Ընդհանուր նկարագրություն
Ֆուրոսեմիդը հզոր միզամուղ է, որը նշանակում են այտուցների բուժման համար, իսկ երբեմն նաև՝ բարձր արյան ճնշման որոշ դեպքերում, երբ առկա է սրտային կամ երիկամային անբավարարություն:
Ֆուրոսեիդը հզոր միզամուղ, այսինքն՝ միզարձակությունը խթանող դեղամիջոց է, որը նշանակվում է օրգանիզմից ջուրը և աղերը հեռացնելու համար:
Երիկամներում աղը (կամված նատրիումից և քլորիդից), ջուրը և այլ փոքր մոլեկուլները նորմայում զտվում են արյունից դեպի խողովակիկներ: Զտված հեղուկն ի վերջո վերածվում է մեզի: Ջրի, նատրիումի և քլորիդի եծ մասը, որը զտվել էր կծիկներում, խողովակիկներում կրկին ներծծվում է արյան հուն (կոչվում է հետներծծում կամ ռեաբսորբցիա), իսկ վերջնական մեզը միզուղիներով հեռացվում է օրգանիզմից:
Ֆուրոսեմիդն ազդում է՝ արգելակելով կծիկներով զտված նատրիումի, քլորիդի և ջրի ռեաբսորբցիան խողովակիկներում, որի արդյունքում միզարձակումը դառնում է ավելի ծավալային: Այս դեղամիջոցի օրալ (խմելու) միջոցով օգտագործելուց հետո միզարձակման խթանումը սկսվում է մոտ մեկ ժամվա ընթացքում և շարունակվում մոտ 6-8 ժամ, իսկ ներերակային օգտագործելուց հետո՝ սկսվում մինչև 5 րոպեի ընթացքում և տևում շուրջ 2 ժամ:
Ֆուրոսեմիդի միզամուղ ազդեցությունը կարող է առաջացնել նատրիումի, քլորիդի, օրգանիզմի ջրի և այլ միներալների կորուստ, ուստի պահանջվում է բուժման ընթացքի լուրջ վերահսկում:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Ֆուրոսեմիդը հաստատել է 1982թ. հուլիսին:
Բրենդային անվանումներ՝ Lasix
Ցուցումներ
Բժիշկները Ֆուրոսեմիդ նշանակում են օրգանիզմում պահպանված և կուտակված ավելցուկային հեղուկները կամ այտուցները (օդեմա) բուժելու համար, որոնք կարող են առաջանալ հետևյալ հիվանդությունների կամ վիճակների դեպքում՝
- լյարդի ցիռոզ
- քրոնիկ երիկամային անբավարարություն
- սրտային անբավարարություն
- երիկամային հիվանդություն (ախտահարում):
Բժիշկները նաև Ֆուրոսեմիդը զուգակցում են բարձր արյան ճնշման դեղերի հետ բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս:
Կողմնակի ազդեցություններ
Ֆուրոսեմիդի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- ջրազրկում
- էլեկտրոլիտների (աղերի) կորուստ (օրինակ՝ նատրիում, կալիում):
Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝
- դեղնուկ
- ականջներում «զնգոց» (տինիտուս)
- լույսի նկատմամբ գերզգայունություն (ֆոտոֆոբիա)
- մաշկային ցան
- պանկրեատիտ
- սրտխառնոց
- փորլուծություն
- որովայնի ցավեր
- գլխապտույտ:
Կարող են առաջանալ նաև արյան շաքարի (հիպերգլիկեմիա) և միզաթթվի (ուրիկեմիա) մակարդակների բարձրացում:
Լազիքսի մեծ քանակներ օգտագործումը բերում է մեծ ծավալներով միզարձակության, որը կարող է բերել ջրի և էլեկտրոլիտների կորստի:
Այս դեղամիջոցի մյուս կողմնակի ազդեցություններից և անցանկալի երևույթներից են՝
- ստամոքս-աղիքային ռեակցիաներ, օրինակ՝ պանկրեատիտ, ախորժակի կորուստ, կծկանքներ, փորլուծություն, փորկապություն, սրտխառնոց և փսխում
- համակարգային գերզգայունության ռեակցիաներ, օրինակ՝ ծանր անաֆիլաքսիա, նեկրոզվող անգիիտ, ինտերստիցիալ նեֆրիտ
- կենտրոնական նյարդային համակարգի ռեակցիաներ, օրինակ՝ վերտիգո, գլխացավեր, աղավաղված տեսողություն, տինիտուս և լսողության կորուստ
- արյան կողմից ռեակցիա, օրինակ՝ անեմիա, սպիտակ գնդիկների քչացում (լեյկոպենիա), արյան թիթեղիկների քչացում (թրոմբոցիտոպենիա) և էոզինոֆիլների շատացում (էոզինոֆիլիա)
- մաշկի գերզգայունության ռեակցիաներ, օրինակ՝ ցան, քոր, եղնջացան, լուսավախություն, էքսֆոլիատիվ դերմատիտ կամ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ
- սրտային ռեակցիաներ, օրինակ՝ օրթոստատիկ հիպոտենզիա (կանգնելիս ուշագնացություն կամ գլխապտույտ), արյան տրիգլիցերիդների և խոլեսթերինի մակարդակների բարձրացում:
Այլ ռեակցիաներից են՝
- ընդհանուր թուլություն
- մկանային կծկանքներ (սպազմ)
- թրոմբոֆլեբիտ
- ջերմության բարձրացում
- բարձր արյան գլյուկոզ (հիպերգլիկեմիա):
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Ֆուրոսեմիդի զուգակցումն ամինոգլիկոզիդային հակաբիոտիկների (օրինակ՝ Գենտամիցին) կամ Էթակրինիկ թթվի հետ կարող է վնասել լսողությունը:
- Ֆուրոսեմիդը արգալակում է մեզով Ասպիրինի հեռացումը, ուստի այս երկու դեղերի զուգակցումը կարող է բերել արյան մեջ Ասպիրինի մակարդակի բարձրացման և թունավոր ազդեցությունների դրսևորման:
- Ֆուրոսեմիդը նաև կարող է բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս միներալի դուրսբերումը, որի պատճառով կարող է բարձրանալ Լիթիումի թունավոր ազդեցությունը:
- Սուկրալֆատը նվազեցնում է Ֆուրսեմիդի ազդեցությունը, քանի որ կապում է Ֆուրոսեմիդն աղիներում և արգելակում վերջինիս ներծծումը դեպի արյան հուն: Այդ պատճառով Սուկրալֆատի և Ֆուրոսեմիդի ընունումների միջև պետք է թողնել 2 ժամյա միջակայք:
- Ֆուրոսեմիդը բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) դեղերի հետ զուգակցելիս բարձրանում է արյան ճնշման կտրուկ անկման (հիպոտենզիա) կամ երիկամների գործունեության ընկճման ռիսկը:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԿԲ, օրինակ՝ Իբուպրոֆեն, Ինդոմեթացին և այլն) կարող են թուլացնել Ֆուրոսեմիդի արյան ճնշումը նվազեցնող ազդեցությունը:
Ֆուրոսեմիդը նաև կարող է փոխազդել հետևյալ դեղերի հետ՝
- Ցիսպլատին
- Ցիկլոսպորին
- Մեթոտերքսատ
- Ֆենիտոին
- հակաբիոտիկներ
- սրտի դեղեր
- լուծողականներ
- ստերոիդներ:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե դուք ընդունում եք վիտամիններ կամ հավելումներ:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիության ընթացքում Ֆուրոսեմի կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ակնկալվող օգուտը գերակշռում է պտղի վրա դրսևորած հնարավոր բացասական ազդեցությունների ռիսկը:
- Ֆուրոսեմիդն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող կանայք պետք է խուսափեն այս դեղն օգտագործելուց, եթե բժիշկն այլ բան չի հրահանգավորել:
Դեղաչափեր
- Այտուցը բուժելիս Ֆուրոսեմիդի սովորական մեկնարկային դեղաչափը չափահասների համար 20-80 մգ է, որը տրվում է միանվագ: Նույն դեղաչափը կարող է կրկնվել 6-8 ժամ անց: Դեղաչափը կարող է 6-8 ժամը մեկ բարձրացվել 20-40 մգ-ով՝ մինչև ցանկալի արդյունք ստանալը:
- Արդյունավետ (բուժական) դեղաչափը կարող է տրվել օրական մեկ կամ երկու անգամյա ընդունմամբ:
- Որոշ պացիենտների մոտ ցանկալի արդյունք կարող է ստացվել օրական ընդհանուր 600 մգ դեղաչափ ընդունելիս:
- Երեխաների համար Ֆուրոսեմիդի մեկնարկային օրալ (խմելու ձևով) դեղաչափը 2 մգ/կգ է։ Այս դեղաչափը կարող է յուրաքանչյուր 6 ժամը մեկ բարձրացվել 1-2 մգ/կգ-ով՝ մինչև ցանկալի արդյունք ստանալը: Երեխաներին խորհուրդ չի տրվում նշանակել ավելի շատ Ֆուրոսեմիդ, քան օրական 6 մգ/կգ:
- Բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս Ֆուրոսեմիդը նշանակվում է 40 մգ-ից օրական 2 անգամ: Երբ հիպերտենզիայի բուժմանն ավելացվում է Ֆուրոսեմիդ, ճնշում իջեցնող մյուս դեղերի դեղաչափերը պետք է առնվազն կեսովկրճատվեն:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 20, 40 և 80 մգ:
- Խմելու հեղուկ՝ 10 մգ/մլ և 8 մգ/մլ :
- Ներարկման լուծույթ՝ 10 մգ/մլ:
Պահպանում
- Ֆուրոսեմիդը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում, անլուսաթափանց տուփում:
Ամփոփում
Ֆուրոսեմիդը միզամուղ դեղամիջոց է, որը բժիշկները նշանակում են օրգանիզմում հեղուկի ավելցուկային կուտակումը կամ ցիռոզի, քրոնիկ երիկամային անբավարարության, սիտային անբավարարության կամ երիկամների ախտահարման ժամանակ առաջացող այտուցները բուժելու համար:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին