Ընդհանուր նկարագրություն
Գլյուկոզամինը բնական միացություն է, որը հայտնաբերվում է աճառներում՝ պինդ հյուսվածք, որը պաշտպանում է հոդերը:
Որպես հավելում օգտագործվող գլյուկոզամինը ստացվում է խեցեմորթների կեղևներից կամ պատրաստվում է լաբորատորիայում: Գոյություն ունեն գլյուկոզամինի մի քանի ձևեր՝ գլյուկոզամինի սուլֆատ, գլյուկոզամինի հիդրոքլորիդ և N-ացետիլ գլյուկոզամին: Այս հավելումները չեն համարվում մեկը մյուսին փոխարինող:
Մարդիկ օգտագործում են բերանային (օրալ) գլյուկոզամինի սուլֆատ բորբոքման, քայքայման և աճառի վերջնական կորստի հետևանքով առաջացած ցավոտ վիճակը բուժելու համար (օստեոարթրիտ):
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Որոշակի վիճակների համար գլյուկոզամինի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:
- Օստեոարթրիտ. գլյուկոզամինի սուլֆատի բերանային (օրալ) օգտագործումը կարող է որոշակի ցավազրկում ապահովել ծնկի օստեոարթրիտ ունեցող մարդկանց: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն նաև կարող է օգնել օստեոարթրիտի հետ կապված ծնկահոդերի դեգեներացիայի դանդաղեցմանը: Ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ ազդրի, ողնաշարի կամ ձեռքի օստեոարթրիտի դեպքում գլյուկոզամինի սուլֆատի հավելումների օգուտները գնահատելու համար:
- Ռևմատոիդ արթրիտ. վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ գլյուկոզամինի հիդրոքլորիդի բերանային (օրալ) օգտագործումը կարող է նվազեցնել ռևմատոիդ արթրիտի հետ կապված ցավը: Այնուամենայնիվ, հետազոտողները չեն արձանագրել բորբոքման բարելավում կամ ցավոտ կամ այտուցված հոդերի քանակի քչացում:
Գլյուկոզամինի օգտագործումը դիտարկելիս ուշադիր կարդացեք ապրանքի պիտակները՝ համոզվելու, որ ընտրել եք ճիշտ ձևը: Ավելի քիչ կլինիկական տվյալներ կան օստեոարթրիտի բուժման մեջ N-ացետիլ գլյուկոզամինի օգտագործման վերաբերյալ, և դրա առավելությունները հաստատելու համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Համապատասխան քանակներով ընդունելիս գլյուկոզամինի սուլֆատը համարվում է անվտանգ: Գլյուկոզամինի սուլֆատի բերանային (օրալ) օգտագործումը կարող է առաջացնել՝
- սրտխառնոց
- այրոցք
- փորլուծություն
- փորկապություն:
Այլ կողմնակի ազդեցություններից են՝
- քնկոտություն
- մաշկային ռեակցիաներ
- գլխացավ:
Գլյուկոզամինային արտադրանքը կարող է ստացվել խեցեմորթների կեղևներից, ուստի մտահոգություն կա, որ հավելումը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել խեցեմորթների նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ:
Գլյուկոզամինը կարող է վատթարացնել ասթման:
Որոշակի մտահոգություններ կան, որ գլյուկոզամինը կարող է բարձրացնել աչքի (ներակնային) ճնշումը: Եթե ունեք գլաուկոմա, խոսեք ձեր բժշկի հետ նախքան գլյուկոզամինային հավելումներ ընդունելը:
Փոխազդեցություններ
Հնարավոր փոխազդեցությունները ներառում են հետևյալը:
- Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն). գլյուկոզամին սուլֆատի և Ացետամինոֆենի միասին ընդունելը կարող է նվազեցնել ինչպես հավելումի, այնպես էլ դեղամիջոցի արդյունավետությունը:
- Վարֆարին (Յանտովեն). գլյուկոզամինն առանձին կամ խոնդրոիտին հավելումի հետ կարող է մեծացնել հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) Վարֆարինի ազդեցությունները: Սա կարող է մեծացնել ձեր արյունահոսելու ռիսկը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
Գլյուկոզամինի սուլֆատը կարող է որոշակի ցավազրկում ապահովել օստեոարթրիտով մարդկանց: Հավելումը համարվում է անվտանգ և կարող է օգտակար տարբերակ դառնալ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող օգտագործել ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ-ներ): Թեև առկա տվյալները հակասական են, նման իրավիճակներում կարելի է փորձել գլյուկոզամինի սուլֆատի օգտակար ազդեցությունը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 24-01-2024