Ընդհանուր նկարագրություն
Ֆոզինոպրիլը պատկանում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ կամ ինհիբիտորներ կոչվող դեղամիջոցների դասին:
ԱՓՖ արգելակիչները նշանակվում են բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), սրտային անբավարարության բուժման և բարձր արյան ճնշման և շաքարային դիաբետի պատճառով երիկամային անբավարարության կանխարգելման համար:
ԱՓՖ-ն արյան մեջ ֆերմենտ է, որը վերահսկում է անգիոտենզին II-ի ձևավորումը՝ մի քիմիական նյութ, որը շրջանառվում է արյան մեջ և առաջացնում է զարկերակների և երակների կծկում՝ բարձրացնելով արյան ճնշումը։ ԱՓՖ արգելակիչներն արգելափակում են ԱՓՖ-ը, հետևաբար՝ անգիոտենզին II-ի առաջացումը, որի արդյունքում Ֆոզինոպրիլը թուլացնում է զարկերակները և երակները և նվազեցնում արյան ճնշումը։ Նվազեցնելով զարկերակային ճնշումը՝ Ֆոզինոպրիլը նաև նվազեցնում է այն ծանրաբեռնվածությունը, որը սիրտը պետք է հաղթահարի արյունը զարկերակների և երակների միջով առաջ մղելու համար։ Սա բարելավում է սրտից արյան արտահոսքը հատկապես այն դեպքում, երբ առկա է սրտային անբավարարություն:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Ֆոզինոպրիլը հաստատել է 1991թ. մայիսին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Monopril
Օրինակներ
Այլ ԱՓՖ արգելակիչներից են՝
- Կապտոպրիլ
- Էնալապրիլ
- Խինապրիլ
- Ռամիպրիլ
- Բենզապրիլ
- Լիզինոպրիլ
- Մոեքսիպրիլ
- Տրանդոլապրիլ:
Բժիշկները երբեմն այս խմբի դեղերին անվանում են «պրիլների շարք»՝ ելնելով դեղերի անվանումների համանման վերջավորությունից:
Ցուցումներ
Որպես ԱՓՖ արգելակիչ, Ֆոզինոպրիլը նշանակվում է հետևյալ դեպքերում՝
- բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժում
- կանգային սրտային անբավարարության բուժում
- հետինֆարկտային բուժում:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ընդհանուր առմամբ, Ֆոզինոպրիլը լավ է տարվում մարդկանց մեծ մասի կողմից: Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են`
- գլխացավ
- հազ
- գլխապտույտ
- փորլուծություն
- հոգնածություն
- սրտխառնոց
- փսխում
- արյան կալիումի մակարդակի բարձրացում:
Առաջանում են նաև սեռական խանգարումներ և լյարդային թեստերի շեղումներ: ԱՓՖ արգելակիչները նաև կարող են առաջացնել երիկամների գործառույթի խանգարում, հատկապես ծանր սրտային անբավարարությամբ կամ երիկամների հիվանդությամբ հիվանդների մոտ:
Թեև հազվադեպ, սակայն այլ կարևոր և լուրջ կողմնակի ազդեցությունները ներառում են՝
- լյարդային անբավարարություն
- արյան սպիտակ բջիջների թվաքանակի կրճատում (նեյտրոպենիա)
- անգիոայտուց (շրթունքների և կոկորդի այտուց, որը կարող է նեղացնել շնչուղիները և առաջացնել դժվարաշնչություն):
Փոխազդեցություններ
- Ֆոզինոպրիլի զուգակցումը կալիումի հավելումների, կալիում պարունակող աղի փոխարինիչների կամ կալիում պահպանող միզամուղների հետ, ինչպիսիք են Ամիլորիդը (Մեդուրետիկ), Սպիրոնոլակտոնը (Ալդակտոն) և Տրիամտերենը (Դիազիդ, Մաքսզիդե), կարող է հանգեցնել արյան մեջ կալիումի վտանգավոր բարձր մակարդակների (հիպերկալեմիա), քանի որ Ֆոզինոպրիլը հակված է նվազեցնել երիկամներով կալիումի արտազատումը:
- Ֆոսինոպրիլը պետք է չընդունվի ալյումինի կամ մագնեզիումի վրա հիմնված անտացիդ դեղամիջոցների հետ, ինչպիսիք են Սիմետիկոնը (Միլանտա, Գազ, Gas-X և այլն) կամ Մաալոքսը, քանի որ այս անտացիդները կապում են Ֆոսինոպրիլը և նվազեցնում են աղիքներից ներծծվող դեղանյութի քանակը: Հակառակ դեպքում անտացիդների և Ֆոսինոպրիլի ընդունումների միջև պետք է թողնել առնվազն երկու ժամ ընդմիջում:
- Ֆոսինոպրիլը կարող է առաջացնել օրգանիզմում լիթիումի քանակի ավելացում Լիթիում (Էսկալիթ, Լիթոբիդ) ստացող հիվանդների մոտ՝ երբեմն առաջացնելով լիթիումի հետ կապված կողմնակի ազդեցություններ:
- Ասպիրինը և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ-ներ, օրինակ՝ Իբուպրոֆեն, Ինդոմեթացին և Նապրոքսեն) ԱՓՖ արգելակիչների հետ զուգակցելիս կարող են նվազեցնել վերջինիս ազդեցությունը: Ֆոզինոպրիլի կամ այլ ԱՓՖ արգելակիչի համակցումը ՈՍՀԲԴ-ների հետ տարեց հիվանդների մոտ, որոնք ունեն ծավալային պակաս (ներառյալ՝ միզամուղներ ստացողները) կամ երիկամների անբավարար գործառույթ ունեցող հիվանդների մոտ, կարող է հանգեցնել երիկամների գործառույթի նվազեցման, այդ թվում՝ երիկամային անբավարարությանը: Այս ազդեցությունները սովորաբար շրջելի են:
- Նիտրոիդային ռեակցիաներ (դեմքի կարմրություն, սրտխառնոց, փսխում և հիպոթենզիա) կարող են զարգանալ, երբ ներարկային ոսկու նատրիումի աուրոտիոմալատը (Միոքրիզին), որը նշանակվում է ռևմատոիդ արթրիտի բուժման մեջ, զուգակցվի որևէ ԱՓՖ արգելակիչի, այդ թվում՝ Ֆիզինոպրիլի հետ։
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- ԱՓՖ արգելակիչները, ներառյալ՝ Ֆոզինոպրիլը, կարող են վնասակար լինել պտղի համար և չպետք է ընդունվեն հղիների կողմից:
- Ֆոզինոպրիլն արտազատվում է կրծքի կաթի մեջ և խորհուրդ չի տրվում օգտագործել կերակրող կանանց:
Դեղաչափեր
- Բարձր արյան ճնշման (hիպերտոնիայի) կամ սրտային անբավարարության բուժման համար չափահասներին առաջարկվող դեղաչափը 10-40 մգ է՝ օրական մեկ կամ երկու անգամ: Առավելագույն դեղաչափը օրական 80 մգ է:
- Ֆոզինոպրիլը սովորաբար նշանակվում է օրական մեկ անգամ, չնայած որոշ հիվանդների կարող է անհրաժեշտ լինել օրական երկու դեղաչափ:
- Երիկամների գործառույթի նվազեցում ունեցող հիվանդներին անհրաժեշտ է ավելի ցածր դեղաչափեր:
- Ֆոզինոպրիլը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 10, 20 և 40 մգ:
Պահպանում
- Հաբերը պետք է պահպանել 15-30° C ջերմաստիճանային պայմաններում:
Ամփոփում
Ֆոզինոպրիլ նատրիումը ԱՓՖ արգելակիչ է, որը նախատեսված է բարձր արյան ճնշման և սրտային անբավարարության, ինչպես նաև սրտի հետինֆարկտային բուժման համար: Ուսումնասիրեք կողմնակի ազդեցությունները, դեղերի փոխազդեցությունները, նախազգուշացումներն ու նախազգուշական միջոցները, ինչպես նաև հիվանդի անվտանգության մասին տեղեկությունները մինչև որևէ դեղամիջոց ընդունելը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-01-2024
Վերջին վերանայում՝ 30-01-2024