Դեղեր և հավելումներ
Ֆլուկոնազոլ

Ընդհանուր նկարագրություն
Ֆլուկոնազոլը վերջին տասնամյակում լայն օգտագործում ստացած հակասնկային դեղ է:
Ֆլուկոնազոլը նոր դասի տրիազոլոնային շարքի բարձր սպեցիֆիկ հակասնկային միջոց է, որը հանդիսանում է սնկերի բջջում լանոստերոլից բջջապատի հիմնական բաղադրիչ էրգոստերոլի փոխակերպման հզոր ընտրողական արգելակիչ:
Ի տարբերություն Իտրակոնազոլի, Կլոտրիմազոլի, Էկոնազոլի և Կետոկոնազոլի, օժտված է սնկերի Р450 ցիտոքրոմի նկատմամբ բարձր ընտրողականությամբ և ավելի քիչ ազդեցություն է դրսևորում մարդու լյարդի միկրոսոմների օքսիդացման գործընթացների վրա:
Ակտիվ է օպորտունիստական միկոզների նկատմամբ, այս թվում հարուցված հետևյալ տեսակներով՝
- Candida spp.(ներառյալ՝ թուլացած իմունային համակարգի պայմաններում զարգացող կանդիդոզի գեներալիզացված տեսակները)
- Coccidioides immitis (ներառյալ՝ ներգանգային վարակները)
- Cryptococcus neoformans
- Epidermophyton spp.
- Histoplasma capsulatum և Blastomyces dermatitidis, որոնք հարուցում են էնդեմիկ միկոզներ
- Microsporum spp.
- Trichophyton spp.:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Ֆլուկոնազոլը հաստատել է 1990թ. հունվարին, որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:
Բրենդային անվանումներ՝ Diflucan
Ցուցումներ
- Ֆլուկոնազոլն օգտագործվում է Candida սնկով հարուցված հեշտոցի, բերանի խոռոչի և կերակրափողի սնկային վարակների (կանդիդոզ կամ կաթնախտ) բուժման մեջ: Ֆլուկոնազոլն արդյունավետ է ինչպես չբարդացած, այնպես էլ բարդացած կամ ախտադարձային (ռեկուրենտ) հեշտոցի կանդիդոզային վարակների ժամանակ:
- Ֆլուկոնազոլը նաև կարող է արդյունավետ լինել Candida սնկով հարուցված միզուղիների վարակի, պերիտոնիտների և թոքաբորբերի ժամանակ:
- Ֆլուկոնազոլն օգտագործվել է՝ բուժելու կրիպտոկոկային մենինգիտը և կարմիր ոսկրածուծի փոխպատվաստումից հետո քիմիոթերապիա կամ որպես ճառագայթային բուժում ստացած հիվանդների մոտ Candida սնկով հարուցված վարակները կանխարգելող միջոց:
Կողմնակի ազդեցություններ
Ֆլուկոնազոլի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝
Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝
- փորլուծություն
- մարսողության խանգարում (դիսպեպսիա)
- գլխապտույտ
- արյան մեջ կալիումի մակարդակի նվազեցում
- մաշկային ցան
- համի զգացողության խանգարումներ:
Ֆլուկոնազոլի հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝
- ցնցումներ
- արյան սպիտակ գնդիկների (լեյկոցիտներ) քանակի նվազում
- արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) քանակի նվազում
- տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ:
Հազվադեպ, կարող են զարգանալ նաև լուրջ ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում՝ հյուսվածքների անոթային ծագման այտուցներ: Զեկուցվել է նաև Ֆլուկոնազոլի օգտագործման հետ կապված լյարդի գործունեության խանգարում (դեղնուկ, հեպատիտ), սրտի առիթմիա, և Ստեվեն-Ջոնսոնի համախտանիշ:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Հիդրոքլորթիազիտը մինչև 40%-ով կարող է բարձրացնել Ֆլուկոնազոլի մակարդակն արյան մեջ: Սակայն այս երկու դեղերի համատեղ օգտագործման ժամանակ խորհուրդ չի տրվում կատարել Ֆլյուկոնազոլի դեղաչափի շտկում:
- Ռիֆամպինը նվազեցնում է արյան մեջ խմելու ձևով ընդունած Ֆլուկոնազոլի մակարդակը, հավանաբար, լյարդով վերջինիս քայքայումը խթանելու միջոցով, և կարող է թուլացնել Ֆլուկոնազոլի արդյունավետությունը:
- Ֆլուկոնազոլը կարող է բարձրացնել արյան մեջ Վարֆարինի մակարդակը՝ արգելակելով վերջինիս քայքայումը: Ուստի, Վարֆարինի ազդեցությունը կարող է ուժեղանալ՝ բերելով արյունահոսության հակման բարձրացմանը:
- Ֆլուկոնազոլը նաև բարձրացնում է արյան մեջ այլ դեղերի մակարդակը և, արդյունքում, կարող է բարձրացնել դրանց կողմնակի ազդեցությունների դրսևորումը: Այդ դեղերից են՝
- Ֆենիտոին
- Ցիկլոսպորին
- Զիդովուդին
- Սեքինավիր
- Թեոֆիլին
- Տոլբուտամիդ
- Գլիբուրիդ
- Գլիպեզիդ
- Տրիազոլամ
- Միդազոլամ
- Ցելեկոքսիբ
- Ֆենտանիլ
- Ատորվաստատին
- Սիմվաստատին
- Լովաստատին:
- Ֆլուկոնազոլի զուգակցումը Ամիոդարոնի, Պիմոզիդի, Բեպրիդիլ և սրտի ռիթմի վրա ազդող այլ դեղերի հետ կարող է բարձրացնել սրտի առիթմիայի հավանականությունը:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղի կանանց շրջանում Ֆլուկոնազոլի օգտագործման վերաբերյալ բավարար տվյալներ չկան: Առկա են զեկույցներ այն մասին, որ դեղի բարձր դեղաչափերի մի քանի ամիս օգտագործումը կարող է վնաս պատճառել պտղին: Ուստի հղիության ընթացքում կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել Ֆլուկոնազոլ:
- Ֆլուկոնազոլը մուտք է գործում մայրական կաթի մեջ նրա արյան մակարդակին մոտ խտությամբ: Սակայն, նորածնի մոտ սնկային վարակների և Candida վարակների հետ կապված հիվանդությունների բուժման համար Ֆլուկոնազոլ նշանակվում է: Կրծքով կերակրելու ընթացքում մոր կողմից Ֆլուկոնազոլ ստանալու հետ կապված նորածնի մոտ հնարավոր ռիսկը փոքր է:
Դեղաչափեր
- Չափահասների համար Ֆլուկոնազոլի սովորական դեղաչափը, վարակի տեսակից կախված, օրական 50-400 մգ է: Թեև բերանի խոռոչի Candida վարակների ախտանիշները կարող են մի քանի օրվա մեջ մեղմանալ, բուժումը պետք է շարունակել 2 շաբաթվա ընթացքում:
- Կերակրափողի կանիդոզային վարակների բուժումը պետք է շարունակել 3 շաբաթ և ավելի երկար:
- Կրիպտոկոկային մենինգիտի բուժումը կարող է ձգվել ողնուղեղային հեղիուկի մանրէաբանական բացասական պատասխանից հետո մինչև 10-12 շաբաթ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 50, 100, 150 և 200 մգ:
- Օրալ (խմելու) սուսպենզիա՝ 10 մգ/մլ և 40 մգ/մլ:
- Ներարկման ձև՝ 2 մգ/մլ:
Պահպանում
- Հաբերը և չոր փոշին պետք է պետք է պահպանել 30°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Ներարկման հեղուկը և պատրաստված սուսպենզիան պետք է պահպանել 5-30°C պայմաններում:
- Պատրաստված սուսպենզիայի չօգտագործված մնացորդը պետք է չենթարկել սառեցման և օգտագործել միայն 2 շաբաթվա ընթացքում:
Ամփոփում
Ֆլուկոնազոլը դեղ է, որը նշանակվում է կանդիդայով հարուցված սնկային վարակների բուժման մեջ, օրինակ՝ հեշտոցի, բերանի խոռոչի, կերակրափողի, միզուղիների, թոքերի կանդիդային վարակներ, պերիտոնիտներ և այլն: Կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փորլուծությունը, գլխապտույտը, մաշկային ցանը, մարսողական խանգարումները և որովայնի ցավերը:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 23-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: