիս, որ ձկան յուղի հավելումները կարող են օգնել ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց մոտ ցավերի նվազեցմանը, առավոտյան կարկամության մեղմացմանը և հոդերի ցավոտության թեթևացմանը: Թեև այս ազդեցությունը հաճախ մեղմ է, կարող է բավարար լինել հակաբորբոքային դեղերի անհրաժեշտությունը նվազեցնելու համար:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ձկան յուղն, ըստ երևույթին, գրեթե չի պարունակում սնդիկ, ինչը կարող է անհանգստության պատճառ հանդիսանալ ձկների որոշ տեսակների համար: Ընդհանուր առմամբ լինելով անվտանգ, չափազանց շատ ձկան յուղ օգտագործելը կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը և կարող է ազդել ձեր իմունային պատասխանի վրա: Պարզ չէ, թե արդյոք ձկան յուղը անվտանգ է ծովամթերքից ալերգիկ մարդկանց համար: Խորհուրդ է տրվում ձկան յուղի հավելումներ ընդունել բժշկի հսկողության ներքո:

Երբ օգտագործվում է այնպես, ինչպես խորհուրդ է տրվում, ձկան յուղի հավելումներն ընդհանուր առմամբ համարվում են անվտանգ:

Այնուամենայնիվ, ձկան յուղի հավելումները կարող են առաջացնել թեթև կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝

  • բերանում ձկան համ
  • բերանի տհաճ հոտ
  • այրոցք, սրտխառնոց կամ փորլուծություն
  • ցան։

Ձկան յուղի հավելումների բարձր քանակների ընդունումը կարող է մեծացնել արյունահոսության վտանգը և, հնարավոր է՝ նաև ինսուլտի ռիսկը:

Փոխազդեցություններ

  • Հակամակարդիչ (անտիկագուլանտ) և հակաթրոմբոցիտային (անտիագրեգանտ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. այս տեսակի դեղամիջոցները, դեղաբույսերը և հավելումները նվազեցնում են արյան մակարդելիությունը: Հնարավոր է, որ դրանց հետ միասին ձկան յուղի հավելումներ ընդունելը մեծացնի արյունահոսության ռիսկը:
  • Արյան ճնշման դեղեր, դեղաբույսեր և հավելումներ. ձկան յուղի հավելումներ օգտագործելը կարող է մի փոքր իջեցնել արյան ճնշումը: Այս հավելումների ընդունումը արյան ճնշման դեղամիջոցների հետ կարող է մեծացնել արյան ճնշման վրա վերջիններիս ազդեցությունը:
  • Հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ. որոշ հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ կարող են խանգարել ձկան յուղի՝ տրիգլիցերիդների մակարդակը նվազեցնող ազդեցությանը:
  • Օրլիստատ (Քսենիկալ, Ալլի). քաշը նվեզեցնելու համար նախատեսված այս դեղամիջոցի հետ ձկան յուղի զուգակցումը կարող է նվազեցնել մարսողական խողովակում ձկան յուղի ճարպաթթուների ներծծումը: Ուստի, հիշեք, որ այս հավելումի և դեղամիջոցի ընդունումների միջև թողնեք առնվազն երկու ժամյա ընդմիջում:
  • Վիտամին E. ձկան յուղի օգտագործումը կարող է նվազեցնել վիտամին E-ի մակարդակը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Դեղաձևեր և պահպանում

Ձկան յուղի հավելումներն արտադրվում են հեղուկ, պարկուճային (կապսուլա) և հաբերի տեսքով:

Ամփոփում

Օմեգա-3 ճարպաթթուներն անհրաժեշտ են լավ առողջության համար: Փորձեք դրանք ստանալ ձեր սննդակարգով՝ ուտելով ձուկ՝ խաշած կամ խորոված, բայց ոչ՝ տապակած: Ձկան յուղի հավելումները կարող են օգտակար լինել, եթե ունեք բարձր տրիգլիցերիդներ կամ ռևմատոիդ արթրիտ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-12-2023
Վերջին վերանայում՝ 02-12-2023