Skip to main content

Գինկգո - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Գինկգոն (Ginkgo biloba) ամենահին կենդանի ծառատեսակներից է, որի արտադրանքների մեծ մասը պատրաստվում է դրա հովհարաձև տերևներից պատրաստված արտամզվածքից (էքստրակտ):

Ենթադրվում է, որ գինկգոյի ամենաօգտակար բաղադրիչները ֆլավոնոիդներն են, որոնք ունեն հզոր հակաօքսիդանտային հատկություններ, և տերպենոիդները, որոնք օգնում են արյան շրջանառության բարելավմանը՝ լայնացնելով արյունատար անոթները և նվազեցնելով թրոմբոցիտների «կպչունությունը» (հակաթրոմբոցիատային ազդեցություն):

Գինկգոն սովորաբար հասանելի է որպես բերանային (օրալ) հաբեր, էքստրակտ, պարկուճ (կապսուլա) կամ թեյ: Մի՛ կերեք հում կամ բոված գինկգոյի սերմեր, որոնք կարող են թունավոր լինել:

Գինկգոյի վերաբերյալ հետազոտությունների մեծ մասը կենտրոնանում է դեմենցիայի (թուլամտություն), հիշողության և ցավի վրա այս հավելումի ազդեցության վրա, որն առաջանում է արյան հոսքի խիստ կրճատման պատճառով (կլաուդիկացիա):

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Որոշակի առողջական խնդիրների և վիճակների համար գինկգոյի օգտագործման վերաբերյալ հետազոտությունը վկայում են հետևյալի մասին:

  • Դեմենցիա (թուլամտություն). չկան բավարար ապացույցներ, որոնք կարող են աջակցել դեմենցիայի կանխարգելման կամ թեթև ճանաչողական (կոգնիտիվ) խանգարումներով մարդկանց բուժման մեջ գինկգոյի օգտակարության վարկածին:
  • Կլաուդիկացիա. մի ամփոփիչ ակնարկ ցույց է տալիս, որ գինկգո ընդունելը էական օգուտներ չունի այս վիճակն ունեցող մարդկանց համար:

Հիշողության բարելավման վրա գինկգոյի ազդեցության վերաբերյալ տվյալները հակասական են: Թեև որոշ տվյալներ ցույց են տալիս, որ գինկգոյի էքստրակտը կարող է քիչ բարելավել հիշողությունը առողջ չափահասների մոտ, ուսումնասիրությունների մեծ մասն, այնուամենայնիվ, վկայում է, որ գինկգոն չի բարելավում հիշողությունը, ուշադրությունը կամ գլխուղեղի գործունեությունը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Բերանային (օրալ) և չափավոր քանակությամբ օգտագործելիս գինկգոն անվտանգ է առողջ չափահասների համար:

Գինկգոն կարող է առաջացնել՝

  • գլխացավ
  • գլխապտույտ
  • սրտխփոց
  • ստամոքսի խանգարում
  • փորկապություն
  • մաշկային ալերգիկ ռեակցիաներ:

Մի' կերեք հում կամ բոված գինկգոյի սերմեր, որոնք կարող են թունավոր լինել:

Եթե ​​էպիլեպտիկ եք կամ հակված եք ցնցումների, խուսափեք գինկգոյից: Գինկգոտոքսինի մեծ քանակությունը կարող է ցնցում առաջացնել: Գինկգոտոքսինը հայտնաբերվում է գինկոյի սերմերում և, ավելի քիչ, տերևներում:

Եթե ունեք մեծ տարիք, արյունահոսության խանգարում կամ հղի եք, մի՛ ընդունեք գինկգո: Հավելումը կարող է մեծացնել ձեր արյունահոսության վտանգը: Եթե ​​պատրաստվում եք վիրահատվել, դադարեցրեք գինկգո ընդունելը նախատեսված վիրահատության օրվանից երկու շաբաթ առաջ:

Գինկգոն կարող է խանգարել շաքարային դիաբետի վերահսկմանը: Եթե ​​գինկգո եք ընդունում և ունեք դիաբետ, ավելի ուշադիր հետևեք ձեր արյան շաքարի մակարդակին:

Որոշ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ գինկգո տրվող կրծողների մոտ աճում է լյարդի և վահանաձև գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Փոխազդեցություններ

  • Ալպրազոլամ (Քսանաքս). գինկգոյի ընդունումը այս դեղամիջոցի հետ, որն օգտագործվում է տագնապային ախտանիշները վերացնելու համար, կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը:
  • Հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) և հակաթրոմբոցիտային (անտիագրեգանտ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ․ այս տեսակի դեղամիջոցները, դեղաբույսերը և հավելումները թուլացնում են արյան մակարդումը: Գինկգոյի հետ դրանց զուգակցելը կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը:
  • Հակացնցումային միջոցներ (անտիկոնվուլսանտներ) և ցնցումների շեմն իջեցնող դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ․ գինկգոտոքսինի մեծ քանակությունը կարող է ցնցում առաջացնել: Գինկգոտոքսինը հայտնաբերվում է գինկգոյի սերմերում և, ավելի քիչ, գինկգոյի տերևներում: Հնարավոր է, որ գինկգո օգտագործելը կարող է նվազեցնել հակացնցումային դեղամիջոցի արդյունավետությունը:
  • Հակադեպրեսանտներ. գինկգոյի ընդունումը որոշ հակադեպրեսանտների հետ, ինչպիսիք են Ֆլուոքսետինը (Պրոզակ, Սարաֆեն) և Իմիպրամինը (Տոֆրանիլ), կարող է նվազեցնել դրանց արդյունավետությունը:
  • Որոշ ստատիններ. գինկգոյի ընդունումը Սիմվաստատինի հետ (Զոկոր) կարող է թուլացնել դեղամիջոցի ազդեցությունը: Գինկգոն նաև թուլացնում է Ատորվաստատինի (Լիպիտոր) ազդեցությունը:
  • Դիաբետի դեղամիջոցներ. գինկգոն կարող է փոխել ձեր օրգանիզմի պատասխանն այս դեղամիջոցներին:
  • Իբուպրոֆեն. հնարավոր է, որ գինկգոյի զուգակցումը Իբուպրոֆենի հետ (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Ամփոփում

Թեև գինկգոն անվտանգ է չափավոր քանակությամբ, հետազոտությունները չեն աջակցում հավելումների օգտագործմանը դեմենցիայի կամ կոգնիտիվ խանգարումները կանխելու կամ դանդաղեցնելու համար: Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու, թե ինչ դեր կարող է ունենալ գինկգոն գլխուղեղի գործառույթներին օգնելու և այլ հիվանդությունների բուժման գործում:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-12-2023
Վերջին վերանայում՝ 02-12-2023